Դուդուկն իմ հոգին է

Սովորաբար դուդուկահարը բավական պատկառելի կազմվածքով տղամարդ է լինում, որովհետև դուդուկ նվագելու համար պետք են ուժեղ թոքեր, ամուր այտեր և նույնիսկ ոչ մեծ փորը չի խանգարի, սակայն Բելառուսում բնակվող Կարինե Դռնոյանը հիանալի տիրապետում է փողային գործիքին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Այսօր դուդուկը Հայաստանում չի համարվում բացառապես տղամարդու գործիք։ Աղջիկներ կան, որոնք դուդուկ են նվագում։ «Ես լավ հիմք եմ ունեցել։ Մինչ այդ սովորել եմ նվագել տարբեր փողային գործիքներ` օկարինա, սրինգ, սաքսոֆոն։ Իսկ դուդուկը իմ հոգին է, ես դա զգացի դեռ այն ժամանակ, երբ առաջին անգամ լսեցի նրա ձայնը։ Հայրս Հայաստանից է, բայց կյանքի մեծ մասն ապրել է Բելառուսում, ուր եկել է Երևանի երաժշտական ուսումնարանից հետո, ամուսնացել է։ Նա դուդուկ չի նվագել, բայց այդ երաժշտությամբ շատ ձայնագրություններ է ունեցել և հաճախ լսել»,- պատմել է Դռնոյանը։ Աղջիկը սերում է երաժշտական ընտանիքից. հայրը խմբավար է, մայրը դոմրա է նվագում։ Կարինեի հայրը մահացել է, բայց բարի հիշատակ է թողել. կնոջ հետ մի քանի երաժշտական դպրոց է բացել Մինսկի շրջանում, ստեղծել «Վեսյալուխա» բելառուսական ժողովրդական գործիքների համույթը։

«Ես դուդուկ նվագել սովորել եմ Հայաստանում։ Դուդուկ նվագելու վարպետությունը գալիս է տարիների հետ, պետք է մշտապես նվագել, կատարելագործվել։ Երևանում դա սովորում են երաժշտական դպրոցում, հետո` ուսումնարանում, կոնսերվատորիայում։ Նույնիսկ դուդուկի մագիստրատուրա կա», — պատմել է Դռնոյանը։ Նա նշել է, որ դուդուկ նվագելու համար պետք է տիրապետել անդադար շնչառության տեխնիկային։ «Դուդուկն այնպիսի գործիք է, որը մշտապես ուշադրություն է պահանջում։ Եթե մի քանի օր դուդուկ չնվագես, եղեգից պատրաստված փողը կպչում է, և այն պետք է աստիճանաբար բացել` տաքացնելով շնչառությամբ։ Ոմանք թրջում են այն ջրում, բայց ես կարծում եմ, որ գործիքի հետ պետք է նուրբ վարվել։ Մյուս կողմից` եթե երկար նվագես, ապա փողն ուռչում է խոնավությունից, ուստի դուդուկին պետք է հանգիստ տալ»,- ասել է Դռնոյանը։ Կարինեն հիանալի նվագում է ոչ միայն հայկական դուդուկ, այլև բելառուսական սրինգ, օկարինա։ Նա այդ գործիքներով վիրտուոզ կատարում է ժողովրդական մեղեդիներ, ջազ, դասական, փոփ երաժշտություն։

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am

Տարածել`
Share

You may also like...