Գյումրիում վերականգնել են Ռաֆայել Աթոյանի «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարը

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում վերականգնել են նկարիչ Ռաֆայել Աթոյանի «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարը, որը ներկայում պահպանվում է Գյումրիի վերանորոգված Երիտասարդական պալատում:

Նոյեմբերի 9-ին Գյումրիում էին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը: «Բոլորիս միավորում է ընդհանուր պատմությունը, մեր ընդհանուր մարդկային պատմությունը: Հասկանալով եւ հարգելով Հայաստանի պատմությունը՝ մենք գնահատում ենք մեր կապերն ու մեր ընդհանուր ապագան ստեղծում: Եվ այսօր միասին բացում ենք Ռաֆայել Աթոյանի ստեղծած այս գեղեցիկ որմնանկարը»,- նշեց Ռիչարդ Միլզը:

Ամերիկացի դիվանագետը հիշեցրեց, որ կյանքի վերջին օրերը Ռաֆայել Աթոյանն ԱՄՆ-ում է անցկացրել: «Բայց նա թողել է ստեղծագործություններ, որոնցում Հայաստանի հիասքանչ գույներն են պատկերված»,- ընդգծեց Միլզը:

Այս տարի ավարտվում են ԱՄՆ դեսպանների՝ Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող երեք ծրագրերը: Դրանց նպատակն էր Ռաֆայել Աթոյանի «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնումը, Դաշտադեմի ամրոցային համալիրի պեղումներն ու վերականգնումը, Արենիի քարանձավում հնագիտական գտածոների պահպանումը: Այդ աշխատանքների իրականացման համար ԱՄՆ դեսպանների հիմնադրամը 200 հազար դոլար է հատկացրել:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, Գյումրին բոլոր հայերի համար եզակի նշանակություն ունի, հատկապես՝ մշակութային տեսանկյունից: «Ցավոք, երկրաշարժից հետ որմնանկարը վնասվել էր եւ ֆինանսավորման անհրաժեշտություն կար՝ խնդիրը լուծելու համար»,- նշեց նախարարը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով, այսօր Գյումրիում պատմական օր է: «Այս որմնանկարի հետ կապված շատ հետաքրքիր պատմություն կա: Երբ 2013 թվականին ԱՄՆ-ում հանդիպեցի Ռաֆայել Աթոյանին, ասաց, որ երազում Գյումրիի սարերն է տեսնում, որոնք իրեն օգնում են ստեղծագործել»,- պատմեց Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետը նվերներ հանձնեց ԱՄՆ դեսպանին (հայ նկարիչներից մեկի ստեղծագործությունը) եւ Հայաստանի մշակույթի նախարարին («Նարեկ»):

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գյումրիում վերականգնել են Ռաֆայել Աթոյանի «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարը”

Leave a Reply

Your email address will not be published.