Ես հայկական մշակույթի զավակն եմ. Անրի Վերնոյ

Ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ Անրի Վերնոյը (1920֊2002)՝ հայազգի Աշոտ Մալաքյանը, 1960֊1970֊ականներին համարվում էր եվրոպական կինոյի ամենասիրված գործիչներից և դետեկտիվ ու արկածային ժանրի ամենաճանաչված վարպետներից մեկը, ում ֆիլմերում նկարահանվում էին առաջնակարգ կինոաստղերը։ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի խոսքերով՝ «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդներից է», իսկ ֆրանսիական մամուլի արձանագրմամբ՝ «Վերնոյի ֆիլմերը դիտելու են սերունդները»։ Նա ոչ միայն նշանավոր արվեստագետ էր, այլև նշանավոր հայ, ով միշտ հպարտությամբ է խոսել իր արմատների մասին և միշտ սրտացավ է եղել իր ազգի կորուստների ու դժբախտությունների հանդեպ։
Վերնոյը ծնվել է Թուրքիայում գտնվող Ռոդոսթո քաղաքում։ Երբ նա 4 տարեկան էր, ընտանիքը գաղթել է Հունաստան, ապա՝ Ֆրանսիա։ Էքս֊ան֊Պրովանսի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է ինստիտուտ՝ ընտրելով լրագրողի մասնագիտությունը։ Նրա առաջին հոդվածները 1915֊ի ցեղասպանության մասին էին։ Լրագրությունը նրա համար դարձավ ճանապարհ դեպի կինոաշխարհ․ սկզբում Վերնոյը ռադիոհաղորդումներ էր վարում կինոյի մասին, հետո արդեն աշխատում էր որպես ռեժիսորի ասիստենտ։ 1948֊1951թթ֊ներին նա նկարահանում էր կարճամետրաժ ֆիլմեր, որոնց թիվը հասնում է 2 տասնյակի։ 1951֊ին նա նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Սեղան վտիտների համար» անվանմամբ․ սյուժեի հիմքում Մարսել Էմեի համանուն վեպն էր։ Ֆիլմը՝ Ֆերնանդելի գլխավոր դերակատարմամբ, արժանանում է դրական արձագանքի, և Վերնոյը դառնում է պահանջված ռեժիսոր ֆրանսիական կինոարտադրությունում։ Նա իր երկարամյա կինոկարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 60 ֆիլմ՝ Ժան Գաբենի, Իվ Մոնտանի, Ժան֊Պոլ Բելմոնդոյի, Ալեն Դելոնի, Օմար Շարիֆի, Լինո Վենտուրայի, Կլաուդիա Կարդինալեի, Բեռնար Բլիեի, Ռոբեր Օսեյնի և այլոց մասնակցությամբ։
Վերնոյը ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանակիր է և Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Կինեմատոգրաֆում ունեցած նշանակալից ձեռքբերումների համար նա 1996թ֊ին արժանացել է «Սեզար» մրցանակի։ Նրա «Հնգոտանի ոչխարը» ֆիլմը 1954թ֊ին Լոքառնոյի կինոփառատոնում ստացել է գլխավոր մրցանակ, իսկ 1956թ֊ին «Օսկարի» է ներկայացվել «Խաղարկային ֆիլմի լավագույն սցենար» անվանակարգում։ «Հարյուր հազար դոլար արևի տակ» ֆիլմը 1964թ֊ին եղել է Կաննի «Ոսկե արմավենու» հավակնորդ։ 2010թ֊ին, ռեժիսորի ծննդյան 90֊ամյակի կապակցությամբ, երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում նրան հետմահու շնորհվել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար»։ Վերնոյի առավել ճանաչված ու սիրված աշխատանքների թվում են «Սարսափը քաղաքի վրա», «Սիցիլիական կլանը», «Ավանտյուրիստները» ֆիլմերը։ Նա անձնական ու ստեղծագործական հարթություններում սերտ կապ է ունեցել իր անվանի հայրենակիցների՝ Շառլ Ազնավուրի, Անրի Թրուայայի, Ժորժ Կառվարենցի հետ։
1988֊ի երկրաշարժից հետո Վերնոյը որպես ռեժիսոր է հանդես եկել «Քեզ համար, Հայաստան» երգի տեսահոլովակում, որի նկարահանումներին մասնակցում էին 90 ֆրանսիացի երգիչներ ու դերասաններ՝ երաժշտության հեղինակ Կառվարենցի և տեքստի հեղինակ Ազնավուրի գլխավորությամբ։ 1991թ֊ին Վերնոյը նկարահանել է «Մայրիկ» ֆիլմը, որի սյուժեի հիմքում ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունն է։ 1992֊ին նա նկարահանում է ֆիլմի շարունակությունը՝«Պարադի փողոց, տուն 588» անվանմամբ։ Սա Մալաքյանների տան հասցեն էր Մարսելում։ Վերնոյի այս երկու՝ վերջին ֆիլմերում նկարահանվել են Օմար Շարիֆն ու Կլաուդիա Կարդինալեն։ Նկարահանումներն ընթացել են նվազագույն բյուջեով, սակայն Վերնոյի հանդեպ ջերմ վերաբերմունքն ու հարգանքն այնքան մեծ են եղել, որ և՛ դերասանները, և՛ նկարահանող խմբի անդամները աշխատել են անվարձահատույց։ «Պարի Մատչ» ֆրանսիական պարբերականը «Մայրիկ» ֆիլմն անվանել է «եվրոպական կինոյի ամենաթանկարժեք ստեղծագործությունը»։
1980թ֊ին Վերնոյն այցելել է Հայաստան։ «Ես հայկական մշակույթի զավակն եմ»,֊ ասում էր նա։ Վերնոյի անունն է կրում Մարսելի հրապարակներից մեկը, իսկ Երևանում նրա անունով անվանակոչվել է փողոց։
Նյութի աղբյուրը՝ kinoversus.com
- Previous Հայտնաբերվել է Ժորժ Մելիեսի կորսված ֆիլմը
- Next ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է