Ես խոստացել եմ Ջունային պատմել նրա մասին ճշմարտությունը. Լաուրա Քեոսայան

Ռուսական «Ջունա» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Լաուրա Քեոսայանը պատմել է՝ ինչպես է հայտնի հեքիմն արձագանքել իր աշխատանքին։

«Անորսալի վրիժառուները» ֆիլմի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի թոռնուհին զրուցել է Комсомольская правда-ի հետ և պատմել, որ ստիպված է եղել տասնյակ փորձեր անցնել, մինչև իրեն հաստատել են այդ դերում, իսկ մինչ այդ մոտ 2 ամիս ուսումնասիրել է Ջունայի մասին բոլոր հնարավոր նյութերը։

«Ես առաջին մասի սցենարը կարդացել եմ մեկ շնչով։ Եվ ռեժիսորի հետ հանդիպման ընթացքում ասացի, որ ուղարկեն ինձ մնացած մասերը, հակառակ դեպքում՝ ես չեմ կարող քնել։ Իմ առջև խնդիր էր դրված ոչ թե կրկնել էկրանին Ջունայի կյանքի բոլոր կարևոր պահերը, այլ փորձել հասկանալ, տեսնել նրա ուղին տիեզերական ձևաչափով։ Մենք փորձում էինք ֆիլմը հագեցնել փիլիսոփայությամբ և մտածել՝ ինչու են յուրահատուկ բաներ պատահում մարդկանց հետ, ինչու են նրանք տառապում»,- նշել է դերասանուհին։

Լաուրա Քեոսայանը պատմել է, որ մի քանի անգամ եղել է Ջունայի գրասենյակում։ Տեսել է, որ նա օգնում է ոչ միայն գումար ունեցող մարդկանց, այլև կարիքավորներին։ Տեսել է՝ ինչպես են մարդիկ փոխվում։ Նա, ով ծանր հիվանդ էր, սկսում էր ավելի լավ տեղաշարժվել արդեն 2 շաբաթ անց։

«Ջունան ինձ ժպտում էր, դա կարևոր էր։ Նա ցանկանում էր, որ մենք պատմենք իր պատմությունը սիրով, գեղեցիկ և հավաստի։ Ես խոստացել եմ, որ կանեմ հնարավոր ամենը դրա համար»,- պատմել է Քեոսայանը։

Այն հարցին՝ արդյո՞ք այդ դերը փոխել է նրան, դերասանուհին նշել է, որ դարձել է ավելի ուշադիր իր և աշխարհի հանդեպ։ Նրա խոսքով՝ եթե սկսում ես լսել ինքդ քեզ, տեղի են ունենում տարօրինակ երևույթներ։

«Օրինակ՝ ցանկանում ես ստանալ քեզ հուզող հարցի պատասախանը, և այն որոշ ժամանակ անց գալիս է։ Ներսից կամ տիեզերքից՝ կարևոր չէ։ Մարդը և Տիեզերքը կենդանի են, նրանք միշտ զրուցում են։ Եվ նշաններ գոյություն ունեն, եթե ավելի ուշադիր լինել»,- ասել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ սերիալի նկարահանումներն իրականացվել են 2014-ին, իսկ Ջունան մահացել է 2015-ին։

աղբյուրը՝ tert.am

Տարածել`
Share

You may also like...