Դաշնակահար Միքայել Հայրապետյանի մենահամերգը տեղի կունենա Գաֆեսչյան կենտրոնում

panorama.am-ը գրում է՝

Այսօր Գաֆեսչյան կենտրոնի սրահում տեղի կունենա դաշնակահար, «Հայաստանի գաղտնիքներ» երաժշտական նախագծի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Միքայել Հայրապետյանի մենահամերգը: Միքայել Հայրապետյանը առաջին անգամ հանդիսատեսի դատին կներկայացնի հայ երգահան Հարո Ստեփանյանի ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացնում են սփյուռքի նախարարությունից:

Միքայել Հայրապետյանն ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան և ներկայումս ուսանում է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, զբաղվում է հայ կոմպոզիտորների անարդարացիորեն մոռացված ստեղծագործություններին նոր կյանք հաղորդելու և հանրային հետաքրքրությունը դեպի հայկական դասական երաժշտությունը սևեռելու ազգանվեր գործով:

Միքայել Հայրապետյանը «Naxos»-ի միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ է, նրա հայ դասական երաժշտության կատարումների ձայնասկավառակները գրախոսվում են աշխարհի լավագույն երաժշտական ամսագրերի՝ «FANFARE», «International Piano», «American Record Guide», «Music Web International» կողմից:

«Հայերն այսօր»-ին տված հարցազրույցում Միքայել Հայրապետյաննասել է. «Իհարկե, ես եկել եմ ծննդավայրիս, հայրենիքիս կարոտն առնելու և վայելելու  Հայաստանի արևը, սակայն գլխավոր նպատակս օգոստոսի 3-ին Գաֆեսճյան   արվեստի կենտրոնի   դահլիճում   կայանալիք համերգս է, որը ես ամբողջովին նվիրում եմ հայ անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանին:  Այդ տաղանդավոր   կոմպոզիտորը մասին, ցավոք, այսօր  քիչ են խոսում, քիչ են անդրադառնում նրա ստեղծագործություններին. դա ինձ  ցավ է պատճառում. ես ուզում եմ, որ մոռացության մշուշում չմնա և ոչ մի տաղանդավոր երաժիշտ, հաճախակի հիշենք նրանց, անդրադառնանք նրանց գործերին:  Հարո Ստեփանյանը 17 տարեկանում կամավոր մասնակցել է 1-ի համաշխարհային պատերազմին, 1919-ին մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում, որտեղ ծանոթացել է Ռոմանոս Մելիքյանի հետ, 1923-ին սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում՝ Միխայիլ Գնեսինի դասարանում, 1926-30թթ. սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարնում, 1927-29թթ. մասնակցել է Քրիստափոր Քուշկարյանի    Հայաստանի տարբեր  շրջաններում կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին, որի  ընթացքում գրի են առնվել 350-ից ավելի հայկական և այլ ազգերի մեղեդիներ. դրանք հետագայում մշակվել են:   Հարո  Ստեփանյանն իր հուշերում  գրել է, որ  այդ արշավն օգնեց իրեն, որպեսզի ավելի լավ ճանաչի Հայաստանի գեղեցկությունը և խոստովանել է, որ իր ստեղծագործություններից շատերը ծնվել են հենց այդ օրերի ստացած տպավորությունների ազդեցության տակ, մասնավորապես՝ «Հե՜յ, Արագած» երգը:  Այս մեծանուն կոմպոզիտորը  ստեղծել է  5 օպերա, 3 սիմֆոնիա, բազմաթիվ ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ, կոնցերտ դաշնամուրի համար: Հարո Ստեփանյանը մեծապես նպաստել  է հայ դասական երաժշտարվեստի հարստացմանն ու զարգացմանը: Նա  1930-34թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1947-ին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, 1938-ին նաև ընտրվել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր:  Նրա մասին մի ինքնատիպ կարծիք է գրել  Գնեսինը. «Հիացմունքի են արժանի Ստեփանյանի նուրբ ճաշակը, բանաստեղծականությունն ու ոճական առկայծումները»:

Այսքան մեծ ներդրում ունեցող երաժշտին մոռանալու կամ հազվադեպ հիշելու  իրավունք չունենք: Ես այս՝ «Հայաստանի գաղտնիքները»    նախագծի շրջանակներում,  որոշել եմ անդրադառնալ երաժշտական  աշխարհի նման հեղինակություններին: Այս նախագծի շրջանակներում  շատ  համերգներ ենք ունեցել»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed