Երեւանում տեղի է ունեցել բրազիլական «Նոել Ռոզա` վիլլայի եւ ժողովրդի բանաստեղծը» ֆիլմի ցուցադրություն

Հայաստանի ֆրանսիական համալսարանում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել բրազիլական հայտնի ռեժիսոր Դասիո Մալթայի երաժշտա-փաստագրական Նոել Ռոզա` վիլլայի եւ ժողովրդի բանաստեղծը» ֆիլմի ցուցադրությունը: Բուհի ուսանողների համար հետաքրքիր միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը:

Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյի խոսքով, հայտնի է, որ ֆրանսիական մշակույթը իր երկրի մշակույթում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել:  «Մեզ համար շատ կարեւոր է հնարավորություն ունենալ ցուցադրելու երաժշտա-փաստագրական ֆիլմ, որը կամրապնդի կապը ֆրանսիական հասարակության հետ: Երաժշտությունը Բրազիլիայում մեծ դեր է խաղում, ես գիտեմ, որ Հայաստանում եւս երաժշտական լավ ավանդույթներ կան», – նշել է դիվանագետը: Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտենեյրոն հատուկ շնորհակալություն է հայտնել իր հին ընկերոջը` ֆիլմի ռեժիսոր Բասիո Մալտեին, որը Բրազիլիայից Հայաստան է եկել հատուկ ֆիլմի ցուցադրության համար: «Դա նաեւ Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար ֆրանսերենի գիտելիքները զարգացնելու շատ լավ առիթ է. ֆիլմի ենթագրերը ֆրանսերեն են», – հավելել է դեսպանը:

Ինքը` ռեժիսոր Դասիո Մալտան, ընդգծել է, որ ֆիլմը նկարահանվել է կոմպոզիտոր Նոել Ռոզայի 100-ամյակի առիթով,  «Բրազիլիա» հեռուստաընկերության պատվերով: «Դժվարությունն այն էր, որ մենք ստիպված էինք հետազոտել բոլոր արխիվները, որովհետեւ նա մահացել է 26 տարեկանում: Բրազիլիայում մինչեւ հիմա հիանում են Նոել Ռոզայով: Ընդամենը  26 տարեկանում նա այնպիսի ստեղծագործական ժառանգություն է թողել, որպիսին չի հաջողվում ստեղծել նույնիսկ 90-ամյա կոմպոզիտորներին», – հավելել է բրազիլացի ռեժիսորը:

«Նոել Ռոզա. Վիլլայի եւ ժողովրդի բանաստեղծը» ֆիլմը պատմում է կոմպոզիտոր Նոելի ստեղծագործական կյանքի մասին, որն ընդամենը  26 տարի է ապրել եւ մահացել է թոքաբորբից:  Սակայն նման կարճ ժամանակահատվածում հասցրել է 227 երաժշտական գործ ստեղծել, որոնց մեծամասնությունն իրենից սամբայի երաժշտություն է ներկայացնում: Նրա ստեղծագործություններից որոշները հետագայում իսկական երաժշտական գլուխգործոցներ են դարձել:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երեւանում տեղի է ունեցել բրազիլական «Նոել Ռոզա` վիլլայի եւ ժողովրդի բանաստեղծը» ֆիլմի ցուցադրություն”

Leave a Reply

Your email address will not be published.