Եթե ոչ գիտակցությունս, ապա բնազդս երևի ասում էր, որ մայրամուտիս եմ մոտենում. Վ. Փափազյան

–Վաղուց, դեռևս Փարիզում: Մի օր հյուր էի Կավրոշի տանը: Բավական մարդ կար, այնտեղ էր նաև Արշակ Չոպանյանը: Մի դեպք պատմեցի, սիրո պատմություն, բոլորը զգացվեցին, իսկ Անահիտը լաց եղավ: Չոպանյանն ասաց. «Պարոն Փափազյան, դուք պետք է գրեք, պետք է անպայման գրեք, դուք գրող եք»:
–Շատ անհասկանալի է, թե ինչպե՞ս դրանից հետո մարդը կարող է չգրել կամ գրել քսան տարի անց միայն:
Ժպտաց:
–Գիտե՞ս ինչ, դա էլ իր պատճառն ունի:
–Ժամանակ չե՞ս ունեցել,– շտապեցի ես:
–Այո, իհարկե, ժամանակ չեմ ունեցել: Գրելու համար հանգիստ, նստակյաց կյանք է հարկավոր, իսկ ես միշտ վազքի մեջ եմ եղել, թատրոնով կլանված, թատրոնին անձնատուր և ամեն անգամ, երբ մտքովս անցել է գրիչ առնել ու մի բան գրել, զգացել եմ ինձ դավաճանի դերում: Ինձ թվացել է, թե դավաճանում եմ բեմին, իսկ թատրոնը ինձ համար ամեն ինչ է, թատրոնն այն է, որին երբեք չեմ դավաճանել ոչ մեկ պարագային:
–Իսկ ինչպե՛ս եղավ, որ դա 1954-ին չխանգարեց գրելու «Հետադարձը»:
–Եթե ոչ գիտակցությունս, ապա բնազդս երևի ասում էր, որ մայրամուտիս եմ մոտենում և, դժբախտաբար, այլևս այն չեմ թատրոնի համար, ինչ էի:
Հատվածը Ռուբեն Զարյանի
«ՀՈւՇԱՊԱՏՈւՄ» գրքից