Դրվագներ հայազգի հայտնի մեկենասի կյանքից. Միքայել Արամյանց

Վրացական «gza.ambebi.ge» կայքը ծավալուն հոդված է հրապարակել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին Թբիլիսիում բնակված հայազգի հայտնի մեկենաս Միքայել Արամյանցի կյանքի որոշ դրվագների նկարագրությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի` Ալիք մեդիայի թարգմանությունը: 

1919 թվականի մայիսի 14-ին, Թբիլիսիի ռուսալեզու «Գրուզիա» թերթը քրեական խրոնիկայի սյունակում առևանգման մասին մի կարճ տեղեկատվություն է հրապարակել: Այն ժամանակ այսպիսի տեղեկատվությունը սովորական բնույթ էր կրում` քաոսի մեջ գտնվող երկրում, որտեղ հարձակվում էին գնացքների ու նավերի վրա, մարդկանց բացահայտ կողոպտում փողոցներում, քաղաքացու առևանգումը որևէ մեկին չէր զարմացնում: Այս ծանուցումը, սակայն, սովորական քրեական պատմության սահմաններից դուրս էր: Բանն այն է, որ հանցագործները առևանգել էին Թբիլիսիի ամենաճանաչված վաճառականներից մեկին՝ Միքայել Արամյանցին: Հենց այն Արամյանցին, որի անունով մինչ օրս Թբիլիսիի բնակիչները շարունակում են կոչել քաղաքի առաջին հիվանդանոցը:

Առևանգման դեպքը թերթը նկարագրում է հետևյալ կերպ.

«Սույն թվականի մայիսի 12-ին, երեկոյան ժամը 8-ի շրջանում, Սերգիի (ներկայիս Մաչաբելի) փողոցում, իր տնից դուրս գալիս վաճառական Արամյանցը հարձակման է ենթարկվել Լերմոնտովի և Սերգիի փողոցների խաչմերուկում: Անհայտ անձինք Արամյանցին բռնի նստեցրել են մեքենան և նրան  տարել անհայտ ուղղությամբ: Ականատեսները դեպքի վայրում աշխատող ոստիկաններին ասել են, որ առևանգողների խումբը Արամյանցին զենքի սպառնալով մեքենա են նստեցրել: Այս պահի դրությամբ հայտնի է, որ առևանգողները երեքն են եղել: Քաղաքացիները փոխանցել են նաև մեքենայի համարանիշը` 19:»

Միքայել Արամյանցը  քաղաքի ամենահարուստ վաճառականներից էր: Նա Թբիլիսիի վաճառականների բարձրագույն համքարության անդամ էր, ով` Դավիթ Սարաջիշվիլիի, Ալեքսանդր Մանթաշեւի, Եվգենի Զեմելի, Ակակի Խոշտարիայի եւ Մելիք Ազարյանցի հետ միասին քաղաքի զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել: 


Aramyants-family-in-akhtala (1)

Ծնունդով Ղարաբաղից Միքայել Արամյանցի` առեւտրի նկատմամբ հակումը ակնհայտ դարձավ դեռեւս 15 տարեկանից: Գործի մեջ հմտանալու համար նրան որպես օգնական ուղարկել են աշխատելու հայտնի առևտրական Թարումանյանի մոտ: Վերջինս առևտրով էր զբաղվում ինչպես Ղարաբաղում, այնպես էլ արտասահմանում: Որոշ ժամանակ անց Արամյանցը այնպիսի տաղանդ  է ցուցաբերում, որ նրան նշանակում են «Գործընկերություն» մասնավոր ընկերության ներկայացուցիչ Թավրիզում:  Այս նշանակմանը հաջորդած 4 տարիների ընթացքում Միքայելը կուտակում է իր առաջին կապիտալը` շուրջ 3000 մանաթ: Այն ժամանակ սա արդեն բավականին մեծ կարողություն էր համարվում: Այս գումարի արժեքը հասկանալու համար, կարելի է բերել մի օրինակ` այս ժամանակ լավ ցեղատեսակի 1 կովի արժեքը 3 մանաթ էր: Եւ ուրեմն իր այս սկզբնական կապիտալով, 1871թ. Արամյանցը ուղևորվեց Կովկասի ակտիվ ու ճանաչված կենտրոն՝ Թիֆլիս:

Կարճ ժամանակ անց, ընդամենը 28 տարեկան հասակում, Միքայել Արամյանցն արդեն ուներ իր առաջին միլիոնը: Վաստակած այս դրամագլխով, վաճառականը սկսեց գործվածքների, մետաքսի, բրդի առևտրով զբաղվել: Ներգրավված էր նաև շաքարավազի տարանցիկ առեւտրում` Մարսելի, Թավրիզի ու Թեհրանի միջեւ: Սակայն վաճառականի իրական մեծ հարստությունը ձեւավորվեց նավթարդյունաբերության ոլորտում ներգրավվելուց հետո:

Արդեն 1884-ին մեկնում է Բաքու, որտեղ արդեն իսկ հայտնի վաճառական Ալեքսանդր Մանթաշեւի հետ նավթային ընկերություն է հիմնում, որի բաժնեմասերի 25%-ը պատկանում է հենց Միքայել Արամյանցին: Նրա ահագնացող կարողության մասշտաբները պատկերացնելու համար, հարկ է նշել, որ ասենք միայն Ապշերոնի թերակղզում ընկերությանն էր պարտկանում նավթով հարուստ 173 ակր հողատարածք, նավթի գործարան, պոմպակայաններ, հատուկ նախագծված նավահանգիստ ու բազմաթիվ արհեստանոցներ: Արամյանցի ընկերությունը գրասենյակներ է բացել Զմյուռնիայում, Սալոնիկում, Կոստանդնուպոլսում, Ալեքսանդրիայում, Կահիրեում,  Պորտ Սաիդում, Մարսելում, Լոնդոնում, Բոմբեյում և Շանհայում:

Elizabeth-aramyants
Եղիսաբեթ Արամյանց

Առևտրի մեջ գերհաջողակ Արամյանցի բախտը, սակայն, անձնականկյանքում չի բերել: Դեռևս Թբիլիսիում բնակվելու ժամանակ, նա սիրահարվում է հայտնի գործարար Շոլկոյանցի 18-ամյա դստերը՝ Եղիսաբեթին, ում հետ շուտով ամուսնանում և նորաստեղծ ընտանիքով տեղափոխվում է Բաքու: Շուտով խնդիրներ են ծագում կնոջ հավատարմության տեսանկյունից, եւ Արամյանցի տանը կռիվն ու աղմուկը սովորական երևույթ է դառնում: Եղիսաբեթը թեթևաբարո եւ անզուսպ կին գտնվեց, ով շատ սիրեկաններ ուներ, ժամանակի մեծ մասն անց էր կացնում ժամանցային ակումբներում ու ռեստորաններում: Կնոջը սաստելու նպատակով Միքայելը փորձում է սահմանափակումներ մտցնել` գումար չտրամադրելով, սակայն ապարդյուն, վերջինս սկսում է տնից փող գողանալ: Երբ Արամյանցը կողպում է փողի դարակը, Եղիսաբեթը սկսում է գրավ դնել տան թանկարժեք իրերը:

Եղիսաբեթը չէր սիրում Բաքուն: Նա այս քաղաքը գավառական ու մեկուսացած ծայրամաս էր համարում եւ անդադար համոզում ամուսնուն վերադառնալ Թիֆլիս, ինչը նրան ի վերջո հաջողվում է: Բաքվում վաճառելով ունեցվածքն ու գործարանները` Միքայելը վերադառնում է Թիֆլիս, սակայն սրանից ներընտանեկան լարվածությունը չի վերանում: Արամյանցի կնոջ սիրավեպերի մասին էր խոսում ու ծաղրուծանակի էր ենթարկում ողջ քաղաքը: Խոսում էին այն մասին, որ նա ոչ միայն սիրեկանների, այլև ցանկացածի հետ կարող էր սեռական հարաբերություններ ունենալ: Նաև ասում էին, թե սիրեկանների հետ կապի մեջ էր մտնում հասարակական վայրերում` պուրակներում ու հրապարակներում: Արամյանցը կնոջ դավաճանությանը երկար ժամանակ չէր հավատում, կարծում էր, թե այս լուրերը տարածում էին հակառակորդները, բայց մի օր պատահաբար նրա ձեռքն է ընկնում Եղիսաբեթի սիրային նամակները, ինչը վերջին կաթիլն է դառնում,եւ ամուսինները բաժանվում են: Ամուսնալուծության դատավարությունը տևում է 8 տարի, որի ընթացքում Արամյանցը կորցնում է ունեցվածքի ծանրակշիռ մասը:

Եղիսաբեթից հետո Արամյանցը մտերմանում է Թիֆլիսի հայտնի գեղեցկուհի` Եվգենիա Շխիյանցի հետ, որի հետ չնայած պաշտոնապես չեն ամուսնանում, սակայն ամենուր ներկայացնում է նրան որպես իր կին: Սիրեցյալի համար Միքայելը քաղաքի կենտրոնում` Օլգիի փողոցում եռահարկ տուն է կառուցում, որի բակում Փարիզում պատվիրված եղջերուի բրոնզե արձան է կանգնեցնում: Ցավոք գործարարի բախտը Եվգենիայի հարցում եւս չբերեց, կարճ ժամանակ անց Շխիյանցը սիրեկանի հետ լքում է Թիֆլիսը: Արամյանցը վերջնականապես հաստատվում է Թբիլիսիում` ջանքերը ներդնելով շինարարության ոլորտում, ինչը եւ’ բարեգործություն էր և’ եկամտի աղբյուր:

Aramyants-Majestic-Hotel
Մաժեստիկ» հյուրանոցը

Թբիլիսիի կենտրոնական Գոլովինի (այժմյան Ռուսթավելիի) պողոտայում Արամյանցը կառուցում է «Մաժեստիկ» հյուրանոցը (այսօրվա «Թբիլիսի Մարիոտը»), «Պալաս Օթել» հյուրանոցը (այսօրվա թատերական համալսարանը) և իհարկե` քաղաքի մունիցիպալ հիվանդանոցը, որը ի տարբերություն հյուրանոցների, կոմերցիոն նախագիծ չէր: Այս հարցում Միքայելը հաշվի է առնում քաղաքի կառավարման խորհրդի ղեկավար-քաղաքապերի՝ Արղուտյան-Երկայնաբազուկի խնդրանքը:

Aramyants-hospital
Արամյանցի անվան հիվանդանոցը

Հիվանդանոցի կառուցման պահին Թիֆլիսում գործում էր միայն մեկ քաղաքային կլինիկա, որին ժողովուրդը անվանում էր «Միխայիլի հիվանդանոց»: Հիվանդանոցը  լի էր հիվանդներով, որտեղ քաղաքաբնակները նորմալ բուժօգնություն ստանալու հնարավորություն չուներ: 1903 թվականին Արղուտյանին ուղղված Արամյանցի նամակում ասվում է նոր հիվանդանոց կառուցելու իր ծրագրի մասին: «Պատիվ ունեմ տեղեկացնել Ձերդ գերազանցությանը, որ հիվանդանոցի կառուցման համար 100 հազար ռուբլի կնվիրաբերեմ»: Սրա դիմաց Միքայելը պահանջում է, որպեսզի հիվանդանոցն իր անունը կրի: Հիվանդանոցը, որի համար Ցարական Ռուսաստանում նախադեպը չունեցող եվրոպական ռենտգեն սարք է պատվիրվում, իր ավարտուն տեսքն ստացավ արդեն 1910-ին: Արամյանցի հիվանդանոցում բուժում ստանալը անվճար էր, իսկ բժիշկների աշխատավարձերը վճարում էր ինքը` Արամյանցը:

Սակայն վերադառնանք մեր պատմության սկզբին` Արամյանցի առևանգման պատմությանը: Ակնհայտ է, որ առաջին համաշխարհային պատերազմը և դրա արդյունքում աշխարհում տիրող խառնաշփոթ իրավիճակը իրենց բացասական ազդեցությունն ունեին առեւտրի վրա, ինչից զերծ չմնաց նաեւ Արամյանցը: Այսուհանդերձ, միլիոնների կարողություն ունեցող Միքայելի կենցաղի վրա ստեղծված իրավիճակը առանձնապես չէր անդրադարձել: Գործարարին առեւանգողների հաշվարկներով Արամյանցը մեծ կորուստ չէր կրելու, եթե նրա միլիոններից մի քանի հազարը պակասեր: Հատկապես հաշվի առնելով, որ փող տալու փորձ Արամյանցը նախկինում ունեցել էր: Դեռևս 1907թ. հանցագործները առևանգել էին նրա որդուն՝ Սողոմոնին: Արամյանցը նրան վերադարձնելու համար վճարել էր 100 հազար ռուբլի, ինչն այն ժամանակվա համար մեծ գումար էր համարվում:

Առեւանգումից հետո, քաղաքի ոստիկանությունը Արամյանցին ազատ արձակելու համար  միջոցներ է ձեռնարկում: Արագ կերպով հնարավոր է դառնում հայտնաբերել և ձերբակալել ավտոմեքենայի վարորդին` ոմն Էռնեստ Կրոնտալին, որի ցուցմունքներից պարզ է դառնում, որ առևանգողները Արամյանցին տարել են Կուկիայի գերեզմանատան ուղղությամբ: Հանցագործներին հայտնաբերելու նպատակով, ոստիկանությունը Թբիլիսիի Նաձալադեւի թաղամասում գիշերային ժամերին մի քանի կասկածելի անձ է ձերբակալում: Այսուհանդերձ, թերթերը չեն գրում, թե ի՞նչ հանգամանքներում է հաջողվում ազատել Արամյանցին, միայն պարզ է եղել, որ հանցագործները առևտրականին առևանգելուց մեկ օր անց բաց  են թողել նրան: Հենց նույն օրը, Թիֆլիսի քրեական ոստիկանության ղեկավար Փաչուլիան անձամբ է հարցաքննում Արամյանցին, սակայն նրանից որևէ արժեքավոր տեղեկություն չի ստանում:

Արամյանցը ասում էր, որ առևանգողներին չի ճանաչում, նրանց արտաքինը չի հիշել, հետևաբար չէր կարող լրացուցիչ տեղեկություններ հաղորդել: Միքայելի խոսքերով, նրանից ընդամենը 14 հազար ռուբլի են խլել, իսկ ոսկե ժամացույցը և ադամանդե զարդը վերադարձրել են: Փաչուլիան այնպիսի տպավորություն է ստացել, թե Արամյանցին վախեցրել են, ինչի պատճառով նա չի ցանկացել բացահայտել հանցագործների ինքնությունը: Չնայած գործի շուրջ առկա տեղեկությունների սակավ լինելուն, ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները, ինչի արդյունքում Ճիաթուրայում ձերբակալվում է Արամյանցին առևանգողներից մեկը՝Լացիա Լոլաձեն, ում Թիֆլիս են տեղափոխում ուժեղացված հսկողությամբ: Ավելի ուշ պարզվում է նաեւ հանցավոր խմբավորման ղեկավարի ինքնությունը` դա հայտնի ավազակ Փիրանա Զանդուկելին էր:

«Միություն» թերթ, 1919 թվականի հունիսի 10 

«Թիֆլիսի ոստիկանապետին պարզ դարձավ, որ հայտնի ավազակ Զանդուկելին, որը մեղադրվում էր այլ մեծ հանցագործությունների  մեջ՝ ոստիկանի և գվարդիականի սպանություն, Արամյանցի առևանգման և այլն, թաքնվում էր Ջվարիի վանքում (Մցխեթայի շրջանում): Նրան ձերբակալելու համար հունիսի լույս 7-ի գիշերը, ոստիկանները 2 մեքենայով ոստիկանապետ Սալուքվաձեի, քրեական արդարադատության ղեկավարի` Փաչուլիայի և հատուկ նշանակության ուժերի  ղեկավար Կեդիայի գլխավորությամբ, Թիֆլիսից ուղևորվեցին դեպի Ջվարի: Շրջապատելով Ջվարիի վանքը` խուզարկվեց նաև քահանայի տունը, սակայն Զանդուկելիին չհայտնաբերեցին:

Հարցաքննեցին կուսակրոն Իլարիոնին, որը հսկում էր եկեղեցին: Նա կտրականապես հերքեց վանքում որեւէ մեկի թաքնվելու մասին փաստը:  Արդեն լույսը բացվում էր ու թվում էր, թե ոստիկանությունը Ջվարիի վանքից ձեռնունայն է վերադառնալու: Հանկարծ, եկեղեցու բակում գտնվող Փաչուլիան ատրճանակով կրակում է վանքի վերևում թռչող ագռավին: Այս կրակոցներ են հետևում ոստիկանների ուղղությամբ: Հավանաբար տարածքում թաքնված Զանդուկելիին շփոթեցրել է Փաչուլիայի կրակոցը, ով ենթադրել է, թե ոստիկանությունը գտել է նրա թաքստոցը: Ոստիկանները պատասխան կրակ են բացում ու հենց տեղում սպանում ավազակին: Զանդուկելիի թաքստոցում ոստիկանները հայտնաբերում են մի ամբողջ զինանոց՝ 2 նռնակ, կարաբին, մաուզեր ու բրաունինգ: Այն հարցին,  թե ինչու է խաբել, կուսակրոնը պատասխանել է, որ վախեցել է ավազակի կողմից վրեժխնդրությունից: Կուսակրոնին ձերբակալեցին, իսկ մահացածի աճյունը, ճակատագրի հեգնանքով, տեղափոխեցին Արամյանցի հիվանդանոց:
Mikayel-aramyants-portrait

Արամյանցը կյանքի վերջին տարիները անցել են չքավորության մեջ:  Վրաստանի սոցիալ-դեմոկրատական պետությունը, որը բուրժուազիային առանձնապես արտոնություններ չէր տալիս, նրանից խլեց տներն ու հյուրանոցները:  Գոլովինի պողոտայում գտնվող մեծ շենքում դեռ 1918թ. Գերմանիա-Կովկաս  առևտրային բանկ են բացել, մեկ տարի անց հանձնել արհմիությանը:

Արամյանցին մնաց միայն Սերգիի 4 համարում գտնվող տունը: Սոցիալ-դեմոկրատների  սկսած գործը շարունակեցին բոլշևիկները: 1921թ. խորհրդային իշխանությունները Արամյանցին դուրս հանեցին նաև  Սերգիի փողոցից: Միքայելին իր սեփական տանը մնաց միայն մի փոքր նկուղ, որտեղ ապրում էր երեխաների հետ: Ասում են, որ նրան հաճախ տեսնում էին «Մաժեստիկ» հյուրանոցի մոտ, որի կառուցման համար նա միլիոններ էր  ծախսել: Նա ափսոսանքով նայում էր հիանալի շինությանը,  շոյում պատերը:

Թիֆլիսի պատվավոր քաղաքացի, առևտրականների բարձրագույն  խորհրդի անդամ Միքայել Արամյանցը, որի կարողությունը միլիոններ էր հասնում, 1924թ.  մահացավ աղքատության ու սովի մեջ: Արամյանցի հուղարկավորությանը շատ թիֆլիսեցիներ էին մասնակցում: Նրան հուղարկավորեցին սև ձիերով և սպիտակ ձիակառքով: Արամյանցը վերջին հանգրվանը գտավ   Խոջիվանքի հայկական պանթեոնում: Տարիներ անց կոմունիստական իշխանությունները հայկական գերեզմանատան տեղում  մեծ զբոսայգի կառուցեցին` Արամյանցի գերեզմանն ընդմիշտ կորավ:

 

 

Հեղինակ` Միխայիլ Բասիլաձե

Վրացերենից թարգմանեց` Լուսինե Աստոյանը

Աղբյուրը` aniarc.am

Տարածել`
Share

You may also like...