Եթե կադրիս մեջ է, ուրեմն արդեն դադարել եմ կողքից հետևել. Աշխեն Դավթյան

«Մենք» առցանց մշակութային լրատվականը զրուցել է լուսանկարիչ Աշխեն Դավթյանի հետ:

1. Ինչպե՞ս ես որսում կադրդ:  Լուսանկարելու ընթացքում տրվում ես էմոցիաներին և անմահացնում պահը, թե՞ կա մի մշակված ուղեծիր, որով անցնելով է միայն հաջողվում այն լավագույն տարբերակով ներկայացնել:

Կախված է նրանից, թե ինչ եմ նկարում ու ինչ նպատակով: Կադրեր կան, որ նախապես գիտեմ՝ ինչ եմ տեսել ու ինչի համար եմ նկարում, կադրեր էլ կան, որ զգում եմ հենց այդ պահին պետք է որսամ, բայց նկարելուց հետո եմ հասկանում միայն,  թե ինչ կամ ինչի համար եմ նկարել:

2.   Ի՞նչ է քեզ համար ժամանակը:

Ժամանակը զգալը նույն այն գիտակցումն է, որը ստիպում է աշխատել, ու մի օր հասկանում ես, որ հասել ես արդյունքի:

3. Նախընտրում ես կադրի մե՞ջ «տեսնել» որսածդ պահը,թե՞ դրան կողքից հետևել:

Եթե կադրիս մեջ է, ուրեմն արդեն դադարել եմ կողքից հետևել: Կարելի է ասել, որ առաջին հերթին ուշադրությունս է գրավում, հետո արդեն սկսում եմ հետևել, բայց ոչ թե կողքից, այլ հենց կադրում:
4. Ի՞նչպես տեսնել այն, ինչ մյուսներին հասու չէ:
Ցանկացած մասնագիտություն ունի իր առանձնահատկությունները: Շատ կարևոր է, որ մասնագետն ունենա իր ուրույն կարծիքն ու յուրահատուկ մոտեցումն ու նույնիսկ առաջարկը: Եթե արել ես մի բան, ինչը տարբերվում է, դա չի նշանակում, որ մյուսներին հասու չէ, պարզապես դա հենց քոնն է:

5. Ո՞րն է քեզ համար իսկապես հաջողված լուսանկարը:

Կարծում են այն նկարներն են հաջողված, որոնք ավելի շատ են քննարկման ենթարկվում: Թե մասնագետները, թե պարզապես նայողները գտնում են կադրում մի բան, ինչի շուրջ կարելի է երկար խոսել:

6. Ո՞ւմ համար ես նկարում. քո՞, թե՞ այն տեսնողի:

Ռեպորտաժների դեպքում մի քիչ ուրիշ է. դրանք հիմնականում ունեն պատվիրատու: Իսկ այն նկարները, որոնք ես զգում եմ, որոնք սիրում եմ, որոնք կան, դրանք առաջին հերթին իմն են՝ չնայած հաճախ եմ ինքս ինձ կանգնեցնում նաև այն մտքի վրա, որ դրանք միևնույն ժամանակ նաև տեսնողի համար են, որովհտեև ինձ համար շատ կարևոր և հաճելի է ունենալ գնահատող:

հարցազրույցը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...