«Եվրատեսիլի» կազմակերպիչը կքննարկի մրցույթի արդյունքների վերանայման մասին խնդրագիրը

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչն ու սեփականատերն է, պատրաստ է քննարկել change.org կայքում տեղադրված խնդրագիրը, որը կոչ է անում վերանայել Ստոկհոլմում անցկացված մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք գիտենք խնդրագրի մասին, և հարցը կքննարկվի այսօր։ EBU-ի պատասխանը կհրապարակվի ավելի ուշ»,- հայտարարել է EBU-ի մամուլի քարտուղար Փոլ Ջորդանը:

Այնուամենայնիվ, նա քիչ հավանական է համարում, որ արդյունքները կվերանայվեն։

Նշվում է, որ խնդրագիրն արդեն ստորագրել է ավելի քան 200 հազար օգտատեր:

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Change.org կայքում մայիսի 15-ին տեղադրված «Եվրատեսիլ-2016»-ի արդյունքները վերանայելու կոչով խնդրագիրը ստորագրել է ավելի քան 150 հազար օգտատեր, սակայն այն բանից հետո, երբ դիմումը հավաքել է ստորագրությունների անհրաժեշտ քանակը, սանդղակը բարձրացվել է մինչև 200 հազար:

Որպես դիմումի հեղինակ նշված է Երևանի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլի» եզրափակիչն անց է կացվել Ստոկհոլմում մայիսի 14-ին: Քվեարկության արդյունքներով՝ հաղթել է ուկրաինացի երգչուհի Ջամալան:

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝ 249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։

Տարածել`
Share

You may also like...