Եգիպտական Նարմերի աղյուսը

newsline.am-ը գրում է՝

Հին Եգիպտոսի պատմությունն ընդունված է բաժանել հետևյան ժամանակաշրջանների.

  1. Վաղ թագավորություն (մ.թ.ա. IV հազարամյակ)
  2. Հին թագավորություն (մ.թ.ա. XXX-XXIII դդ.)
  3. Միջին թագավորություն (մ.թ.ա. XXI-XVIII դդ.)
  4. Նոր թագավորություն (մ.թ.ա. XVI-XI դդ.)
  5. Ուշ ժամանակներ (XI դ.-մ.թ.ա. 332թ.)

Այս ժամանակաշրջաններից յուրաքանչյուրը նշանակալի դեր խաղաց  հին եգիպտական արվեստի զարգացման մեջ:

Վաղ թագավորության կարևոր հուշարձաններն են սալաքարերը, որոնք բաժանվում էին 2 խմբի: Մի խմբի վրա պատկերվում էին որսի տեսարաններ, տարբեր կենդանիներ, հետաքրքիր էակներ, իսկ մյուս խմբի վրա` պատերազմներ համայնքների միջև: Վերջինիս թվին է պատկանում Նարմերի աղյուսը կամ ներկապնակը: Ներկապնակ էր կոչվում, քանի որ աղյուսի վրա կար խորացված հատված` ներկի համար, որն օգտագործվում էր ծիսակատարությունների ժամանակ:

Վաղ թագավորության ժամանակ Եգիպտոսը բաժանված էր 2 թագավորությունների` Հարավային և Հյուսիսային: Այս երկու թագավորությունների միջև անընդհատ պայքար է տեղի ունեցել, որն ավարտվել է Հարավային Եգիպտոսի հաղթանակով: Այդ ժամանակ Հարավային Եգիպտոսի արքան եղել է Մենեսը կամ Նարմերը: Ըստ երևույթին այս երկուսը նույն անձն է և անուններից մեկը կրել է մինչև միասնական թագավոր լինելը, իսկ մյուսը ողջ երկրի թագավորը լինելուց հետո:

Հենց այս հաղթանակն էլ պատկերված է Նարմերի աղյուսի վրա: Ռելիեֆը կառուցվում է հորիզոնական շերտերով, մի դրվագը մյուսի տակ, դրա շնորհիվ ընկալվելով որպես պատմություն, որը զարգանում է կանոնավոր հաջորդականությամբ:

Աղյուսի վրա Նարմերի հզորությունն ընդգծվում է նրա արտաքին չափերով, որոնք անհամեմատ գերազանցում են մնացած բոլոր մարդկանց չափերը: Շատ ավելի մեծ է պատկերվում նաև այն հատվածը, որտեղ Նարմերը հարվածում է թշնամուն:

Ուշագրավ է աղյուսի հակառակ կողմի ռելիեֆը.  երկու երկարավիզ հովազներ, որոնց պարանոցները հատվում են` արդյունքում ստեղծելով փոսիկ` ներկի համար: Նրանց պարանոցները պարաններով պահում են երկու պատանդներ: Այս տեսարանը դեռ մեկնաբանված չէ մասնագետների կողմից:

Նարմերի աղյուսը (ինչպես նաև Պալերմոյի քարը) կարևոր սկզբնաղբյուր է Եգիպտոսի պատմության ուսումնասիրման համար: Այն ունի 64 սմ բարձրություն, թվագրվում է մ.թ.ա. մոտ 3000 թվականով և պահվում է Կահիրեի Եգիպտական թանգարանում:

Անի Պետրոսյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed