Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհել են բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին

2015 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին՝ «նրա արձակի բազմաձայն հնչեղության և տառապանքի ու քաջության հավերժացման համար»։ Այդ մասին հայտնել է Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը, գրում է lenta.ru-ն։

Նոբելյան մրցանակակրի հայտարարումը հեռարձակվել է ուղիղ եթերով՝ մրցանակի պաշտոնական կայքում: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում:

Սվետլանա Ալեքսիևիչը ռուսալեզու գրականության դասական է, այնպիսի գրքերի հեղինակ, ինչպես «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Սեքոնդ հենդի ժամանակը»:

Այս տարի բուքմեյքերական ընկերությունների ֆավորիտ են եղել ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամին, քենիացի գրող Նգուի Վա Թհիոնգոն, նորվեգացի դրամատուրգ Յուն Ֆոսեն, ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոտը, ավստրիացի Պետեր Հանդկեն։

Անցած տարի մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն։

Երեկ հայտնի են դարձել քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականները:

Թոմաս Լինդելը՝ Շվեդիայից, Փոլ Մոնդրիխը՝ ԱՄՆ-ից, և թուրքական ծագմամբ ամերիկացի Ազիզ Սանքարը Նոբելյան մրցանակ են ստացել վնասված ԴՆԹ-ի վերականգնման գործընթացների հետազոտության համար։

Երկուշաբթի օրը հայտնի են դարձել բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները: Մրցանակի են արժանացել իռլանդացի Ուիլյամ Քեմփբելը և ճապոնացի Սատոսի Օմուրան՝ մակաբույծների դեմ պայքարի ոլորտում հայտնագործությունների համար, ինչպես նաև չինացի Յույու Տուն՝ մալարիայի դեմ պայքարի ոլորտում բացահայտումների համար։

2015 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել ճապոնացի Տակաակի Կաձիտան և կանադացի Արթուր Մքդոնալդը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհել են բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին”

Leave a Reply

Your email address will not be published.