Դանիել Վարուժանի և նրա չորս ընկերների սպանությունը. Ականատեսի վկայություն

Արհեստով կառապան եմ, անունս Հասան է: Հայերի տեղահանության ժամանակ գտնվում էի Չանկըրըում, ուր, ինչպես գիտեք, աքսորված էին Պոլսից մի խումբ մեծամեծ հայեր: Մի երեկո ախոռի դռան առջև նստած ծխում էի, երբ տեսա դեպի իմ կողմը եկող մի անծանոթ ձիավոր: Մոտենալով` թամբից իջավ և առանց թույլտվության, ձիու սանձից բռնած` մտավ ախոռ, և կապեց իմ ձիերի կողքին: Նրա վարմունքը ինձ տարօրինակ թվաց, բայց ձայն չհանեցի` մտածելով թերևս ճամփորդող պաշտոնյա է: Չէի սխալվել, որովհետև հեռանալու ժամանակ հրամայական շեշտով ինձ հանձնարարեց խնամել իր ձին և վաղ առավոտվա համար պատրաստ պահել: Հետո հեռացավ: Հետաքրքրությունից դրդված` հեռվից հետևեցի նրան, տեսա, որ մեր քաղաքի երևելիներից մի իթթիհատականի տուն մտավ, ուր մի քանի օր շարունակ ժողովներ էին տեղի ունենում: Հաջորդ օրը, արևածագից առաջ, ուրիշ մեկը եկավ ձին տանելու: Այս մարդը միաժամանակ ինձ հրամայեց, որ իմ կառքով գնամ գյուղից քառորդ ժամ հեռու ինչ-որ մի տեղ, ուր պետք է գտնվեի ոստիկանության տրամադրության տակ: Ստիպված հնազանդվեցի: Առաջադրված վայրում մի ուրիշ կառք էլ էր կանգնած, որի մեջ էին ոստիկանական մի պաշտոնյա` ոստիկան-զինվորի ուղեկցությամբ, ինչպես նաև Պոլսից Չանկըրը աքսորված հինգ էֆենտիներ: Նրանցից մեկը երիտասարդ էր` սև մորուքով ու վարվռուն աչքերով: Նրանք բոլորն էլ լավ հագնված էին` մտահոգ ու ընկճված տեսքով, ձեռքերը կապված: Ոստիկան-պաշտոնյան նրանց առաջնորդեց դեպի իմ կառքը, իսկ ինքը` զինվորի հետ, նստեց մյուսը: Մեզ հրաման տրվեց ճամփա ելնել Թիւնեյ գյուղի ուղղությամբ, որը Չանկըրըից վեց ժամ հեռու էր: Մեկ ժամ անց, ճանապարհին հանդիպեցի երեկոյան իմ ախոռը մտած ձիավորին: Առանց բառ փոխանակելու` նա առաջ անցավ: Քիչ անց կրկին ու երրորդ անգամ խաչվեցին մեր ճամփաները, ասես հետևում էր ինձ: Կես ժամ էր մնում Թիւնեյ հասնելուն, երբ միևնույն անձը կանգնեցրեց կառքը: Այդ րոպեին մեր առջև ցցվեցին չորս հոգի` մինչև ատամները զինված: Բռնեցին ինձ և մյուս կառապանին, և մեր ձեռքերը կապելուց հետո, իջեցրին հինգ աքսորականներին, որոնց հրամայեցին իրենց ունեցած դրամները հանձնել: Եվ որովհետև ձեռքերը կապված էին, նրանց խուզարկելու գործը ստանձնեցին ոստիկանները, և կողոպտեցին ինչ ունեին` դրամ, զանազան առարկաներ, սիգարետ, թղթապանակ, համրիչ… Ոստիկանը մի քանի բառ փսփսաց չեթեների պետի (ավազակապետ Ա.Ն.) ականջին: Երևում է խնդրեց կողոպուտը իրեն և ոստիկան- զինվորին թողնել: Այս գործողություններից հետո ոստիկանը և զինվորը մյուս կառքը նստելով` հեռացան: Իմ ձեռքերն էլ արձակելով` արտոնեցին, որ քաղաք վերադառնամ: Իսկ աքսորականներին հրամայվեց հետևել ավազակապետին և նրա չորս օգնականներին: Հետաքրքրությունս, թե էֆենտիներին ուր են տանելու, մտատանջում էր ինձ ու հանգիստ չէր տալիս: Եվ ես հետևեցի նրանց: Ձորամեջը կտրելով` անցան մյուս եզրը, ուր փոքր անտառ կար: Քիչ ավելի առաջանալով, նրանց պետը արտասանեց մի քանի բառեր, որոնք չկարողացա հասկանալ, քանի որ բավական հեռու էի: Դրանից հետո հարձակվեցին էֆենտիների վրա, նրանց զգեստները հանեցին և բոլորովին մերկացրին:
Չեմ կարող նկարագրել այն տեսարանը, որին ականատես եղա…
Այդ խեղճ զոհերին մեկիկ-մեկիկ ծառերին կապեցին, և քանի որ նրանց ձեռքերը կապված էին, չէին կարողանում իրենք իրենց պաշտպանել:
Հետո ավազակապետը և նրա մարդիկ իրենց դաշույնները մերկացրին ու սկսեցին դանդաղորեն ու հանդարտ կերպով նրանց մորթոտել: Դատապարտյալների աղաղակը և նրանց հուսահատ կատաղությունը սիրտս ճմլում էին:
Այո’, ես էլ եմ մարդ սպանել և 15 տարի դատապարտվել եմ, բայց ես երբեք այդ մարդասպանների պես անարգ չեմ եղել: Իմ զոհը անպատվել էր ինձ, բարկությունից կատաղած` զենքի դիմեցի, գնդակը գնաց ու սպանեց հակառակորդիս: Ցավում եմ այդ սպանության համար: Վերջապես այդ մարդն ինձ սպառնացել էր` անպատիվ խոսքերով, մինչդեռ հինգ խեղճ էֆենտիները այս ավազակներին ոչինչ չէին արել, նույնիսկ չէին ճանաչում նրանց և դանդաղորեն ու հանդարտ մորթվում էին…

Հ.Գ.
Էֆենտիներից մեկն էլ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿՆ էր: (Ա.Ն.)

Այս մասին գրում է հեռուստահաղորդավարուհի Աիդա Ներսիսյանն` իր ֆեյսբուքյան էջում

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...