Ելենա Բորիսենկոն այսօր նշում է ծննդյան 43-ամյակը

Life.panorama.am-ը գրում է ՝
Մշտապես երիտասարդ ու ժպտադեմ Ելենա Բորիսենկոն այսօր նշում է ծննդյան 43-ամյակը:
Դերասանուհին պատմել է ընկերների անակնկալի ու կյանքի ամենամեծ երազանքի մասին:
«Ես սիրում եմ հենց կեսգիշերին, երբ փոխվում է օրը, շնորհավորել հարզատներիս ու այդ ժամից սկսած տոն դարձնել նրանց օրը, իսկ երեկ պարզվեց, որ ընկերներս էլ իմ մասին են հոգ տարել ու հենց կեսգիշերին որոշել են անակնկալ անել ինձ: Ռեժիսոր Ռոման Մուշեղյանն ու պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը, ինչպես նաեւ մտերիմ ընկերուհիներս ու քույրս ուղիղ կեսգիշերին այնքան ուրախ մեկնարկեցին ծննդյանս օրը, որ այն հաստատ երկար եմ հիշելու»,- պատմեց հոբելյարն ու շարունակեց.
«Անկեղծ ասած հենց հիմա գտնվում եմ «Կալիգուլա» գեղարվեստական ֆիլմի փորձերին, այսօր էլի աշխատանքային ծրագրեր կան: Օրեր առաջ թվում էր, թե մոռանալու եմ ծննդյանս օրը, բայց ինչպես հասկանում եմ՝ այսօր դա անհնար կլինի, պլաններս ինչպես միշտ չեն հաջողվում: Վստահ եմ՝ երեկոյան ինձ ինչ-որ աննորմալ բան է սպասվում, միայն թե չգիտեմ՝ ինչ: Ի դեպ՝ ծննդյանս օրը շատ եմ սիրում, անասելի կարեւորում եմ մարդու ծնունդը, քանի որ դրա մեջ մի յուրօրինակ ուրախ բան կա, նշանակում է՝ այս կյանքում անելիք ունես»:
43-ամյա դերասանուհին ինքն իրեն պարզ բարեմաղթանք ունի՝ երջանկություն, իսկ Ելենան իրեն երջանիկ կզգա հետեւյալ նախապայմաններում.
«Տարիքի հետ էլ ավելի է մեծանում ցանկությունս, որ ծնողներս առողջ լինեն ու երկար ապրեն: Ես աննորմալ կապածություն ունեմ նրանց հետ, ուզում եմ, որ այս տարվա նման ամեն տարի մայրս ճիշտ կեսգիշերին գրի, որ ես իր ամենա-ամենան եմ»,- նկատեց նա ու հավելեց.
«Ես սովորել եմ նորմալ նայել այն ամենին, ինչ չկա իմ կյանքում, գլխավորը խաղաղ, սիրված ու առողջ ապրենք, իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, կցանկանամ նորարարություններ լինեն ու կատարվեն թաքուն պահված երազանքներս»:
Իսկ վերջում օրվա հերոսուհին նկատեց, որ մեծանալն իրեն չի վախեցնում, փոխարենը անհանգստանում է հենց այդ անվախությունից.
«Տարիքից չեմ վախենում, բայց արդեն իսկ վախենում եմ նրանից, որ տարիների գումարն ինձ չի անհանգստացնում: Մարդիկ մշտապես կարծել են, թե տարիքիցս ավելի փոքր եմ, կարծում եմ՝ իսկապես այդպես է: Իմ ու քրոջս արտաքին տեսքի համար շնորհակալ եմ ծնողներիս, նրանց գենին, նրանք երեւի երկար ու սիրով են սպասել մեզ, մենք էլ սիրուց ենք ծնվել, թերեւս հենց սա է մեր երիտասարդության գաղտնիքը»,- ավարտեց Ելենան:
Հեղինակ Անուշիկ Մելքոնյան
- Previous Այն մասին, թե ինչու եք դոփում նույն տեղում
- Next Միխայիլ Գալուստյանը պատչատսվում է ֆիլմ նկարահանել