Գրանադայում հայազգի ժամանակակից նկարիչների ցուցադրություն է բացվում` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Իսպանիայի Գրանադա քաղաքի արքեպիսկոպոսարանի «Քրիստոնեության ուսումնասիրման միջազգային կենտրոն» հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ այս տարվա ընթացքում հանդես է գալիս տարբեր միջոցառումների կազմակերպմամբ` ոգեկոչելու զոհերի հիշատակը:
Ոգեկոչման արարողությունների շրջանակում հիմնադրամը Գրանադայի արքեպիսկոպոսարանի «Նոր տուն» մշակութային կենտրոնի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հետ համատեղ հայտարարում է հայազգի ժամանակակից նկարիչների գործերի ցուցահանդեսի բացումը:
Ինչպես հայտնում է արքեպիսկոպոսարանի կայքը` ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հուլիսի 17-ին` «Նոր տուն» մշակութային կենտրոնում`ցուցադրության համակարգողներ Հայկ Գրիգորյանի և Գոհար Վահանյանի ներկայությամբ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 16-ը:
Ընդհանուր առմամբ, ցուցադրվելու է 14 հայ նկարչի 63 աշխատանք, որոնք պատկերվել են գեղանկարչության և փորագրության տարբեր տեխնիկաներով: «Գողացված մանկություն» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են նաև Հայոց ցեղասպանության թեմայով աշխատանքներ, որոնց թվում են ինչպես հայոց մշակույթը ներկայացանող, այնպես էլ Արշիլ Գորկիի արվեստով ոգեշնչված գործեր, ով ևս Ցեղասպանության որբերից էր:
- Previous Հետաձգվել է Էմիր Կուստուրիցայի համերգը Կիևում
- Next «Գահերի խաղը» սերիալն առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության 24 անվանակարգում