Գրողին պետք է գնահատել. այսօր Գրողների միջազգային օրն է

Գրական-մշակութային կյանքը Հայաստանում եռուզեռի մեջ է և մեծ է շահագրգռվածությունը դեպի գրականությունը. գրողների միջազգային օրվա առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ գրողների միության քարտուղար Ղուկաս Սիրունյանը:
«Կա գրականություն, եթե չկա գրականություն, ուրեմն ազգն առհասարակ չկա: Շատ տաղանդավոր գրողներ կան, երբ կյանքը նյութականացավ, մտածում էի երևի չգրեն կամ քչերը գրեն, բայց բոլորովին այդպես չէ, մարդիկ գրում են, ինչը նշանակում է, որ գրականությունն ապրելակերպ է: Այն ժամանակ ես իմ մեկ գրքի հոնորարով ժիգուլի էի առել, հիմա չկան, բայց գրում են, ինչը բոլորովին էլ առեղծված չէ»,-ասաց նա:
Ղուկաս Սիրունյանը նշեց, որ Գրողերի միությունը սատարում, հովանավորում է իր գրողներին, ինչքանով կարողանում է՝ մրցանակներ գոյություն ունեն, ինչը խթանման ձև է, գրական հանդիպումներ են լինում, շնորհանդեսներ, մեծարումներ, հոբելյաններ:
Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի համոզմամբ՝ ՀՀ-ն 10 րոպեում ուղղվող երկիր է: Ըստ նրա, երբևէ չի կարող նշել մի ժամանակաշրջան, որ գրողին կենդանության օրոք գնահատել են:
«Գրողին պետք է գնահատել, լսել, խոսքը պետք է լսեն, խոսքը մրցանակների մասին չէ: Մեր հայրենիքը տասը րոպեում փոխվելիք երկիր է, խոսում ենք փոփոխություններից ինչո՞ւ խոսողները գրողներ չեն, նախագահը պետք է այս խնդրին ուշադրություն դարձնի, փոփոխություն լինի և գրողները մտնեն ասպարեզ»,- ասաց նա և հիշեցրեց, թե Վազգեն Սարգսյանը որպես գրող մտավ քաղաքական ասպարեզ և հիմք դրեց պետականության, բանակի:
«Պետությունը պետք է կարևորի գրողի դերը, գրողը բարձր երևույթ է, որը խոնարհվել գիտի: Իսկ արժևորելը նկատի չունեմ մեդալով»,- ասաց նա:
Աբգար Ափինյանի խոսքով՝ խնդիր է, որ հասարակությունը չի ճանաչում երիտասարդ գրողներին: Ըստ նրա, այստեղ անելիք ունի պետությունը, և քանի որ միությունները հասարակական կազմակերպություններ են, հնարավորություն չունեն հավաքել, սեմինարներ անել, ծանոթացնել: «Ծրագրերի հեղեղ է Ղուկաս Սիրունյանի սրտում, իմ սրտում, բայց հնարավորություն չկա»,-ասաց նա:
Երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանը դժգոհեց՝ ժամանակակիցներին ըստ արժանվույն չեն պրոպագանդում, PR-ի խնդիր կա: Ֆինանսական, խնդիրները նույնպես, ըստ նրա, մեծ են: «Չեմ պատկերացնում, որ Պարույր Սևակը օրինակ գնար Նաիրիտում բանվորություն աներ, հետո երեկոյան գար գիրք գրեր»,- ասաց նա:
Դավիթ Սամվելյանը նաև նկատեց, թե աղբը շատ է. «Ով չի ալարում, գրում է, ֆիլտրող օղակ է պետք,ասեն, որ ասա կարելի է կարդալ, մյուսը այս–այս թեմաներով է, ընտրեք, անհրաժե՞շտ է արդյոք Ձեզ, թե ոչ»:
- Previous Եվրախորհրդարանում բացվել է «Ցեղասպանություն ցեղասպանությունից հետո» ցուցահանդեսը
- Next Շառլ Ազնավուրը եւ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները սատարում են գյումրեցի 13 անօթեւան ընտանիքներին