Երեկոյան ընթերցումներ՝ Հարուստի ու աղքատի հանդիպումը (առակ)

Մի աղքատ մարդ մոտենում է միլիարդատերին ու հարցնում.
-Որտե՞ղ է հաջողության ճանապարհը, ես նույնպես ցանկանում եմ հարուստ լինել:
Հարուստը նախ զարմանում է նման հարցից, այնուհետև մատով ցույց տալիս, թե որտեղ է գտնվում հաջողությունը:
Ոգևորված այն մտքից, որ արդեն հաջողության ու հարստության ճանապարհը կա, պետք է ուղղակի գնալ այդ ուղղությամբ, աղքատը ճանապարհ է ընկնում: Բայց… ճանապարհը շատ մացառոտ, քարքարոտ էր, լիքը ճահճուտնaեր կային: Աղքատը մտածում է, որ միգուցե ճանապարհը սխալ է և վերադառնում է կրկին հարուստի մոտ:
-Որտե՞ղ է հաջողության ճանապարհը, -կրկնեց նա: Իսկ հարուստը մատով կրկին ցույց է տալիս նույն ճանապարհը:
Աղքատը կրկին նույն ճանապարհով շարունակում է քայլել, այս անգամ արդեն մի կերպ անցնում է ճահճուտը, մացառուտը, բայց ընկնում է խոր փոսի մեջ, երկար է տանջվում, մի կերպ դուրս է գալիս, հասնում է լեռների ու փորձում է բարձրանալ: Սակայն սայթաքում է, ընկնում գետնին ու արյունոտ ոտքերով նյարդայնացած որոշում է կրկին գնալ ու բողոքել հարուստին:
-Ես քեզ ասացի հաջողության ճանապարհը, իսկ դու ինձ ուղարկեցիր ով գիտի ուր, -նյարդայնացած ասում է աղքատը, -ես գնացի այն նույն ճանապարհով, որը դու ցույց էիր տվել: Բայց տեսնում ես վիճակս: Սա՞ է հաջողությունը:
Հարուստը մինչև վերջ լսեց բողոքները ու պատասխանեց.
-Հաջողությունն իսկապես գտնվում է այդ ուղղությամբ, ուղղակի մի քիչ հեռու էր այն լեռան մոտից, որին դու արդեն հասել էիր:
Շատերն ուղղակի չեն էլ հասկանում, թե ինչքան մոտ են այդ բաղձալի հաղթանակին այն պահին, երբ հանձնվում են:

Տարածել`
Share

You may also like...