Երաժշտական գործիքներն՝ ափի մեջ

Հայաստանի նկարիչների միությունում բացված «Արտֆեստ-2016» միջազգային երիտասարդական բաց փառատոնի կերպարվեստի մրցանակակիրների աշխատանքների կողքին ցուցադրվում են նաև ՀՀ ՄՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալեր Նազարեթյանի ստեղծագործությունները։

Ներկայացված է ափի մեջ տեղավորվող գործիքների նրա ուշագրավ հավաքածուն. «Ակորդեոն», «Դուդուկ», «Ռոյալ», «Սինթեզատոր», «Կիթառ», «Հարվածային գործիքներ»։ Ստվարաթղթե երաժշտական գործիքները թեև չափսերով բազմապատիկ փոքր են, սակայն ունեն ճշգրիտ ձայնային հնարավորություններ։ Այս ցուցահանդեսին Վալեր Նազարեթյանն առաջին անգամ ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ «Մորս հուշերը». «Մայրս պատմում էր, թե ինչպես է մանուկ ժամանակ բարձրացել աթոռին ու թաթերի վրա ձգվել, որպեսզի տեսնի, թե ինչպես է աշխատում այն ձայնարկիչը, որով հայրը հաճախ լսում էր Լուսիկ Քոշյանին։ Հենց այդ տեսարանն եմ պատկերել ստվարաթղթե քանդակի միջոցով» ։

Գյումրեցի արհեստավորներից սերող Վալեր Նազարեթյանի՝ափի մեջ տեղավորվող երաժշտական գործիքներ ստեղծելու շնորհքը շատերը համարում են աստվածատուր: Ինքը՝ «կենդանի» մանրակերտների հեղինակը, խոստովանում է, որ առանց այդ փոքրիկ «արարածների» իր համար կյանքն անգույն կլիներ։

 

Աղբյուրը՝ ՀՀ Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջ

Տարածել`
Share

You may also like...