Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնը կբաղեցնի Հակոբ Ղազանչյանը

168.am-ը գրում է՝

 Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մի խումբ դերասաններ մամուլի ասուլիս  էին հրավիրել՝ պարզաբանելու թատրոնում ստեղծված լարված իրավիճակն և նոր խմորումները, որը կապված էր թատրոնի տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուների հետ: Թատրոնում լրացել է տնօրենի կառավարման ժամկետը, բայց պարզվում է՝  թատրոնի ստեղծագործական անձնակազմը բառացիորեն վերջերս էր  տեղեկացվել այն մասին, որ իրենց թատրոնը ղեկավարելու հայտ են ներկայացրել, իրենց հավաստմամբ՝ ոչ կոմպետենտ երկու կին թեկնածուներ: Ասուլիսին մասնակից թատրոնի դերասանների պահանջը մեկն էր՝ ձևակերպված շատ պարզ մի նախադասությամբ՝ մի´  տարեք թատրոնը կործանման:

Դերասաններից մեկը՝  Սուսաննա Բաղդասարյանը, ասուլիսին մասնակից լրագրողներին տեղեկացրեց՝ ՀՀ Մշակույթի նախարարը  տեղյակ է, որ  թատրոնի անձնակազմը դեմ է առաջադրված երկու տիկնանց՝ Մարգարիտա Մինասյանի ու Արաքսյա Կիրակոսյանի թեկնածությանը, և խոստացել է  ի շահ թատրոնի՝ խնդրին դրական լուծում տալ, որին սպասում է ողջ անձնակազմը:

Թատրոնի դերասանները տեղեկացրին նաև, որ Գյումրու թատրոնում սկիզբ առած խնդրին քաջատեղյակ է նաև   Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը,  և վերջինս ևս սպասում է Մշակույթի նախարարության  դրական որոշմանը:

Այսօր 168.am-ը հեռախոսազանգ ունեցավ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ փուլում են  Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի  տնօրենի թափուր աշխատատեղի համար նախատեսված ընտրությունները, որ, ըստ կանոնակարգի, նախատեսված էր անցկացնել այսօր՝ սեպտեմբերի 14-ին՝ Մշակույթի նախարարությունում: Հակոբ Ղազանչյանը տեղեկացրեց, որ ի սկզբանե տեղյակ է եղել թատրոնում առկա խնդիրներին, և ավելացրեց մեզ համար, թերևս, անսպասելին.

«Այս պահին արդեն կարող եմ  տեղեկացնել, որ Մշակույթի նախարարի որոշմամբ՝ ես նշանակվել եմ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչ այն պահը, երբ կանցկացվեն ընտորություններ, և կնշանակվի նոր տնօրեն»:

168.am-ը հետևողականորեն կտեղեկացնի թատրոնում  տեղի ունեցող առաջիկա զարգացումներին:

Տարածել`
Share

You may also like...