Ես դերասան եմ, որ միայն բեմի համար է. խոստովանումումէ Կարպ Խաչվանքյանը

Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ…
Պատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ, երբեք սեղանի շուրջ չեմ երգել, արտասանել, խնջույքներին չեմ պարել: Իսկ բեմում այդ ամենը կա: Երբեք իմ դերերից ոչ մի հատված չեմ կատարել:
Ես դերասան եմ, որ միայն բեմի համար է:
Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից: Չեմ խուսափում «վախենալ» բառից: Երբ ծափահարում են, նշանակում է քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի: Դու իրավունք չունես անել այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա:
Դպրոցում սովորել եմ միջակ, վատ, հաճախ եմ «երկուսներ» ստացել: Բայց կներեք, իմ մասին ասում էին … ուսուցիչներս էին ասում. «Նա կարող է, բայց չի ուզում. շատ ծույլ է»: Եվ ես, իրո՛ք, չէի ուզում սովորել: Ես ուզում էի միայն թատրոն, ես մտածում էի միայն թատրոնի մասին, իմ միտքն ու ուշքը թատրոնն էր: Եվ, այնուամենայնիվ, դպրոցն ավարտեցի երեքներով, հինգերը՝ ավելի քիչ:
Չեմ կարող ասել, որ չար չէի: Բայց չարաճճիությունը դարձյալ կապված էր թատրոնի հետ: Այն կայանում էր նաև նրանում, որ ես և ընկերներս շատ էինք տարված երաժշտությամբ, հատկապես ջազային: Այդ ժամանակ ջազը շատ մոդայիկ էր: 30-ական թվականներն էին, և ջազը համարյա արգելված էր: Իսկ մենք հենց ջազ էինք սիրում և երգում: Ինչ խոսք, մեզ վռնդում էին դասերից, նկատողություն էին անում, իսկ երբ մենք ներկայացումներով ապացուցեցինք, որ բնականորեն տարված էինք թատրոնով, շատ դեպքերում ներում էին և մեզ հետ խիստ չէին վարվում:
Ասում են՝ վատ հանդիսատես ունենք: Ըստ իս՝ վատ հանդիսատես չի լինում, լինում է վատ դերասան, վատ ներկայացում: Իտալիայում վատ երգիչների ժամանակ հանդիսատեսը աղմկում էր և նեխած պոմիդորներ նետում բեմ: Դա վատ հանդիսատես չէ, այլ հանդիսատես, որը կարողանում է գնահատել իսկական արվեստը: Նույն հանդիսատեսը ծափեր ու ծաղիկներ է շռայլում լավ երգչին:
Ըստ իս՝ թատրոնը, թատերական ներկայացումը առաջին հերթին տոն է: Զվարթության մեջ է թատրոնի ուժը: Մենք պետք է ձգտենք, որ ներկայացումները առաջին հերթին լինեն ուրախ: Այո, ուրախ: Խելամիտ և ուրախ:

Կարպ Խաչվանքյան

Գրառումը՝  Մենք ենք, մեր արժեքները ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed