Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ հնչել է «Ղարաբաղի հորովել»-ը

Օրեր առաջ` սեպտեմբերի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Գավառի մշակույթի տանը տեղի է ունեցել Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից:

2016թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:

2012 թվականից, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ավանդական դարձած Դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում, նաև հնարավորություն է ստեղծվել Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող հայ դուդուկահարներին և օտար կատարողներին իրենց արվեստով ներկայանալ Հայաստանում:

Միջոցառումը մեկնարկել է Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի ելույթով:

Ելույթ են ունեցել  ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի անունը կրող դպրոցի սաները, Դուդուկահարների մանկական եռյակը՝ «Ժողովրդական երգերի շարան»-ով:

Կանադայից ժամանած մեր հայրենակիցներ Էդուարդ Ջերջիյանի և Մադիանա Թորոսյանի կատարմամբ հնչել են «Տրապիզոնյան պար« և «Մշո աղջիկ» ստեղծագործությունները: Ռոբերտ Պետրոսյանի «Հավատի երգը» Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի) կատարել է սիրված երգիչ Հայկ Եսայանը:

Ելույթ է ունեցել նաև Սանկտ Պետերբուրգից ժամանած, ազգությամբ կորեացի Վալերի Նամը, Թբիլիսիից՝ Իվանե Մկրտչյանը:

Թեհրանի  «Խոյագարան Մեհր» կանանց անսամբլը հայկական ստեղծագործությունները կատարել է իրանական ավանդական գործիքներով:

ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի նվագակցությամբ և երգիչ Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ հնչել է «Ղարաբաղի հորովել» ստեղծագործությունը:

Արցախցի դուդուկահարներ Նորայր Սահակյանը, Սեդրակ Ավագյանը և Համլետ Դաշյանը կատարել են Արամ Խաչատրյանի «Պեպոյի երգը»:

Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից ժամանած  Համամիութենական 9 մրցանակների դափնեկիր Յուրա Սարգսյանը ներկայացրել է «Հայկական պարերի շարք»: Հալեպահայ Ճորճ Վանեսյանի կատարմամբ հնչել է «Ժողովրդական պար-Բինգյոլ» ստեղծագործությունը:

Համերգը եզրափակվել է Գերմանիայից ժամանած երաժիշտների ելույթով: Բեռլինից Գրեգոր Շուլենբերգը կատարել է Կոմիտասի «Խնկի ծառ» ստեղծագործությունը: Գերմանացի դուդուկահար Սյորեն Բիրկեին նվագակցել են  Ուվե Ֆիշերը, Աքսել Լորենցը և կոմպոզիտոր Դիրկ Միքայելիսը: Հնչել են Դիրկ Միքայելիսի ստեղծագործությունները:

Փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունել է և բարի երթ մաղթեց նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Նա փառատոնի մասնակիցներին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերն ու հավաստագրերը:

Տարածել`
Share

You may also like...