Երգչուհի Լեոնորան բուլղարական մրցույթում իր հաղթանակը Կոմիտասի հաղթանակն է համարում

«Sofia Grand Prix-2015» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած գյումրեցի երգչուհի Լեոնորան՝ Արևիկ Թանաշեանն, արժանացավ Գյումրու քաղաքապետի պատվոգրին:

Հոկտեմբերի 1-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց և շնորհավորեց երգչուհուն՝ միաժամանակ հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում:

Սամվել Բալասանյանը շնորհակալագիր հանձնեց նաև երգչուհու ամուսնուն՝ Վիգեն Թանաշեանին, ով նաև  երգչուհու պրոդյուսերն է և «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախագահ՝ Արման Ղուկասյանին: Երգչուհուն այս մրցույթին ներկայացրել է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն:

Ներկայացնելով իր տպավորությունները մրցույթից՝ Լեոնորան նշեց,  որ սա միայն իր հաղթանակը չէ, այլ իր քաղաքի ու իր երկրի հաղթանակը, որը ձեռք բերվեց կոմիտասյան հնչյունների ներքո: «Կոմիտասն իմ պարծանք է, իսկ «Կռունկ»-ը՝ հայի վիշտն ու ցավն է: Կոմիտասը պարտադիր է իմ երգացանկի մեջ: Այս հաղթանակը նախ և առաջ Կոմիտասի հաղթանակն է»,- նշեց երգչուհին:

Կոմիտասի «Կռունկ»-ը, Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած երկրում հնչեցնելը Վիգեն Թանաշեանը դրան նպաստող մի յուրօրինակ քայլ համարեց՝ Ցեղասպանության ճանաչման կոչ՝ մշակույթի միջոցով: ««Կռունկ»-ը պատահական չէր ընտրված: Մենք ցանկացանք, որ այն հնչի այն երկրի բեմից, որը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը: Մենք քաղաքականությամբ չմոտեցանք այս հարցին, այլ մեր մեծության՝ Կոմիտասի միջոցով»,- նշեց Վիգեն Թանաշեանը:

«Sofia Grand Prix-2015» միջազգային մրցույթում գրան-պրի մրցանակին  է արժանացել Հայաստանը ներկայացնող երգչուհի Լեոնորան: Սեպտեմբերի 13-17-ը  կայացած մրցույթին  18-ից բարձր տարիքային խմբի դասական երգեցողություն  անվանակարգում,  եռագույնի ներքո, հանդես է եկել  ծնունդով գյումրեցի լիրիկ սոպրանո Լեոնորան: Որպես մրցույթին մասնակցելու պարտադիր պայման, յուրաքանչյուր մասնակից պետք  է ներկայանար երկու կատարմամբ, որից մեկը պետք է լիներ երգչի հայրենի երկրի կոմպոզիտորի ստեղծագործություն, մյուսը՝ օտար:  Հայ երգչուհին ներկայացրեց Կոմիտասի «Կռունկ» և  Լուիջի Արդիտի «Il Bacio» (Համբոյւր) ստեղծագործությունները:

Տարածել`
Share

You may also like...