Գրքերի տոնը հրաշալի առիթ է հայացքն ուղղել մեր երիտասարդության վրա

Մեր  ընտանիքներում գրադարանները ձգվում են մինչև առաստաղ, և եթե տան սահմանները չլինեն, գուցե բարձրանան տանիք, կամ էլ հարևանների բնակարաններ: Գեղեցիկ շարված են՝ ըստ գրողների, հատորների, գույների, անգամ՝ չափսերի: Որոշ գրքեր, ժամանակին հաճախ թերթելու պատճառով, դեղնում ու սովորում են իրենց սիրող ձեռքերին: Հետաքրքիր է, իսկ այսօրվա գրքերը հիշո՞ւմ են իրենց գնած մատնահետքերը:

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ տոնական է դարձել՝  իր ակտիվությամբ երբեմն չզիջելով անգամ Սուրբ Սարգսին ու Վալենտինին:  Սոցցանցերում  օգտատերերը հավանումների օգնությամբ գրքեր են շահում, մասնակցում են վիկտորինաների, գրողների հանդիպում ու թեմատիկ քննարկումներ  և միջոցառումներ կազմակերպում: Հիմնական թիրախում արդեն դասական դարձած ստեղծագործություններն են: Այստեղից հարց է առաջանում՝  երիտասարդ գրողները նույնպե՞ս այդքան պահանջված են:

Արտասահմանում պատասխանը հստակ է՝ միանշանակ: Ժամանակակից գրողների ստեղծագործություններն այնտեղ մեծ տարածում են գտնում՝ տպագրվելով հազարավոր հատորներով՝ հետագայում նաև  թարգմանվելով տասնյակ լեզուներով: Դրանից հետո նույն այդ ստեղծագործությունները վերափոխվում են ներկայացման, կամ ֆիլմի, դառնում են  հոդվածների ու քննարկումների աղբյուր: Անգամ արտասահմանյան որոշ երկրների դպրոցական  ու ուսանողական ծրագրերում ներկայացված են գրողներ, որոնք քառասուն-հիսուն տարեկան են ու գուցե կրթօջախի հարակից սրճարանում  զրուցում են ընկերների հետ:

Մի քանի օր առաջ համացանցում օգտատերերն իրենց հավանած գրքերի մասին էին հիշատակում: Բավարար հավանումների դեպքում  նրանք կարող էին դրանք նվեր ստանալ: Ամեն տարի հրատարակչություններից մեկն իրագործում է այս հետաքրքիր նախագիծը: Ուշադիր լինելու դեպքում դժվար չէր նկատել, որ հայ օգտատերերը հիմնականում միմյանց հետ փոխանակվում էին արտասահմանյան գրականությամբ՝ ավելի քիչ անդրադառնալով տեղականին՝ հատկապես երիտասարդների գրականությանը, և ես չեմ կարծում, թե սրա պատճառն այն է, որ բոլոր նորագույն գրողների գրքերն արդեն իսկ նրանց գրադարակներում էին: Պատճառն ըստ իս այն է, որ շատերին չեն ճանաչում:

Մի կողմից, մենք իսկապես գրքասեր ազգ ենք, լավ  գիտենք մերոնց, կարդում ու մեծարում ենք, մյուս կողմից,  ճանապարհ չենք բացում երիտասարդների համար՝ թույլ չտալով նրանց զգալ, որ իրենց  գործն արժեքավոր է, որ ոչնչով չենք զիջում արտասահմանյանին: Եթե արդեն քանի տարի է՝ գիրք նվիրելու օրը դարձել է տոնական, ինչո՞ւ մերօրյա գրողի  գրքի  շնորհանդեսը ևս չի դառնում տոն, չի հետաքրքրում հարյուրավորների, ինչո՞ւ  մենք այդ ստեղծագործությունները չենք քննարկում ու վերլուծում միասին:Օտարազգի գրողներին կարդում ենք, որովհետև «դրսից» են,  ու ինչ էլ գրեն, մեզ նոր ու լավն է թվում, բայց հավատացեք, մեր  նորագույն գրականությունը ոչնչով չի զիջում նրանց: Հայաստանյան իրականության մեջ շատ դեպքեր կան, երբ պատմվածքներն ու վեպերը ֆիլմեր ու բեմադրություններ են դարձել, իսկ ինչո՞ւ չփորձել դրանք նաև արտասահմանում ներկայացնել ու ակտիվ պրոպագանդել:

«Հասկանալի է, սա Ամերիկան չէ, և այստեղ դժվար է մեծ տպաքանակ ունենալ ու  իրարանցում առաջացնել: Բայց  ուսուցիչն իրավասու է ամառային արձակուրդներին իր նախկին աշակերտի գիրքը խորհուրդ տալ իր սաներին, դասախոսը կարող է հանձնարարել ռեֆերատ գրել մի քանի հարկ վերևում սովորող պոետի մասին՝ քննարկելով նրա գրականության առանձնահատկությունը:  Այսօրվա երիտասարդներն են, որ վաղը  դասական են դառնալու, որոնց էլի մեծարելու ու սիրելու ենք, որոնց գրքերը հաղթելու են բազմապիսի մրցույթներում, հետո էլ հատոր առ հատոր, ըստ գույնի ու չափսի դրանք դասավորվելու են մեր գրադարակներում, էջերն էլ հաստատ  դեղնելու ու մաշվելու են՝ անընդհատ վերաթերթելուց: Բայց նրանց պետք է հիմա նկատել, երիտասարդությանը պետք է օգնել ավելի լավը դառնալ, այս պարագայում՝ ավելի լավ գրել, որպեսզի մենք էլ ունենանք ռոուլինգներ իրենց փոթերներով, որոնք  կցնցեն ամբողջ աշխարհը»:

Փոքր երկրի գրող լինելը դատապարտվածություն չէ, սա հրաշալի առիթ է՝ համառ ու աշխատասեր լինելու համար, որովհետև համաշխարհային հաջողության միշտ էլ կարելի է հասնել, կապ չունի, թե որտեղ ես, կարևոր է, թե որքան լավն ես քո գործում:

Գրքերի տոնն է, և հրաշալի առիթ է՝ նորերին սիրելու ու բացահայտելու համար: Մեր գրադարակները երիտասարդ ու հնչեղ անունների կարիք ունեն, առիթը կարելի է օգտագործել և վերջապես հայացքն ուղղել մեր երիտասարդության վրա:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Աղբյուրը`champord.am

Նյութը հրապարակվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...