Երեւանում երիտասարդ արվեստագետների ցուցահանդես է բացվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի բաժինների ուսանողների աշխատանքներին: «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթով մեկնարկում է երիտասարդական տոներին (նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը) նվիրված միջոցառումների շարքը:

Վարչապետը բարձր է գնահատել ցուցահանդեսին ներկայացված երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները եւ մասնագիտական հմտությունները: Ողջունելով ցուցահանդես-մրցույթի անցկացումը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը երիտասարդների կողքին է, շարունակելու է աջակցել տաղանդավոր երիտասարդների կրթության ապահովմանը եւ մասնագիտական զարգացմանը:

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին երիտասարդ ստեղծագործողների կողքին լինելու, նրանց աջակցելու եւ խրախուսելու, ինչպես նաեւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դահլիճի վերակառուցման հարցում աջակցելու համար:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ իր հերթին նշել է, որ ամենամյա այս ցուցահանդեսն առանձնահատուկ տեղ ունի երիտասարդական միջոցառումներում եւ արդեն պրոֆեսիոնալ բնույթ է կրում։ Նա ընդգծել է, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս բացահայտել, ինչպես նաեւ ավելի ճանաչելի դարձնել տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողներին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երեւանում երիտասարդ արվեստագետների ցուցահանդես է բացվել”

Leave a Reply

Your email address will not be published.