Դանիել Դեքերյանը ելույթ կունենա Հայաստանում

panorama.am-ը գրում է՝

«Ես հայ եմ իմ ընտրությամբ» կարգախոսով առաջնորդվող կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 10-ին հանդես կգա համերգով: Համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: Միջոցառման գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:

Կազմակերպիչները տեղեկացնում են, որ Դանիել Դեքերյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգին ելույթ կունենան նաև հատուկ հյուրեր՝ ճանաչված թուրքահայ երգչուհի Սիբիլը, ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը և ուրիշներ:

Դանիել Դեքերը ծնվել է Պուերտո Ռիկոյում, մեծացել Նյու Յորքում: Ճանաչված գործիչը տարբեր առիթներով իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և հայկական երաժշտության նկատմամբ: Հայաստանին և հայոց պատմությանը ծանոթացել է հայ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի միջոցով: Հայ երգահանի հետ համագործակցությունը տվել է յուրահատուկ պտուղներ. 2002-ին նա Սարդարապատում մասնակցել Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին, գրել և կատարել է Գևորգյանի «Ադանա» երգի անգլերեն բառերը, ինչպես նաև համերգներով շրջագայել ՀՀ վաստակավոր արտիստի հետ: Հայաստանին սիրահարված երաժիշտն անգամ իր փաստաթղթերում փոխել է ազգանունը`դառնալով Դեքերյան:

«Երբ համագործակցում էի Արա Գևորգյանի հետ, լսեցի նրա «Մուշ» ստեղծագործությունն ու պարզապես սիրահարվեցի հայկական երաժշտությանը: Մեր համագործակցությունն արդեն քանի տարի շարունակվում է, նա իմ լավ եղբայրն ու ընկերն է»,-մի առիթով ասել է Դեքերյանը:

2005 թվականին Դանիել Դեքերյանը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանա»-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։ 2010-ին թողարկել է «Ես հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Աղջկա երգը», «Հայոց աշխարհ», «Ադանա» երգի անգլերեն տարբերակը և այլն։  Նույն թվականին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Դեքերյանի համերգը:

ՀՀ քաղաքացիություն և հայկական անձնագիր ունեցող երգիչը հայ սիրելի ժողովրդի կողքին է նաև դժվարին պահերին: Ապրիլյան օրերին ամերիկացի երաժիշտը Հայաստանում էր` ծանր ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի կողքին գտնվելու նպատակով:

«Ինչպես և անժխտելի է Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ անժխտելի է Արցախի՝ հայկական հող լինելը»,- այս տարի Հայաստանում նշել է Դեքերյանը`վստահեցնելով, որ Հայաստանն իր կյանքում մեծ տեղ ունի և իր առաջիկա ծրագրերը կապված են հենց մեր երկրի հետ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed