Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը «Աղետ» համերգային ծրագրով հանդես կգա Ստամբուլում

Ինչպես Ermenihaber-ը հայտնում է,  Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը  «Աղետ» համերգային ծրագրով հանդես կգա Թուրքիայում հայտնում «Աղետ» նածագիծը կներկայացվի նոյեմբերի  13-ին՝ Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում:

Աղբյուրի բնութագրմամբ՝ այդ հանգամանքը կարող է թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության առիթ հանդիսանալ:

Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը նշել է, որ ստամբուլյան համերգը համեմատաբար փոքր շրջանակներում կիրականացվի:
Ռինդտը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ծրագիրը մեծ կարեւորություն ունի նաեւ Գերմանիայի համար, քանի որ Գերմանիան իր պատասխանատվության բաժինն ունի Հայոց ցեղասպանության հարցում:

Նվագախմբի ղեկավարը պատմել է, որ հատուկ Ցեղասպանության հիշատակին նվիրված համերգաշարի համար երեք կոմպոզիտորների՝ թուրք Զեյնեփ Գեդիզլիօղլուին, գերմանացի Հելմուտ Օհրինգին եւ հայ Վաչե Շարաֆյանին ստեղծագորության պատվեր է տրվել:

«Ստեղծագործությանը կիթառով նվագակցող Մարկ Սինանի տատիկը հայ է, մայրը՝ թուրք, հայրը՝ գերմանացի: Սրանից հինգ տարի առաջ «Աղետի» գաղափարն առաջին անգամ հնչեցնողն էլ նա էր: Ստամբուլյան համերգին բեմում կլինեն եւ հայ, եւ գերմանացի, եւ թուրք արտիստներ», – ասել է Ռինդտը:

Իսկ գաղափարի հեղինակ Մարկ Սինանը նշել է, որ Ստամբուլում անցկացվելիք համերգով իրենք ուզում են ցույց տալ, որ համերշխության մեջ են թուրք արվեստագետների հետ եւ համարձակություն ունեն իրենց մտքերն ազատ արտահայտելու: Նա պատմել է, որ Օհրինգի այս ստեղծագործությունում մեծ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ իր հայ տատիկի կյանքի պատմության դերը:

2015թ. նոյեմբերին եւ 2016թ. ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը Գերմանիայի մի շարք քաղաքներում անցկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» համերգաշարը: Այն ֆինանսավորվում էր Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» նախագծի կողմից:

Համերգից առաջ թուրքական կողմը հանդես էր եկել համերգի ֆինանսավորումը կանսեցնելու եւ այն արգելելու պահանջով: Բայց հակառակ գործադրված ճնշումներին՝ Թուրքիայի պահանջը չէր բավարարվել, իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր աջակցությունն էր հայտնել ծրագրին: «Աղետ» համերգաշարին ցուցաբերված ֆինանսական աջակցության պատճառով Թուրքիան հոկտեմբերի սկզբին հայտարարեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին իր մասնակցությունը կասեցնելու մասին:

 Հեղինակ՝ Ազա Ղասաբյան

Աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed