Դովլաթովը կդառնար 75 տարեկան

aravot.am-ը գրում է՝

Այսօր գրող Սերգեյ Դովլաթովը կդառնար 75 տարեկան: Այդ առիթով կիրակի օրը Պետերբուրգում կկանգնեցվի գրողի արձանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, մամուլի ասուլիսում հայտնել է գրող Լև Լուրիեն: Լուրիեն պատմել է, որ Դովլաթովի արձանը քանդակագործ Վյաչեսլավ Բուխաևի և նրա գործընկերների կողմից քանդակվել է դեռ մի քանի տարի առաջ: Սակայն, միայն հիմա է հաջողվել տեղադրել այն, քանի որ, ըստ գործող օրենքի, ինչ-որ մեկի արձանը կարող է տեղադրվել միայն նրա մահից 30 տարի հետո: «Մի քանի տարի մենք հնարավորություն էինք փնտրում այն տեղադրել: Վերջին պահին նահանգապետը լսեց մեզ, լսեց բնակիչների կարծիքը և շրջանցեց այդ օրենքը:

Սեպտեմբերի 4-ին արձանը կտեղադրվի Ռուբինշտեյն փողոցում (23 համարի տան մոտ, որտեղ մի քանի տարի ապրել է Դովլաթովը-խմբ.)»,- ասել է նա: Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ. Ուֆա քաղաքում՝ ազգությամբ հրեա Դոնաթ Մեչիկի և ազգությամբ հայ Նորա Դովլաթովայի ընտանիքում (ուշագրավ է, որ որպես գրական կեղծանուն Դովլաթովը վերցրել է հենց մոր ազգանունը): 1944թ. Դովլաթովի ընտանիքը տեղափոխվել է Պետերբուրգ: 1959-1962թթ. երիտասարդ Դովլաթովը սովորել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում: 1962-1965թթ. ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում, որից ստացած տպավորությունները հետագայում տեղ են գտել նրա հայտնի «Զոնա» պատմվածքում: Զորացրվելուց հետո Դովլաթովն ընդունվել է Լենինգրադի համալսարանի լրագրության ֆակուլտետ, որը կիսատ է թողել: Այդ ընթացքում էլ սկսել է աշխատել որպես լրագրող և պատմվածքներ գրել: Ուշագրավ է, որ նրա բոլոր փորձերը՝ տպագրվել խորհրդային ամսագրերում, հաջողությամբ չեն պսակվել: Դովլաթովն այլախոհ չէր, նրա գրքերում հստակ հակախորհրդային ոչինչ չկար: Ինչու՞ էր այդ դեպքում նրան այդքան համառորեն հրաժարվում ընդունել պաշտոնական գրականագիտական ղեկավարությունը: «Զգում էին, որ նա այն մարդն է, որ իրենց ոչ թե արհամարհում է, այլ իրենց չի նկատում, չի ցանկանում խաղալ իրենց կանոններով: Դա է պատճառը, որ ներքուստ կարծես թե ղեկավարությունը հեռու էր վանում նրան, ինչը նրանց տեսանկյունից, միգուցե, արդարացի էր, քանի որ նրանք զգում էին, որ Դովլաթովն իրենց չի հարգում»,- BBC-ի հետ զրույցում ասել է Դովլաթովի ընկեր, գրող Անդրեյ Արյևը : 1978թ. Դովլաթովը մեկնել է Ավստրիա, այնտեղից էլ ԱՄՆ՝ Նյու Յորք:

ԱՄՆ-ում Դովլաթովի արձակը լայն ճանաչում է ստացել, հրատարակվել բազմաթիվ ամերիկյան թերթերում և ամսագրերում: Սերգեյ Դովլաթովը վախճանվել է Նյու Յորքում 1990թ. օգոստոսի 24-ին՝ սրտային անբավարարությունից: Նրա մարմինն ամփոփված է «Մաունթ Հեբրոն» գերեզմանատանը: 2014թ. սեպտեմբերին Նյու Յորքում հանդիսավոր կերպով բացվեց Դովլաթովի անվան փողոց՝ Sergei Dovlatov Way:

Պատրաստեց՝ Վիկրորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Տարածել`
Share

You may also like...