«Դավաճանության» մեխանիկա

Կինոռեժիսոր Ռոման Բալայանը հարցազրույց է տվել «Հրապարակին»: Ասել է, որ Արցախի խնդիրը «հումանիստները պիտի լուծեին»: Նա ծնունդով արցախցի է, Ներքին Հոռաթաղ գյուղից: Եվ, պարզվում է, ապրիլյան պատերազմի օրերին տագնապել է, որ հարազատների շիրիմները հանկարծ կմնան թշնամու տիրապետության տակ: Արվեստագետի հայացք է… Բայց Ռոման Բալայանը մի ավելի ահավոր միտք էլ է արտահայտել, թե աղքատները պետք է մեռնեն հայրենիքում, ինքն աղքատ չէ, կարող է ազատ լինել: Նույնը, բայց խոր ցավով, Համո Սահյանն է ձեւակերպել՝ երկիրը պատկանում է իշխողներին, բայց պատերազմի դեպքում անունը հայրենիք են դնում՝ տալիս ժողովրդին: Ռոման Բալայանը նաեւ ասել է, որ հայրենիքում չէ, որովհետեւ իրեն չեն ընդունել: Հայերս նաեւ «չգնահատված հանճարի» սինդրոմ ունենք: Ազգային «հիվանդության» ախտանիշներից մեկն էլ «չգնահատված լինելն» է, որին, անկասկած, հետեւում է «էս երկիրն ապրելու տեղ չէ» դժգոհությունը: Ի վերջո, մարդը կապում է ճամպրուկները եւ… Եվ երկիրը մնում է «աղքատների մեռնելու տեղը»: Ռուբեն Հախվերդյանի ասած՝ «պզտիկ հատված տարածության», որտեղ տարին մի անգամ կարելի է գալ կամ ատամնաշար փոխելու (աղքատների երկրում դա անհամեմատ էժան է), կամ ծիրան ուտելու եւ Արարատի ֆոնին լուսանկարվելու… Ես տեսել եմ, թե ինչ հպարտությամբ է Մոսկվա-Երեւան չվերթի հայ ուղեւորը ցուցադրում ՌԴ քաղաքացու իր անձնագիրը: Նա «ուրիշ» մարդ է, «քոսոտ» հայաստանցի չէ այլեւս… Աշխարհ շրջած, աշխարհ տեսած Վահրամ Փափազյանը կյանքի վերջին տասնամյակն ապրեց Երեւանում: Վահան Տերյանի անթերի ռուսերենով սքանչացած՝ Մաքսիմ Գորկին նրան խորհուրդ է տվել ռուսերեն գրել: Գրականագետներն ասում են, որ Տերյանի «Չեմ դավաճանի ես իմ Նվարդին…» հրաշալիքը նրա պատասխանն է Գորկուն: Երեւանը քաղաք է դարձրել հայրենադարձ մտավորականությունը՝ անցյալ դարի 30-ականներին: Նրանք ընդունվա՞ծ էին: Պետությունը բոլորին բարձր թոշակ, շքեղ առանձնատո՞ւն էր նվիրել: Հուշագիրները վկայում են՝ ակադեմիկոս Աճառյանը եւ Մանանդյանն ապրել են «կոմունալ բնակարանում», որի մուտքին զանգ էր կախված՝ «Մանանդյանին՝ մեկ, Աճառյանին՝ երկու զանգ» գրությամբ: Բայց նրանք գիտություն են ստեղծել… Նախանցյալ դարում ուշիմ երիտասարդները Գերմանիայում, Ֆրանսիայում կրթություն էին ստանում, վերադառնում՝ Գեւորգյան ճեմարանում, Շուշիի թեմականում, ռեալականում, Ներսիսյան դպրոցում ուսուցիչ էին աշխատում: Այսօր արտերկիր ուսման մեկնելն ու չվերադառնալը քաղաքացու «ազատ տեղաշարժի» իրավունքի իրացում է դարձել: «Գամ՝ ի՞նչ անեմ»,- ասում են: Շոու-բիզնեսի հայ «աստղերը» տարին ինն ամիս «գոհարներ» են նկարահանում Գլենդեյլում, մի ամսով «բարեհաճում» հայրենիք, որպեսզի «ստեղծագործական նոր լիցքեր» ստանան: Ուզում են աղքատ չլինել: Երբեմն իրենց թույլ են տալիս բարեգործական համերգներ տալ, հասույթը հատկացնում են բանակի կարիքներին: «Գնացեք, զենք գնեք, կռվեք, որպեսզի մենք երգելու նյութ ունենանք»: Երկրից արտագաղթի մեկնարկը, ցավոք, մտավորականությունն է տվել՝ գիտնականը, արվեստագետը, գրողը, նկարիչը, երգիչը… Բոլոր հայտնիները դրսում են: Հայրենիքը սիրում են հեռվից, որովհետեւ, հասկանո՜՞ւմ եք, ինչպե՞ս ապրեին Երեւանում, երբ ոչ լույս ունեին, ոչ ջուր, ջեռուցումն անջատված էր… Իսկ Շոստակովիչը պաշարված Լենինգրադում հաղթանակի սիմֆոնիա է գրել: Եվ Լեւոն Խեչոյան տաղանդավոր արձակագիրը, զենքը ձեռքին՝ անցել է աշխարհազորային մարտիկի իր հերոսական ճանապարհը: Իսկ Գերագույն խորհրդի պատգամավոր Սամվել Շահմուրադյանը՝ զոհվել Գանձասարի մատույցներում: Մարդ ակամայից Պատկանյանի մոլեգին զայրույթն է հիշում՝ եթե քո փողից շահ չունի Հայաստանը, թքել եմ քո փողիդ ալ վրա: Եթե քո փառքը չի բարձրացնում հայրենիքը, եթե հայրենիքը քեզ համար միայն հարազատների գերեզմանավայր է, գոնե բարեկրթություն ունեցիր՝ մի ասա: Մի՛ «թքիր» երկիր պահող աղքատների հոգուն: Նրանք մի օր կարող են փակել տունդարձի քո ճանապարհը: Դա նրանց իրավունքն է… Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...