Դանիիլ Խարմս. Գրառումներ

Daniil Kharms, early 1930s

Երբ երկու մարդ շախմատ են խաղում, ինձ միշտ թվում է, թե մեկը մյուսին հիմարացնում է։ Հատկապես եթե փողի վրա են խաղում։
Ընդհանրապես փողով ամեն խաղ ինձ տհաճ է։ Ես արգելում եմ իմ ներկայությամբ խաղալ։
Իսկ թուղթ խաղացողներին մահապատժի կենթարկեի։ Սա խաղամոլների դեմ պայքարի ամենաճիշտ մեթոդն է։
Թուղթ խաղալու փոխարեն կարելի է հավաքվել և իրար գլխի քարմոզ կարդալ։
Թերևս քարոզելը ձանձրալի է։ Ավելի հետաքրքիր է կանանց սիրահետելը։
Կանայք ինձ միշտ են հետաքրքրել։ Ինձ միշտ հուզել են նրանց ոտքերը, հատկապես ծնկներից վեր։
Շատերը կանանց համարում են արատավոր էակներ։ Իսկ ես՝ ամենևին։ Ընդհակառակը, նրանց նույնիսկ ինչ որ բանում հաճելի եմ համարում։
Թմբլիկ, երիտասաւդ կին։ Ինչո՞վ է նա արատավոր։ Ամենևին էլ արատավու չէ։
Այլ բան են երեխաները։ Նրանց մասին ասում են, թե անմեղ են։ Իսկ ես կարծում եմ, որ նրանք միգուցե անմեղ են, սակայն ծայր աստիճան նողկալի են, հատկապես, երբ ոտքի տակ են ընկնում։ Ես միշտ խուսափում եմ այն տեղերից, որտեղ երեխաներ կան։
Լեոնիդ Սավելևիչն էլ երեխաներ չի սիրում։ Այդ ես եմ նրան նման մտքեր ներարկել։ Ընդհանրապես, ինչ ասում է Լեոնիդ Սավելևիչը, արդեն ինչ որ մի ժամանակ ես եմ ասել։
Դե, ոչ միայն Լեոնիդ Սավելևիչը։ Յուրաքանչյուրն էլ ուրախ կլինի իմ մտքերից թեկուզ փոքր ինչ մասնիկներ փոխառնել։ Ինձ համար դա նույնիսկ ծիծաղելի է։
Օրինակ, երեկ շնչակտուր ինձ մոտ ընկավ Օլեյնիկովը և ասաց, որ լրիվ մոլորվել է կյանքի հարցերում։ Ես նրան որոշ խորհուրդներ տվեցի և բաց թողեցի։ Նա հեռացավ ինձանով երջանկացած և իր ամենալավ տրամադրությամբ։
Մարդիկ իմ մեջ աջակցություն են տեսնում, կրկնում են իմ խոսքերը, հիանում են իմ արարքներով, իսկ ինձ փող չեն վճարում։
Հիմար մարդիկ են։ Տվեք ինձ շատ փող և կտեսնեք ինչպես եմ ես դրանով գոհանում։

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed