Երաժշտական այբուբենը մատուցվում է ժամանակակից շնչով. Հայկ Մարկոսյան

Լեզուն, կրոնն ու մշակույթն այն հիմնական բաղադրիչներն են, որոնցով ազգերը միմյանցից տարբերվում են, իսկ հատկապես  երգարվեստը մշակույթում իր ուրույն տեղն ունի ազգի պահպանման առումով։ Խոսելով «Հայկական ազգային երաժշտական գանձարանը» նախագծի կարևորության մասին՝ Tert.am–ի հետ զրույցում ասաց ծրագրի տեղեկատվական քաղաքականության պլանավորման և իրականացման աշխատանքային խմբի ղեկավար, նախագծի PR մենեջեր Հայկ Մարկոսյանը:

«Այն անմիջականորեն ներկայացնում է ազգի տեսակը, երգերի միջոցով են մեզ հասել մեր պապերի առօրյայի մասին պատկերացումները, նրանցով են ձևավորվում ու փոխանցվում մեր ավանդույթներն ու ի վերջո, մեր երեխաները դեռևս օրորոցում երգերի ուղեկցությամբ են դաստիարակվում»,- ասաց նա։

Այս գլոբալիզացիոն աշխարհում տեղեկատվական տարաբնույթ  առատ հոսքում ազգային մշակույթի պահպանումն ու տարածումը մտահոգություններից մեկը դարձավ: Հայկական մշակույթը փրկելու համար ծնվեց ու իրականություն դարձավ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի առաջին նախագիծը՝ «Հայկական ազգային երաժշտական գանձարանը»:

Նախագիծն արդեն հասցրել է ձայնագրել ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող 500-ից ավելի նմուշներ: Այս նախագծի շնորհիվ հետայսու հայկական երաժշտական այբուբենը կմատուցվի ժամանակակից շնչով հասանելի բոլորին: Այն ինչ եղել ու երգվել է տարիներ առաջ, այն մշակույթը, որի կրողն ենք մենք մեր ներսում, որով սնվել ու ձևավորվել են մեր պապերի սերունդները, մոռացության էր մատնվել. Նրանց փոխարինման էին եկել նոր ու ժամանակակից շնչով երգեր, ստեղծագործություններ և այս դաշտում հնի ու նորի անջրպետ էր գոյացել:

Նախագծի PR մենեջեր Հայկ Մարկոսյանի խոսքով՝ այս անջրպետն արդեն ժամանակն էր լցնելու, բայց լցնելու մեր ազգային, հոգևոր երաժշտությամբ: «Ծրագիրը կյանքի կոչելուց առաջ նախ պետք էր հասկանալ առկա բացերը այս ոլորտում և փորձել լուծման արդյունավետ ուղիներ մշակել: Մեր աշխատանքը ճիշտ ու համակարգված կազմակերպելու համար անհրաժեշտ էր լայնածավալ ուսումնասիրություն իրականացնել. նախ բավական երկար ուսումնասիրել ենք համացանցային տեղեկատվությունը բոլոր հարթակներում՝ տեղեկատվական, տեսապատկերային, պաշտոնական, սոցիալական: Երբ արդեն ունեինք ուսումնասիրության արդյունքները ամեն ինչ շատ ավելի պատկերային էր, արդեն գիտեինք մեր գործողությունների հաջորդականությունը: Արդյունքում այսօր մենք համացանց ենք մուտք անում մի քանի հազար հոդված, նյութ, տեղեկատվություն, որը կլրացնի այն բացը, որը նկատել էինք»,- նշեց Հայկ Մարկոսյանը, հավելելով, որ ծրագրի նպատակներին հասնելու համար համագործակցել և շարունակում են համագործակցել բոլոր այն կառույցների հետ, ում միջոցով կարող են լրացնել պաշտոնական տեղեկատվության պակասը, որն ակնհայտ է:

Անդրադառնալով ուսումնասիրություններին՝ նախագծի PR մենեջերը հատկապես ընդգծեց Youtube.com կայքում ներբեռնված տեսաշարերի հետազոտության արդյունքները, որը բավական մտահոգիչ էր. «Մինչ նախագիծն սկսելը վերլուծել ենք վերջին մեկ տարվա ընթացքում youtube.com կայք ներբեռնված հայկական ազգային, հոգևոր (եկեղեցական), ժողովրդական երաժշտական ուղղվածությամբ տեսանյութերը. Զարմանալի էր, որ ազգային երաժշտությունն ընդամենը 16% էր կազմում»:

Սակայն «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ամենակարևոր կետերից մեկը պաշտոնական կայքի հիմնումն էր։ «Կայքում տեղադրված է թե′ նախագծի մասին տեղեկատվությունը, թե′ երգերի, երաժշտության հետ կապված ամբողջ ինֆորմացիան և հենց այս կայքն էլ ինքնին պաշտոնական տեղեկատվության կրողն ու տարածողն է»,– նշեց Հայկ Մարկոսյանը, հավելելով՝ բավական մեծ աշխատանք, իհարկե, կատարվել է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երաժշտական այբուբենը մատուցվում է ժամանակակից շնչով. Հայկ Մարկոսյան”

Leave a Reply

Your email address will not be published.