Ես սոսկալի ստախոս եմ, նմանը կյանքում տեսած չեք լինի. Ջերոմ Սելինջեր

Ներկայացնում ենք հեղինակի  «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» ստեղծագործությունից փոքրիկ հատված:

Հիշեցնենք, որ այսօր Սելինջերի հիշատակի օրն է:

Ես սոսկալի ստախոս եմ, նմանը կյանքում տեսած չեք լինի։ Գնում եմ խանութ մի որևէ ամսագիր գնելու, բայց որ ճանապարհին հարցնեն, թե ուր եմ գնում, կարող եմ ասել՝ օպերա։ Սարսափելի բան է։ Ու որ ծերունի Սպենսերին ասացի, թե գնում եմ մարմնամարզական դահլիճ, դա էլ էր փչոց։ Ես այդ երիցս անիծյայլ դահլիճում ոչինչ չեմ պահում։

Քանի դեռ սովորում էի Փենսիում, ապրում էի նոր հանրակացարանում, Օսենբերգերի անվան առանձնաշենքում։ Այդտեղ միայն ավագներն ու կրտսերներն էին ապրում։ Ես կրտսերներից էի, հարևանս՝ ավագներից։ Առանձնաշենքը Օսենբերգերի անունով էր կոչվում, կար այդպիսի մեկը, որ առաջ Փենսիում էր սովորել։ Իսկ երբ ավարտել էր, բավական փող էր կուտակել և թաղման բյուրո հիմնադրել։ Նա այնպիսի թաղման բյուրոներ էր ստեղծել գրեթե ամբողջ նահանգում, գիտեք, այնպիսի բյուրոներ, որոնց միջոցով հարազատներիդ կարող ես թաղել չնչին գումարով՝ հինգ դոլարով։ Դուք մի տեսնեի՜ք այդ Օսենբերգեր կոչվածին։ Գրազ կգամ, որ նա հանգուցյալներին ուղղակի պարկի մեջ է մտցնում ու գետը նետում։ Ահա այդ տիպը բավական փող է հատկացրել Փենսիին, ու մեր առանձնաշենքը կոչել են նրա անունով։ Առաջին մրցությանը նա եկել էր իր շքեղ «կադիլակով», իսկ մենք պետք է բարձրանայինք տրիբունաներն ու աշխարհով մեկ փողհարեինք, այսինքն՝ «ուռա» գոռայինք։ Իսկ հաջորդ առավոտյան մատուռում մի տասը ժամ ճառ կարդաց։ Նա մի հիսուն անեկդոտ պատմեց, ուղղակի նավթալինից հանած, ուզում էր ցույց տակ, թե ինչպիսի կտրիճն է։ Ուժ ունի։ Իսկ հետո սկսեց պատմել, որ դժվարությունների հանդիպելիս, առհասարակ նեղն ընկած ժամանակ երբեք չի ամաչում՝ չոքում է ու աղոթում աստծուն։ Ու մեզ էլ էր խորհուրդ տալիս միշտ աղոթել աստծուն, ուզած ժամանակ զրուցել երկնավորի հետ։ «Դուք, ― ասում է, ― դիմեցեք Քրիստոսին, ինչպես ձեր բարեկամին, ես ինքս միշտ էլ սիրտս բացում եմ Քրիստոսի առաջ։ Նույնիսկ մեքենան վարելիս»։ Քիչ էր մնում շունչս փչեի։ Պատկերացնում էի, թե այդ շան որդին ինչպես է մեքենան առաջին արագության վրա փոխադրում ու միաժամանակ Քրիստոսին խնդրում ավելի շատ հանգուցյալներ ուղարկել։ Բայց այդ ժամանակ նրա ճառի ընթացքում մի շատ լավ բան պատահեց։ Նա արդեն հասել էր կեսին, հենց իր մասին էր պատմում, թե ինչ հրաշալի մարդ է ինքը, որքան ճարպիկ, ու մեկ էլ Էդդի Մարսալան, որ ուղիղ իմ առջևում էր նստած, մի հատ ուժգին բաց թողեց։ Իհարկե, դա սարսափելի է, խիստ անքաղաքավարություն, եկեղեցում, բոլորի ներկայությամբ, բայց շատ ծիծաղելի ստացվեց։ Կեցցե՛ս, Մարսալա։ Քիչ էր մնում տանիքը փլվեր։ Ոչ ոք բարձրաձայն չծիծաղեց, իսկ այդ Օսենբերգերը ձևացրեց, թե բան չի լսել, բայց ծերունի Թերմերը՝ մեր դիրեկտորը, նրա կողքին էր նստած ամբիոնում, ու անմիջապես երևաց, որ շատ լավ էլ լսել է։ Ո՜ւհ, այ թե բարկացավ նա։ Ոչինչ չասաց, բայց պահանջեց երեկոյան ներկայանալ լրացուցիչ պարապմունքի ու ճառ ասաց։ Ասաց, թե այն աշակերտը, որ խախտեց կարգը արարողության ժամանակ, արժանի չէ մեր դպրոցում մնալու։ Մենք փորձեցինք ստիպել մեր Մարսալային մի կրակահերթ էլ բաց թողնել ծերունի Թերմերի ելույթի ժամանակ, բայց նա տրամադիր չէր։ Եվ այսպես, ուրեմն, ես ապրում էի այդ Օսենբերգերի անվան նոր հանրակացարանում։

Ծերունի Սպենսերի մոտից հաճելի էր ընկնել հանրակացարան, մանավանդ որ բոլորը ֆուտբոլ էին գնացել, իսկ ջեռուցումը բացառության կարգով լավ էր տաքացնում։ Նույնիսկ մի տեսակ հարմարավետ էր դարձել։ Հանեցի բաճկոնս, փողկապս, արձակեցի բլուզիս օձիքը, իսկ հետո դրի կարմիր գլխարկս, որ առավոտյան էի գնել Նյու֊Յորքում։ Դա որսորդական գլխարկ էր՝ չափից շատ երկար հովհարով։ Ես սպորտային խանութի ցուցափեղկում տեսա, երբ դուրս եկանք մետրոյից, որտեղ մոռացել էի այդ անիծյալ սուսերները։ Ընդամենը մեկ դոլար էի վճարել։ Գլխարկը թարս էի դրել գլխիս, հիմարություն է, իհարկե, բայց ինձ շատ էր դուր գալիս։ Հետո վերցրի գիրքը, որ կիսատ էի թողել, ու նստեցի բազկաթոռին։ Ամեն սենյակում երկու բազկաթոռ կար։ Մեկն իմն էր, մյուսը՝ հարևանինս՝ Ուորդ Ստրեյդլեյթերինը։ Բազկաթոռները կոտրված էին, որովհետև միշտ որևէ մեկը նստում էր դրանց վրա, բայց բազկաթոռն ինքը շատ հարմարավետ էր։

Կարդում էի այն գիրքը, որը գրադարանում սխալմամբ էին ինձ տվել։ Ես միայն տանը նկատեցի, որ իմ ուզած գիրքը չեն տվել։ Նրանք ինձ տվել էին Իսահակ Դայնսենի «Աֆրիկայի թավուտներումը»։ Կարծում էի անպետք բան է, բայց հետաքրքիր դուրս եկավ։ Ընդհանրապես ես շատ անկիրթ եմ, բայց շատ եմ կարդում։ Իմ սիրած գրողը Դ․ Բ.֊ն է՝ իմ եղբայրը, իսկ երկրորդ հերթին արդեն՝ Ռինգ Լարդները։ Ծննդյանս օրը եղբայրս ինձ նվիրեց Ռինգ Լարդների գիրքը։ Դա Փենսի ընդունվելուցս առաջ էր։ Գրքում շատ ծիծաղելի պիեսներ էին տպագրված ու մեկ էլ մի պատմվածք՝ կարգավորող֊ոստիկանի մասին, սա սիրահարվում է մի շատ սիրունիկ աղջկա, որը անընդհատ խախտում է երթևեկության կանոնները։ Բայց ոստիկանը ամուսնացած է և, իհարկե, չի կարող ամուսնանալ աղջկա հետ։ Վերջում աղջիկը կործանվում է, որովհետև մշտապես խախտում է երթևեկության կանոնները։ Ցնցող պատմվածք է։ Ընդհանրապես ես ամենից շատ այնպիսի գրքեր եմ սիրում, որոնց մեջ գոնե մի որևէ ծիծաղելի բան կա։ Իհարկե, ամեն տեսակ դասականներ էլ եմ կարդում, ինչպես ասենք՝ «Վերադարձ հայրենիքը»,  և կռվի մասին հազար ու մի գրքեր, և դեդեկտիվ, բայց դրանք մի տեսակ այնքան էլ չեն հրապուրում ինձ։ Այ, ինձ դուր են գալիս այնպիսի գրքեր, որոնք կարդալուց հետո անմիջապես մտածում ես՝ ի՜նչ լավ կլիներ այդ գրողը քո բարեկամը լիներ, որին ցանկացածդ ժամանակ կարողանայիր զանգահարել ու զրուցել հետը։ Բայց այդպես հազվադեպ է լինում։ Ես հաճույքով կզանգահարեի այդ Դայնսենին, դե, իհարկե, նաև Ռինգ Լարդերին, միայն թե Դ․ Բ֊ն ասաց, որ նա արդեն մեռել է։ Իսկ այ, այնպիսի գիրք, ինչպիսին, օրինակ, Սոմերսեթ Մոեմի «Մարդկային կրքերի բեռն» է, այն չէ, ես անցած ամռանը կարդացի։ Գիրքն ընդհանրապես ոչինչ, բայց ես ոչ մի ցանկություն չունեմ զանգահարելու այդ Սոմերսեթ Մոեմին։ Ինքս էլ չգիտեմ ինչու։ Պարզապես նա այն մարդը չէ, ում հետ կցանկանայի զրուցել։ Ես ավելի շուտ կզանգահարեի հանգուցյալ Թոմաս Հարգիին։ Ինձ դուր է գալիս նրա Յուստաիսա Վեյը։

Ուրեմն դրի նոր գլխարկս, նստեցի բազկաթոռին ու սկսեցի կարդալ «Աֆրիկայի թավուտներումը»։ Մի անգամ արդեն կարդացել էի, բայց ուզում էի որոշ տեղեր նորից կարդալ։ Ընդամենը մի երեք էջ էի կարդացել, երբ ինչ֊որ մեկը դուրս եկավ ցնցուղարանից։ Առանց նայելու էլ հասկացա, որ Ռոբերտ Էկլին է․ սա ապրում էր հարևան սենյակում։ Մեր թևում երկու սենյակը մի ընդհանուր ցնցուղարան ունեին, ու այդ Էկլին օրը տասն անգամ իրեն ինձ մոտ էր գցում։ Բացի այդ, ամբողջ հանրակացարանից մենակ նա էր, որ ֆուտբոլ չէր գնացել։ Նա ընդհանրապես ոչ մի տեղ չէր գնում։ Տարօրինակ տիպ էր։ Նա բարձր դասարանցի էր և արդեն չորս տարի է, սովորում էր Փենսիում, բայց բոլորը նրան ազգանունով էին դիմում՝ Էկլի։ Նույնիսկ նրա սենյակի հարևանը՝ Հերբ Հեյլը, երբեք նրան «Բոբ» կամ գոնե «Էկ» չէր ասում։ Երևի կինն էլ նրան «Էկլի» կանվանի, եթե, իհարկե, երբևէ ամուսնանա։ Նա չափից դուրս բարձրահասակ էր՝ վեց ֆուտ, չորս դյույմ, սոսկալի կուզիկ, ատամներն էլ փտած։ Ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա մաքրեր ատամները։ Կեղտոտ, մի տեսակ բորբոսնած էին նրա ատամները, իսկ երբ ճաշարանում բերանը կարտոֆիլ կամ սիսեռ էր լցնում, քիչ էր մնում սիրտս ետ տամ։ Հապա պզուկնե՜րը։ Ոչ միայն ճակատին ու ծնոտին, ինչպես բոլոր տղաներին է պատահում, նրա ամբողջ դեմքն էր պզուկոտ։ Ընդհանրապես նա զզվելի էր։ Ու մի տեսակ ստոր։ Ճիշտն ասած, ես այնքան էլ չէի սիրում նրան։

Զգացի, որ կանգնած է ցնցուղարանի շեմին, բազկաթոռիս ետևը, ու նայում է տեսնի՝ տա՞նն է Ստրեյդլեյթերը։ Նա Ստրեյդլեյթերին ատում էր ու երբեք ներս չէր մտնում, երբ սա տանն էր լինում։ Ընդհանրապես նա բոլորին էլ ատում էր։

― Ողջույն, ― ասում է։ Նա միշտ այնպիսի տոնով է խոսում, ասես մահու չափ հոգնած է կամ ձանձրացած։ Չէր ուզում, որ ես մտածեմ, թե ինքը, իբր, հյուր է եկել ինձ։ Ձևացրեց, թե իբր պատահմամբ է ներս մտել, գրողը տանի։

― Ողջույն, ― ասում եմ, բայց գիրքը ցած չեմ դնում։ Այնպիսի տիպի պատճառով, ինչպիսին Էկլին է, եթե ցած դնես գիրքդ, կորած ես, գլուխդ կտանի։ Միևնույն է, գլուխդ տանելու է, բայց ոչ անմիջապես, եթե շարունակես կարդալ։

Նա սկսեց անցուդարձ անել սենյակում ինչպես միշտ՝ դանդաղ և ձեռք տալ սեղանին ու աթոռակին դրված իմ բոլոր իրերին։ Միշտ այդպես է, վերցնելու է, դնի, նորից նայի։ Ինչպե՜ս էր ազդում նյարդերիս վրա։

― Հը, ինչպե՞ս անցավ սուսերամարտը, ― ասում է։ Նա ուզում էր այնպայման խանգարել ինձ, փչացնել ամբողջ հաճույքս։ Նա թքած ուներ սուսերամարտի վրա։ ― Ո՞վ հաղթեց, մե՞նք, թե ոչ մենք, ― հարցնում է։

― Ոչ ոք էլ չհաղթեց, ― ասում եմ, բայց գլուխս չեմ բարձրացնում։

― Ի՞նչ, ― հարցնում է։ Նա միշտ կրկնում էր հարցը։

― Ոչ ոք էլ չհաղթեց։ ― Աչքիս պոչով նայեցի տեսնեմ նա ինչ է անում իմ պահարանի վրա։ Զննում էր աղջկա լուսանկարը, որի հետ ես ընկերություն էի անում Նյու֊Յորքում․ Սալլի Հեյսի լուսանկարը։ Նա այդ անիծյալ լուսանկարը, հավանաբար, արդեն հազարերորդ անգամ էր նայում ու երբեք իր տեղը չէր դնում։ Դիտմամբ․ ամիջապես երևում էր դա։

― Ոչ ոք չհաղթե՞ց ― ասում է։ ― Այդ ինչպե՞ս։

― Դե այդ անտեր սարքավորումները մոռացել էի մետրոյում։ ― Այդպես էլ գլուխս չբարձրացրի։

― Մետրոյո՞ւմ։ Գրողը տանի, կորցրե՞լ ես, ինչ է։

― Ճիշտ ուղղությամբ չէինք գնում։ Ստիպված շուտ֊շուտ վեր էինք կենում նայելու։

Նա մոտեցավ կտրեց լույսս։

― Լսիր, ― ասում եմ, ― քո պատճառով արդեն քսաներորդ անգամ եմ կարդում միևնույն նախադասությունը։

Ով էլ լիներ նրա տեղը, ակնարկը կհասկանար։ Բայց Էկլին չէ։

― Իսկ քեզ չե՞ն ստիպի վճարել արժեքը, ― հարցնում է։

― Չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ։ Գուցե կնստես, Էկլի, բալիկս, թե չէ լույսս ամբողջովին փակում ես։

Նա ատում էր, որ ես իրեն «Էկլի, բալիկս» էի ասում։ Իսկ ինքը անվերջ կրկնում էր, որ ես դեռևս փոքրիկ եմ, որովհետև տասնվեց տարեկան եմ, իսկ ինքը՝ արդեն տասնութ է։ Նա կատաղում էր, որ իրեն «բալիկ» էի ասում։

Ու այդպես էլ մնաց կանգնած։ Այդպիսին է այդ Էկլին ― ոչ մի դեպքում չի հեռանա, եթե նրան խնդրես։ Հետո, իհարկե, կհեռանա, բայց եթե խնդրես՝ դիտմամբ չի հեռանա։

― Ի՞նչ ես կարդում, ― հարցնում է։

― Չես տեսնում՝ գիրք եմ կարդում։

Նա շրջեց էջը, նայեց վերնագիրը։

― Լա՞վն է, ― հարցնում է։

― Այո, հատկապես այս նախադասությունը, որ անընդհատ կարդում եմ։ ― Ես էլ կարող եմ երբեմն բավական թունոտ լինել, եթե տրամադրված լինեմ։ Բայց տեղ չհասավ։ Էլի սկսեց շրջել սենյակում, էլի ձեռք տալ, շոշափել իրերս, նույնիսկ Ստրեյդլեյթերի իրերը։ Վերջապես գիրքը նետեցի սեղանին։ Միևնույն է, Էկլիի ներկայությամբ ընթերցելն իմաստ չունի։ Ուղղակի անհնար է։

Ես փռվեցի բազկաթոռին ու սկսեցի նայել, թե Էկլին ինչպես է տնօրինում սենյակում։ Նյու֊Յորք մեկնելուց կարգին հոգնել էի, սկսեցի հորանջել։ Հետո էլ սկսեցի հիմարություններ անել։ Սիրում եմ երբեմն ձանձրույթից հիմարություններ անել։ Գլխարկիս հովարն առաջ բերի ու իջեցրի մինչև աչքերս։ Այդպես ոչինչ չէի կարողանում տեսնել։

― Ավա՜ղ, ավա՜ղ, կարծես թե կուրանում եմ, ― ասում եմ ես նվնվալով։ ― Օ՜, թանկագին մայրիկ, ինչ մութ է շուրջս։

― Խելքդ թռցրել ես, աստված վկա, ― ասում է Էկլին։

― Մայրիկ, հարազա՜տս, ձեռքդ տուր դժբախտ զավակիդ։ Ինչո՞ւ օգնության ձեռք չես մեկնում։

― Դե վերջ տուր, տխմար։

Ես սկսեցի կույրի պես ափլփել շուրջս, առանց տեղիցս վեր կենալու։ Ու անվերջ նվնվալ։

― Մայրիկ, մայրիկ։ Ինչո՞ւ չես ձեռքդ տալիս։

Իհարկե, ես ուղղակի խաղում էի։ Դրանից երբեմն ուրախանում եմ։ Բացի այդ, գիտեի, որ Էկլին սոսկալի կատաղում է։ Նրա մոտ ես ուղղակի սադիստ էի դառնում։ Կատաղեցնում էի ինչպես կարող էի, դիտմամբ էի կատաղեցնում։ Բայց հետո ձանձրացա։ Նորից հովարս ետ տարա ու փռվեցի բազկաթոռին։

― Սա ո՞ւմն է, ― հարցրեց Էկլին։ Նա ձեռքն առավ հարևանիս ծնկակապը։ Այդ անիծյալ Էկլին ամեն ինչի ձեռք էր տալիս։ Ինչ ասես կվերցնի, նույնիսկ կոշիկներիդ կապիչները։ Ես նրան ասացի, որ ծնկակապը Ստրեյդլեյթերինն է։ Նա անմիջապես նետեց Ստրեյդլեյթերի մահճակալին․ վերցրել էր պահարանիկի վրայից, բայց դիտմամբ գցեց մահճակալին։

Հետո մոտեցավ, նստեց երկրորդ բազկաթոռի բազկակալին։ Երբեք մարդավարի չի նստի, անպայման բազկակալի վրա պիտի նստի։

― Որտե՞ղ ես գնել այդ հիմար գլխարկը, ― հարցնում է։

― Նյու֊Յորքում։

― Որքա՞ն ես տվել։

― Մեկ դոլար։

― Խաբել են քեզ։ ― Նա սկսեց լուցկու հատիկով մաքրել իր գարշելի եղունքները։ Տարօրինակ սովորություն է։ Ատամները բորբոսնած են, ականջները լիքը կեղտ, բայց եղունգները միշտ մաքրում է։ Հավանաբար, կարծում է, թե մաքրասեր է։ Մաքրում է ու նայում գլխարկիս։ ― Մեր կողմերում որսի գնալիս են այդպիսի գլխարկ գնում, հասկանալի՞ է։ Դա գլխներին՝ որս են խփում։

― Գրողի ծոցը, ― ասում եմ։ Հետո հանում եմ գլխարկը, նայում։ Մի աչքս կկոցում եմ, ասես նշան եմ բռնում։ ― Սա դրած՝ մարդն են խփում, ― ասում եմ։ ― Ես սա դրած՝ մարդ եմ խփում։

― Իսկ հարազատներդ գիտե՞ն, որ քեզ վտարել են։

― Ոչ։

― Որտե՞ղ է Ստրեդլեյթերը։

― Ֆուտբոլի մրցությունում։ Նա այնտեղ տեսակցություն ունի։ ― Նորից հորանջեցի։ Քունս տարավ։ Սենյակում սոսկալի շոգ էր, թուլացել էի, ուզում էի քնել։ Այս դպրոցում կամ մրսում էինք շան պես, կամ շոգից տանջվում։

― Նշանավոր Ստրեյդլեյթե՜ր ― ասաց Էկլին։ ― Լսիր, մի րոպեով մկրատդ տուր ինձ։ Մոտդ չէ՞։

― Չէ, պահել եմ, պահարանում է, ամենավերևը։

― Մի րոպեով տուր, հա՞, եղունգս պոկվել է, հարկավոր է կտրել։

Նրա համար միևնույն էր՝ հավաքել ես իրերդ, թե ոչ, ամենավերևն է դրված թե մեկ ուրիշ տեղ։ Համենայն դեպս, մկրատը տվի նրան։ Քիչ էր մնում ինձ սպանեի։ Հենց որ բացեցի պահարանը, Ստրեյդլեյթերի ձեռնաթիակը (այն էլ շրջանակի մեջ) ընկավ գլխիս։ Այնպես դրխկաց, որ գլուխս սոսկալի ցավեց։ Էկլին քիչ մնաց մեռներ, այնպես էր հռհռում։ Նրա ձայնը բարակ է, ծվծվան։ Ես նրա համար դուրս եմ բերում ճամպրուկս, հանում մկրատը, իսկ նա քրքրջում է։ Այդ Էկլիի նմաններին հենց միայն բավական է տեսնել, թե քարն ինչպես ընկավ մարդու գլխին, ուրիշ էլ բան հարկավոր չէ, կքրքջան։

― Պարզվում է, դու հումորի զգացում ունես, Էկլի, բալիկս, ― ասում եմ ես։ ― Չգիտեի՞ր։ ― Ու մկրատը մեկնում եմ նրան։ ― Ուզո՞ւմ ես քո մենեջերը դառնամ, տեղավորեմ քեզ ռադիոյում։

Ես նստեցի բազկաթոռին, իսկ նա սկսեց իր գարշելի եղունգները կտրտել։

― Գուցե սեղանի վրա՞ կկտրես եղունգներդ, ― ասում եմ։ ― Սեղանի վրա կտրիր, ես չեմ ուզում բոբիկ ոտքերով քայլել քո գարշելի եղուգների վրա։ ― Բայց նա, միևնույն է, շարունակում է թափել ուղղակի հատակին։ Գարշելի սովորություն է։ Ազնիվ խոսք, զզվում ես։

― Իսկ Ստրեյդլեյթերն ո՞ւմ հետ է ժամադրվել, ― հարցնում է։ Նա միշտ հետաքրքրվում էր, թե Ստրեյդլեյթերը ում հետ է ման գալիս, թեև ատում էր նրան։

― Չգիտեմ, իսկ քեզ ի՞նչ։

― Հենց այնպես։ Տանել չեմ կարող այդ շան որդուն։ Բոլորովին տանել չեմ կարող։

― Իսկ նա քեզ պաշտում է։ Ասում է՝ իսկական արքայազն է։ ― Ընդհանրապես ես հաճախ եմ սկսում հիմարություններ անել, երբ ձանձրանում եմ։

― Նա միշտ ցցում է քիթը, ― ասում է Էկլին։ ― Չեմ դիմանում այդ շան որդուն։ Կարելի է կարծել, թե նա․․․

― Լսիր, գուցե դու, այնուամենայնիվ, եղունգներդ սեղանի վրա՞ կտրես, ― ասում եմ։ ― Ես հիսուն անգամ քեզ խնդրած կլինեմ․․․

― Միշտ ցցում է քիթը, ― կրկնում է Էկլին։ ― Իմ կարծիքով, նա ուղղակի էշի մեկն է։ Բայց կարծում է, թե խելոք է, կարծում է, թե ամենախելոքն է․․․

― Էկլի, գրողի տարած, վերջապես սեղանի վրա՞ պիտի կտրես եղունգներդ, թե ոչ։ Հիսուն անգամ խնդրեցի, լսո՞ւմ ես։

Հիմա նա սկսեց, իհարկե, սեղանի վրա կտրել։ Միայն գոռալով կարող ես նրան ստիպել որևէ բան անել։

Ես նայեցի նրան, ապա ասացի․

― Դու Ստրեյդլեյթերի վրա կատաղած ես, որովհետև նա ասաց, որ ատամներդ գոնե երբեմն լվանաս։ Նա բոլորովին էլ չէր ուզում քեզ նեղացնել և ոչ էլ դիտավորյալ ասաց, այնպես որ նրա ասածի մեջ ոչ մի վիրավորական բան չկար։ Միայն ցանկանում էր ասել, որ դու քեզ ավելի լավ կզգայիր, ավելի լավ տեսք կունենայիր, եթե երբեմն մաքրեիր ատամներդ։

― Իսկ ես չե՞մ մաքրում, ինչ է։ Դու էլ ես նրա ասածը կրկնում։

― Ոչ, չես մաքրում։ Քանի անգամ եմ հետևել, չես մաքրում և վերջ։

Ես նրա հետ հանգիստ էի խոսում։ Նույնիսկ խղճում էի նրան։ Հասկանում եմ, այնքան էլ հաճելի բան չէ, որ քեզ դիտողություն անեն, թե ատամներդ չես մաքրում։

Ստրեյդլեյթերը շան որդի չէ։ Նա այնքան էլ վատը չէ։ Դու պարզապես չես ճանաչում նրան, դա է պատճառը։

― Իսկ ես ասում եմ՝ շան որդի է։ Եվ երևակայող։

― Գուցե և երևակայո՞ւմ է, բայց ուրիշ հարցերում նա լայնասիրտ մարդ է, ― ասում եմ։ ― Իսկապես։ Հասկացիր։ Օրինակ՝ պատկերացրու, որ Ստրեյդլեյթերը մի փողկապ ունի կամ մեկ այլ բան, որ քեզ շատ է դուր գալիս։

Ասենք թե փողկապ, ու այդ փողկապը քեզ շատ է դուր գալիս։ Ես օրինակի համար եմ ասում։ Գիտե՞ս նա ինչ կաներ։ Նա, հավանաբար, կհաներ այդ փողկապն ու կտար քեզ։ Այո, կտար։ Կամ գիտե՞ս ինչ կաներ։ Նա այդ փողկապը կթողներ քո սեղանի կամ մահճակալի վրա, հասկանալի՞ է։ Իսկ ուրիշները՝ երբեք։

― Գրողի ծոցը, ― ասաց Էկլին։ ― Եթե ես էլ այդքան փող ունենայի, ես էլ փողկապներ կնվիրեի մարդկանց։

― Չէ, չէիր նվիրի, ― ես նույնիսկ գլուխս տարուբերեցի։ ― Մտքովդ այնգամ չէր անցնի, բալիկս։ Եթե դու այնքան փող ունենայիր, որքան նա, դու կլինեիր իսկական․․․

― Չհամարձակվես ինձ «բալիկ» անվանել։ Գրողը տանի։ Ես քեզ հայր կսազեմ, հիմարի գլուխ։

― Ոչ, չես սազի։ ― Թե ինչպես կատաղեցրեց ինձ՝ չեմ էլ կարող ասել։ Առիթը բաց չի թողնի աչքդ խոթելու, որ ինքը տասնութ տարեկան է, իսկ դու՝ ընդամենը տասնվեց․․․ ― Նախ ես թույլ չէի տա, որ ոտքդ իմ շեմին դնեիր․․․

― Մի խոսքով, չհամարձակվես ինձ․․․

Հանկարծ դուռը բացվեց, ու ներս ընկավ Ստրեյդլեյթերն ինքը։ Նա միշտ վազքի մեջ էր։ Երբեք ժամանակ չուներ, միշտ շտապ գործեր ուներ։ Վազեց ինձ մոտ, թփթփացրեց այտերիս, ― նույնպես բավական տհաճ սովորություն, ― ու հարցնում է․

― Երեկոյան որևէ տե՞ղ ես գնալու։

― Չգիտեմ։ Հնարավոր է։ Իսկ ինչպիսի՞ եղանակ է, ձյո՞ւն է գալիս, ինչ է։

Նա ամբողջապես ձյունաթաթախ էր։

― Այո, ձյուն է գալիս։ Լսիր, եթե տեղ չունես գնալու, քո զամշե բաճկոնը այս երեկո տուր ինձ։

― Իսկ ո՞վ տարավ։

― Դեռ չի վերջացել։ Մենք գնում ենք։ Չէ, իսկապես, կտա՞ս, եթե քեզ հարկավոր չէ։ Ես իմ գորշագույնի վրա ինչ֊որ բան եմ թափել։

― Այո, բայց դու կլայնացնես, քո ուսերը սատանան գիտի թե որքան են լայն, ― ասում եմ։ Ես ու նա նույն հասակն ունեինք, բայց նա ինձնից երկու անգամ ծանր էր կշռում և ուսերն էլ շատ լայն էին։

― Չեմ լայնացնի։ ― Նա վազեց դեպի պահարանը։ ― Գործերդ ո՞նց են, Էկլի, ― ասում է։ Շատ բարեհամբյուր տղա է այդ Ստրեյդլեյթերը։ Իհարկե, ձևացնում է, բայց և այնպես նա միշտ բարևում է Էկլիին։

Իսկ սա միայն ինչ֊որ բան մռթմռթաց, երբ Ստրեյդլեյթերը հարցրեց․ «գործերդ ո՞նց են»։ Էկլին չէր ուզում պատասխանել, բայց, այնուամենայնիվ, ինչ֊որ բան մռթմռթաց, սիրտ չարեց լռության մատնել։ Իսկ ինձ ասում է․

― Դե լավ, ես գնացի։ Դեռ կհանդիպենք։

― Լավ, ― ասում եմ։ Ոչ ոք մտադիր չէր լաց լինել, որ նա վերջապես գնում էր իր սենյակը։

Ստրեյդլեյթերն արդեն հանում էր բաճկոնն ու փողկապը։

― Հարկավոր է սափրվել, ― ասաց նա։ Նրա մորուքը առատորեն աճում էր։ Իսկական մորուք։

― Իսկ ո՞ւր է աղջիկը։

― Սպասում է մյուս թևում, ― ասում է։ Նա վերցրեց սրբիչը, սափրվելու սպասքը ու դուրս եկավ սենյակից։ Հենց այդպես, առանց վերնաշապկի էլ գնաց։ Նա միշտ մինչև գոտկատեղը մերկ էր շրջում, կարծում էր, որ շատ լավ կազմվածք ունի։ Ու դա ճիշտ էր, ոչինչ չես կարող ասել։

 

Աղբյուրը` grapaharan.org

Տարածել`
Share

You may also like...