Երեւանում կայացել է «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի բացման համերգը

Երեւանում կայացել է «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի բացման համերգը: Փառատոնն այս տարի նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Այն կազմակերպվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո` «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր գործընկերն է: Ընդհանուր առմամբ, միջոցառման կազմակերպման համար 2007-2015 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 99.300.00 ՀՀ դրամ:

Մեկամյա դադարից հետո երեւանյան համերգասրահների դռները կրկին կբացվեն աշխարհասփյուռ տաղանդաշատ հայ երաժիշտների եւ նրանց օտարազգի գործընկերների առջեւ: Փառատոնը բաղկացած կլինի հինգ համերգից` հագեցած պրեմիերաներով, երաժշտախմբերի նոր կազմերով: Փառատոնի շրջանակում հայ ունկնդրին առաջին անգամ կներկայանա «Վերադարձ» կվինտետը` կազմված տարբեր երկրներ եւ ազգություններ ներկայացող երաժիշտներից:

«Աշխարհի լավագույն դահլիճներում հանդես եկող եւ դասական երաժշտության ոլորտում մեծ հեղինակություն վայելող հայազգի երաժիշտները, որոնք եկել են մասնակցելու փառատոնին, եւս մեկ անգամ ապացուցում են, որ մենք` հայերս, արարող, ստեղծագործող, շնորհալի ազգ ենք` ուր էլ որ ճակատագրի բերումով լինենք: «Վերադարձի» փառատոնը կարեւոր դեր ունի աշխարհով մեկ սփռված տաղանդաշատ հայ երաժիշտներին մեկ հարկի տակ համախմբելու գործում: Ուրախ եմ, որ արդեն 8-րդ տարին կազմակերպիչների կողքին լինելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր մասնակցությունն ունի փառատոնի կայացման, զարգացման եւ առաջընթացի գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2007-ին հիմնադրված փառատոնը ամեն տարի աշնանային համերգաշրջանի ընթացքում իր հարկի տակ է մեկտեղում ուսման, աշխատանքի եւ ստեղծագործական կատարելագործման նպատակով Հայաստանից մեկնած եւ աշխարհի խոշորագույն երաժշտական կենտրոններում ապրող եւ ստեղծագործող մեր հայրենակիցներին, սփյուռքահայ տաղանդաշատ երաժիշտներին, ովքեր փառատոնի շնորհիվ հնարավորություն են ստանում պահպանելու կապը hայրենիքի հետ, հայ հանդիսատեսին ներկայանալու ստեղծագործական եւ կատարողական արվեստի իրենց վերջին ձեռքբերումներով:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երեւանում կայացել է «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի բացման համերգը”

Leave a Reply

Your email address will not be published.