«Երբեմն, երբ ոչինչ չի լինում անելու, վերցնում եմ տիկնիկներս ու խաղացնում, որ ուրախացնեմ կողքիններիս, և, որ ցույց տամ, թե ինչպես են տիկնիկներն աշխատում: Ստացվեց այնպես, որ մի օր, երբ տիկնիկով էի խաղում՝ Վերնիսաժով զբոսաշրջիկների խումբ էր անցնում, ու հանկարծ մի կին բղավեց՝ իտալերենով անընդհատ կրկնելով՝ «Աստվա´ծ իմ, այդ ե´ս եմ»: Անկեղծ ասած, ես սկզբում ոչինչ չհասկացա և փորձեցի բացատրել, թե ինչպես է տիկնիկն աշխատում: Այդ ժամանակ թարգմանիչը բացատրեց ինձ՝ կինն ասում է, որ տիկնիկն իրեն է նման… Եվ իրոք, իմ պատրաստած տիկնիկը շատ նման էր այդ անծանոթ իտալուհուն: Հետո պարզվեց, որ նա Իտալիայում թատրոնի հայտնի դերասանուհի Թերեզա Տենտորին (Tereza Tentori) է: Հետագայում մենք բավականին մտերմացանք, և նա հիմա ներկայացումներ խաղալիս իր անունից այդ տիկնիկով է հանդես գալիս»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկնիկագործ Ալլա Սարգսյանը:

Մասնագիտությամբ ծրագրավորող Ալլա Սարգսյանը Վերնիսաժի ամենահետաքրքիր տիկնիկագործներից է: Ասում են՝ ինչ-որ բանի վերջը միշտ էլ նորի սկիզբն է: Առաջին տիկնիկը որ պատրաստեց՝ մատը ցցած, գլուխը կապած` ծանր հայացքով տիկնիկ էր, և դրանից էլ սկսվեց ամեն ինչ:

Ինչպե՞ս ստացվեց, որ ծրագրավորող Ալլան դարձավ տիկնիկագործ:

– Աշխատանք էի փնտրում և իմ մասնագիտությամբ աշխատանք չէի գտնում, այդ ժամանակ մի կողմ դրեցի ամբիցիաներս և փորձեցի ինչ-որ բան անել: Մի պահ կար, որ ինձ թվում էր՝ ուզում եմ նկարել, ասում էի, եթե հենց հիմա ինձ նկարչական պարագաներ տան՝ ես կսկսեմ ստեղծագործել: Հետո սկսեցի անձեռոցիկների օղակներ պատրաստել, տարբեր աշխատանքներ փորձեցի և հետո միայն սկսեցի տիկնիկներ պատրաստել:

Կպատմե՞ք ձեր առաջին տիկնիկի մասին:

Առաջին տիկնիկս չեմ վաճառել, մինչև հիմա կախված է արհեստանոցում: Երբ որոշեցի տիկնիկներ պատրաստել՝ պտտվեցի Վերնիսաժով, որ տեսնեմ՝ ինչ կա: Տեսա, որ այն ամենը, ինչ տեսնում եմ՝ ինձ չի գոհացնում: Հետո մտածեցի, թե ինչ կուզենայի գնել, եթե ինքս զբոսաշրջիկ լինեի, հատկապես, որ այդ ժամանակ նոր էի վերադարձել Ռուսաստանից: Պատրաստածս առաջին տիկնիկը մատը ցցած` ծանր հայացքով խաղալիք էր. միգուցե դա էլ ինչ-որ նշանակություն ուներ:

alla-sargsyan-1

– Որքա՞ն ժամանակ է տևում տիկնիկ պատրաստելը, կա՞պ ունի ձեր տրամադրությունը:

Եթե տրամադրություն չունենամ՝ չեմ պատրաստի, եթե զգում եմ, որ ինչ որ ուզում եմ չի ստացվում, կամ կարող է ավելի վատացնեմ, որոշում եմ, որ այդ օրը չեմ աշխատում և չեմ շարունակում: Օրինակ, ինչպե՞ս է երեխան խաղալիքի հետ հավեսով խաղում, ես էլ պետք է հավեսով, խաղալով անեմ: Իմ վատ տրամադրությունը, վատ էներգետիկան չպետք է անցնի տիկնիկին, քանի որ տիկնիկի հետ նաև հիշողություններ են փոխանցվում: Որպես այդպիսին, տիկնիկի պատրաստման կոնկրետ ժամանակ չկա, քանի որ շատ գործոններից է կախված:

Որքա՞ն է կազմում մեկ տիկնիկի արժեքը:

– Քանի որ ձեռքի աշխատանքը բավական աշխատատար է, տիկնիկների արժեքը սկսվում է 5000 դրամից և կարող է հասնել մինչև 60 000 դրամի: Տիկնիկի արժեքը կախված է նաև գնորդի ցանկությունից. երբեմն գնորդն է որոշում` ինչ կտորից լինի տիկնիկի զգեստը կամ լրացուցիչ աքսեսուարներ:

– Ի՞նչ նյութեր եք օգտագործում տիկնիկներ պատրաստելիս:

Տիկնիկը պատրաստվում է տարբեր կտորներից, թելերից: Ամենահետաքրքիր հատվածը աչքերը պատրաստելն է. դրանք հիմնականում պատրաստում եմ ուլունքներից, բայց մեծ տիկնիկներինը`պլաստիկայից: Մի անգամ նույնիսկ աչքերի փոխարեն՝ սալորի կորիզ եմ դրել, հետո՝ ներկել, ու բավական լավ էր ստացվել: Շատ ժամանակ պատրաստում եմ տիկնիկը, հետո մոռանում եմ, թե ինչպես եմ պատրաստել այն. ասում եմ՝ աչքերս մոռանում են, բայց ձեռքերս աշխատում են: Ավելի շատ ժամանակ եմ ծախսում մանրուքների վրա, օրինակ`Քաջ Նազարի ոտքերն ավելի երկար ու մանրակրկիտ եմ պատրաստել, քան դեմքը: Զգեստները պատրաստելիս` ազգային զգեստները հատուկ ներկերով նկարում եմ: Տիկնիկը պետք է արտացոլի ոչ միայն զգեստը, այլ նաև կերպարի բնավորությունը: Նույնիսկ մաշված հագուստ պատրաստելու համար շատ ժամանակ է ծախսվում, քանի որ ուղղակի մաշված կտոր չեմ վերցնում, այլ դարձնում եմ այն հնամաշ` կարկատում, մաշում, կամ, օրինակ, այրված հատվածներ անում:

alla-sargsyan-3

Գնորդները հիմնականում հայե՞ր են, թե՞ արտասահմանցիներ:

Նախկինում ավելի շատ ռուսներն էին գնում, բայց հիմա բավականին մեծ քանակությամբ գնում են նաև տեղացի հայերը, որոնք միգուցե և կապ ունեն արվեստի հետ:

Համագործակցո՛ւմ եք Երևանի պետական տիկնիկային թատրոնի հետ:

– Ես, որպես հյուր, շատ անգամներ եմ եղել Տիկնիկային թատրոնում, ուսումնասիրել իրենց պատրաստած տիկնիկները, բայց Տիկնիկային թատրոնն ունի իր վարպետները, և համագործակցություն չկա:

alla-sargsyan-2

– Հայտնի մարդկանցից ինչ-որ մեկի կերպարով տիկնիկ պատրաստե՞լ եք:

Ոչ, քանի որ իմ նպատակը ցուցահանդեսներին մասնակցելը չէ, որպեսզի տիկնիկը աչքի ընկնի և երկար ժամանակ մնա: Հայտնի մարդու նմանությամբ տիկնիկ պատրաստելը բավականին աշխատատար է, իսկ այդ դեպքում իմ աշխատանքը կտուժի, քանի որ ես չեմ կարող ամեն ինչ թողնել և կենտրոնանալ դրա վրա:

– Կցանկանայի՞ք աշխատել Ձեր մասնագիտությամբ` որպես ծրագրավորող, և թողնել տիկնիկագործությունը:

Ես իմ մասնագիտությունը չեմ մոռանում, երբեմն իմ առաջ խնդիր եմ դնում ծրագրեր գրել, բայց հիմա ավելի շատ իմ հոբբին է դարձել մասնագիտություն:

Երբևէ մտածե՞լ եք, որ միգուցե տիկնիկները ձեզանից հետո կենդանանում են` շնչում, խոսում, և առհասարակ հավատո՞ւմ եք հեքիաթների:

alla-sargsyan-5

– Այդպիսի մտքեր չեն եղել, բայց հաճախակի, երբ առավոտյան արկղից հանում եմ տիկնիկները, դրանց տեղերը տարօրինակ ձևով փոփոխված են լինում: Ես հեքիաթներ շատ եմ սիրում. մի հետաքրքիր դեպք էր պատահել` Քաջ Նազարի կերպարն էի պատրաստել և ներկայացրել Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ցուցահանդեսին. տիկնիկը շատերի մոտ մեծ հետաքրքրություն էր առաջացրել, և դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ Վերնիսաժում փորձնական երկաթից տաղավար դրեցին, և ստացվեց այնպես, որ միայն ինձ մոտ այդ տաղավարը դրեցին: Բոլորը զարմանում էին, հարցնում, թե ինչպե՞ս դա պատահեց, ես էլ ասացի, որ ամեն ինչում Քաջ Նազարն է մեղավոր, չգիտեմ՝այնտեղ ինչեր է ասել (ծիծաղում է.- Շ.Ս.):

Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան