«Դա շատ չի ուշանա»՝ Մավր Մկրտչյան. Life Panorama.am

Հավանաբար հաջորդ տարի տեղի կունենա մեզ համար այդ կարեւոր իրադարձությունը. Մավր Մկրտչյան

Life.panorama.am-ը զրույցել է «Ժողովրդական երգիչ 3» նախագծից հայտնի դարձած երգիչ Մավր Մկրտչյանի հետ:

Մեզ հետ զրույցում ժողովրդական երգերի կատարողը հայտնել է, որ բացի այդ ժանրի երգերից, այս պահին կենտրոնացել է նաեւ հայկական դասական երգերի վրա.

«Այս պահին ինտենսիվորեն սկսել եմ աշխատել դասական օպերային երաժշտության ուղղությամբ. մոտակա ժամանակներս այդ ասպարեզում եւս կներկայանամ, կարծում եմ՝ կարող եմ ինձ թույլ տալ նաեւ այդ ասպարեզում իմ խոսքն ու ձայնը տեղ հասցնել»,- պատմեց երիտասարդ երգիչը:

Մավրն ու սիրելին՝ Շուշանիկ Հովհաննիսյանը, ով եւս երգչուհի է, շուտով համատեղ համերգով հանդես կգան.

«Հուլիսի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ես ու Շուշանիկ Հովհաննիսյանը կներկայացնենք հայ դասական երաժշտությանը նվիրված համերգ, որի շրջանակում հանդիսատեսը կլսի ինձ նաեւ այդ ժանրում»,- նշեց երգիչը, իսկ հարցին, թե ինչպե՞ս է նշանադրված զույգը միասին աշխատում, պատասխանեց.

«Մենք կարողանում ենք դասակարգել աշխատանքն ու անձնականը: Միասին աշխատելով՝ փորձում ենք կենտրոնանալ միայն աշխատանքի վրա, իսկ սիրելի լինելը խաղաղ ու համերաշխ աշխատանքին միայն օգուտ է տալիս»:

Թեպետ Մավր Մկրտչյանը այս ընթացքում հետաքրքրված է դասական երաժշտությամբ, բայց իր համար հարազատ ժողովրդական երգարվեստը աչքաթող չի անի.

«Եթե ես ինձ լավ եմ զգում նաև դասական երաժշտություն ներկայացնելիս, դա դեռ չի նշանակում, որ ես այլեւս չեմ գործելու ժողովրդական երգարվեստի շրջանակում: Ավելին ասեմ՝ այս պահին ունեմ մի քանի նոր երգեր, որոնք ըստ հերթականության կներկայացնեմ իմ գործը գնահատողներին: Միաժամանակ, պետք է նշեմ նաև, որ թեպետ հանդիսատեսը ինձ ճանաչել է ժողորվրդական արվեստով, բայց ես դեռ պատանի տարիքից եմ սկսել դասական երաժշտությունով հետաքրքրվել ու միշտ եմ երգել այդ ժանրում եւ ունեմ համապատասխան կրթություն: Ցավում եմ, որ դասական երաժշտությունը մեր հանրության ուշադրության կենտրոնում չէ, կցանկանամ ինքս էլ լումա ներդնել այդ արվեստի պրոպագանդման համար, չէ, որ աշխարհը մեզ ավելի շատ ճանաչում է մեր դասական արվեստի գիգանտներով, քան օրինակ էստրադային երգերի կատարողներով»,- շեշտեց նա:

Ջավախքցի երգիչը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ այսօրվա հայ երիտասարդության՝ ժողովրդական երգերի նկատմամբ հետաքրքրություններին.

«Ես ուրախ եմ, որ հատկապես վերջին տարիներին հայ երիտասարդությունը հետաքրքրված է ժողովրդական երգերով, սա խոսում է բարձր ճաշակի ու հայրենասիրության մասին: Իսկ այդ հարցում, ըստ իս, մեծ նշանակություն ունեցավ երիտասարդ կատարողներիր դերը. Եթե առաջ հիմնականում ավելի ավագ սերունդն էր հնչեցնում ժողովրդական երգեր, ապա այսօր շատ են հանդիպում հենց երիտասարդ կատարողներ, ովքեր ներկայացնելով այդ արվեստը՝ օրինակ են ծառայում իրենց տարեկիցների համար»,- հավելեց ժողովրդական երգիչը:

Իսկ զրույցի վերջում Մավր Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե նախորդ տարվա նոյեմբերին նշանադրված զույգը, ե՞րբ է պատրաստվում ամուսնանալ, որին ի պատասխան երիտասարդ երգիչը նշեց.

«Այս հարցը շատ են ինձ տալիս, ես էլ միշտ պատասխանում եմ՝ «», բայց մոտ ժամանակներս էլ չի իրականանա: Հավանաբար հաջորդ տարի տեղի կունենա մեզ համար այդ կարևոր իրադարձությունը»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Տարածել`
Share

You may also like...