Երբեք ոչ մեկի ճախրանքը մի ընդհատեք

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը Hetq.am-ի հետ զրույցում հիշում է, թե ինչպես մեքենայով գնալիս տղաներից մեկն օդում արծիվ է տեսել և ցանկացել կրակել: Լեոնիդը զենքն իջեցրել է և ասել` երբեք ոչ մեկի ճախրանքը մի ընդհատեք, առավել ևս, որ այդ թռչունը նաև Հայաստանի զինանշանի վրա է:

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը ծննդյան օրն է։

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում: Սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և ստացել է ռադիոֆիզիկոսի մասնագիտություն։

Աշխատել է  Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «Էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնում՝ զբաղեցնելով վարիչի պաշտոններ։

Պատերազմի տարիների Ազգալդյանը, թողնելով իր մասնագիտական գործունեությունը,  մասնակցել  է Արցախի ազատամարտին՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին, նա Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը և մինչև իր կյանքի վերջ եղել է կազմակերպության գլխավոր հրամանատարը։

1992 թվականի հունիսի 21-ին Ազգալդյանը հակառակորդի կրակոցից զոհվել է Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

 

Նյութը հրապարակվեց առանց խմբագրման

Աղբյուրը՝  armedia.am

Տարածել`
Share

You may also like...