Ես անընդհատ աշխատում եմ. Մհեր Մկրտչյան

Ահա ավարտվել է փորձը, ներկայացումը կամ էլ նկարահանումը, և դերասանը գնաց իր համար… հանգստանալու: Որոշ դերասաններ այդպես էլ անում են: Եվ ինչ լավ բան դուրս կգա դրանից: Իմ ուսուցիչը` Աճեմյանը, աշխատում էր նույնիսկ տրամվայի մեջ: Ինչ-որ գրառումներ էր անում թղթի փոքրիկ կտորների վրա: Վերջին փոքրիկ նշումները` երեկոյան ներկայացման համար: Նույնիսկ բոլոր տեսակի հավաքներին, ժողովներին, նա միշտ ինչ-որ բան էր նկարում: Հետո պարզվում էր, որ միզանսցենաների համար էսքիզներ էր անում. ինչպես շարժվել բեմում, ինչպես, երբ և ուր գնալ համապատասխան ռեպլիկի ժամանակ, ինչպես համագործակցել խաղընկերոջ հետ: Ես հետևել եմ, թե ինչպես է աշխատում հրաշալի դերասան Լևոն Զոհրաբյանը: Նա նկարում էր ինչ-որ շրջանակներ, տարօրինակ նշաններ և այդ նշանները ենթադրում էին տարբեր զգացմունքներ, և միաժամանակ շարունակում էր խոսել, հարցերին պատասխանել … Ամեն դերասան իր մեթոդն ունի:

Դերասանի աշխատանքը յուրահատուկ է, այն տարբերվում է մարդկանց կատարած մնացած բոլոր աշխատանքներից:  Պետք է ձեզ ասեմ, որ դերասանն աշխատում է ոչ միայն բեմում ու կադրում, ինչպես մտածում են մեր հանդիսատեսներից շատերը:

Ես անընդհատ աշխատում եմ: Տանը, երբ հյուրեր են լինում, խոսակցություններ, ինչ-որ բան եմ ասում, ինձ են ինչ-որ բան ասում, պատասխանում եմ… Բայց միտքս շարունակ աշխատում է, պտտվում է այն կերպարի շուրջը, ինչը պիտի ստեղծեմ բեմում կամ  էկրանին: Ես հարմարվում եմ դերին: Հաճախ թափառում եմ փողոցներով: Երբեմն գիշերներով: Բարձրաձայն արտասանում եմ տեքստը, ինձանից խուսափում են հատուկենտ անցորդները:  Եվ տանը, և փողոցում ուշադրությունս ինքնաբերաբար միանում է, երբ տեղի է ունենում որևէ հետաքրքիր բան կամ տեսնում եմ գույներ, կյանքին վերաբերող մանրամասներ, որոնք կարող են ինձ պետք գալ այն կերպարը ստեղծելիս, որի վրա աշխատում եմ:

Զարմանալի է, թե ինչպես է աշխատում դիտարկման ու հիշողության մեխանիզմը: Ինձ թվում է` ես քնած ժամանակ էլ եմ աշխատում: Բայց ինձ միշտ տանջում է այն միտքը, թե միգուցե ես ինչ-որ մեկին նմանակում եմ:

Շատ գնահատում և պահպանում են իմ ինքնատիպությունը: Կարծում եմ դերասանի համար դա շատ կարևոր է: Մեր մասնագիտությունը մարդուն ճանաչելն է: Իսկ չէ որ դա ամենադժվարն է: Այդ ճանաչողությունը շարունակվում է ամբողջ կյանքում:

 

Հատվածներ` Ֆրունզիկ Մկրտչյան, “Я так думаю…” գրքից: Գիրքը լույս է տեսել 2009-ին, մեծ դերասանի 80-ամյակի կապակցությամբ:

Տարածել`
Share

You may also like...