«Ես շատ եմ ուզում, որպեսզի մեր երեխաները հաղորդակից լինեն նաև դասական երաժշտությանը».

Մի անգամ նման մի «համերգ» գրավեց ուշադրությունս։ Ես գիտեի, որ որոշակի օրեր դահլիճում իր պարապմունքներն է անցկացնում ճեմարանի պարի ուսուցչուհին՝ Քրիստինե Հովհաննիսյանը, ով երեխաներին սովորեցնում է ժողովրդական պարեր։ Բնական է՝ պետք է հնչեն նաև մեր ազգային կամ այլ ժողովուրդների պարեղանակներ։ Այս անգամ իմ ականջին հասան Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի մեղեդիները։ Անմիջապես գնացի դահլիճ։ Մոտ երկու տասնյակ ճեմարանականներ հանգիստ նստել էին դահլիճում և համակ ուշադրությամբ դիտում էին էկրանին ցուցադրվող «Սպարտակ» բալետը։ Այնտեղ էր նաև պարուսույցը։

Իմ այն հարցին, թե ի՞նչ միջոցառման են երեխաները նախապատրաստվում, Քրիստինե Հովհաննիսյանը պատասխանեց.

– Ոչ մի միջոցառման էլ չենք պատրաստվում։ Պարզապես պարի դաս է։ Ես շատ եմ ուզում, որպեսզի մեր երեխաները հաղորդակից լինեն նաև դասական երաժշտությանը։ Դրա համար էլ մեր այսօրվա դասի մի մասը նվիրել ենք Արամ Խաչատրյանի անմահ երաժշտության ունկնդրմանը, «Սպարտակ» բալետին ծանոթանալուն,- ասաց պարուսույցը։

– Իսկ դա նախատեսվա՞ծ է ուսումնական ծրագրով, թե՞ …

– …Դա իմ նախաձեռնությունն է։ Ես ուզում եմ մեր սաներին մոտեցնել դասական երաժշտության գոհարներին, թեև գիտեմ, որ այդ բանն արվում է երաժշտության դասի ժամերին։ Այսօր իմ սաներն էկրանին տեսան «Սպարտակը», հաջորդ անգամ նրանք կծանոթանան Չայկովսկու «Կարապի լիճը» բալետին,- պատասխանեց Քրիստինե Հովհաննիսյանը։- Ծրագրում նախատեսել ենք նաև ծանոթանալ Խաչատրյանի «Գայանե», Մինկուսի «Դոն Կիխոտ», Ադանի «Ժիզել», Չայկովսկու«Շչելկունչիկ» բալետներին: Յուրաքանչյուր ներկայցման ցուցադրումից առաջ ես երեխաների ն ծանոթացնում եմ բալետների լիբրետոներին, դրանց ստեղծման պատմությանը։ Հաճախ երեխաներն էկրանի վրա այս կամ այն ներկայացումը դիտելուց հետո ծնողներին խնդրում են իրենց տանել օպերայի և բալետի թատրոն, որպեսզի իրենց հավանած բալետը տեսնեն արդեն բեմում։ Պատկերացրեք, թե ինչպիսի ոգևորությամբ են երեխաները թատրոն գնալու հաջորդ օրը պատմում իրենց տպավորությունների մասին։ Այդ պահին ես ինձ երջանիկ եմ զգում։

…Քրիստինե Հովհաննիսյանն ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, ապա նաև՝ թատերական ինստիտուտի բալետմեյստերական ֆակուլտետը գերազանցությամբ։ Նա եղել է բալետի նվիրյալներից մեկի՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի աշակերտը։ Աշխատել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում, ապա՝ Ա. Ղարիբյանի անվան ՙԿռունկ՚ ամսամբլում, իսկ 2002 թվականից՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Կիզիրյանի հիմնադրած «Գեղարդ» անսամբլում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տասնյակ երկրներում։ Մասնավորապես, «Գեղարդ» անսամբլի կազմում նա իր արվեստը ցուցադրել է Իտալիայում և Հունգարիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում, Բելգիայում և Հոլանդիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ալժիրում և այլուր։ Եվ ամենուրեք արժանացել է ամենաջերմ ընդունելության, շահել բազմաթիվ մրցանակներ։

2007 թվականից Քրիստինե Հովհաննիսյանը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի պարուսույցն է, որտեղ ոչ միայն պարի դասեր է տալիս, այլև ղեկավարում է պարի ստուդիան, սովորեցնում է հայկական, աշխարհի շատ ժողովուրդների ազգային պարեր, երեխաներին հաղորդակից դարձնում գեղեցիկի աշխարհին։

Ահա այսպիսին է ճեմարանականների սիրելի պարուսույցը, իր գործի նվիրյալը, ով չի սիրում պատմել իր հաջողությունների մասին։

– Իմ ամենամեծ հաջողությունն իմ սաների երջանիկ ժպիտն է, ուրախ տրամադրությունը,- ասում է Քրիստինե Հովհաննիսյանը։

Լևոն Ազրոյան

Տարածել`
Share

You may also like...