Դերասան Ռոբին Ուիլյամսի այրին պատմել է նրա մահվան մասին ճշմարտությունը

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսի այրին` Սյուզան Ուիլյամսը, ամուսնու ինքնասպանությունից հետո առաջին անգամ տված հարցազրույցում պատմել է իր ընտանիքի հետ պատահած ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը։
Ինչպես նշում է The Telegraph-ը, People ամսագրի հետ զրույցում 51-ամյա կինն արցունքն աչքերին պատմել է, որ Ուիլյամսի մոտ ախտորոշվել էր Փարքինսոնի հիվանդություն, և բժիշկների կանխատեսմամբ՝ լավագույն դեպքում նրան մնացել էր ապրելու 3 տարի:
«Դա իսկական մղձավանջ էր: Իմ աչքի առաջ ամուսինս օրեցօր փոխվում էր, դառնում անճանաչելի։ Նա իրեն շատ տարօրինակ էր պահում, ֆիզիկական շարժումների հետ կապված լուրջ խնդիրներ էին առաջացել»,- վերհիշել է կինը։
Նա նաև հավելել է, որ դիահերձման արդյունքում հայտնի է դարձել, որ օսկարակիր դերասանը գաղտնի կերպով տառապել է ձեռքբերովի տկարամտությամբ (Lewy body dementia ), ինչով էլ պայմանավորված էր նրա տարօրինակ վարքը:
Բժիշկների կարծիքով՝ Ուիլյամսը հստակ գիտակցում էր, թե ինչ է իր հետ կատարվում, սակայն իրավիճակի շտկումը նրա ուժերից վեր էր: Եվ հենց այդ գիտակցումն էր լուրջ տառապանքներ պատճառում Ուիլյամսին:
Հիշեցնենք, որ դերասանն ինքնասպան է եղել 2014թ. օգոստոսի 12-ին։
- Previous Համացանցում են հայտնվել «Գահերի խաղերի» 6-րդ սեզոնի նկարահանումների լուսանկարները
- Next Նոր համաձայնագիր. այն կնպաստի Արգենտինայում եւ Հայաստանում համատեղ ֆիլմարտադրությանը