Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու 1878 թվականի բացառիկ լուսանկարը

Ներկայացնենք Գյումրիի (Ալեքսանդրապոլ) Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու լուսանկարը, որը արվել էր 1878 թվականին լուսանկարիչ Դմիտրի Նիկիտինի կողմից և տեղ էր գտել «1877-1878 թթ. Ալեքսանդրապոլի ջոկատի ալբոմ» ժողովածուում: Փաստորեն, սա Սուրբ Ամենափրկչի մեզ հայտնի առաջին ֆոտոպատկերն է համարվում:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է եղել, կառուցվել է 1859-1873 թթ. ընթացքում՝ քաղաքի բնակչության հանգանակություններով և Անիի Մայր տաճարի նմանությամբ։ «Մշակ» թերթը գրում էր. «Մոտ ժամանակներս կավարտվի քաղաքիս (Ալեքսանդրապոլ) նորաշեն եկեղեցու շինարարությունը, որը տասն եւ չորս տարի շարունակվում է ու մինչեւ հիմա 80000 մանեթից ավելի ծախք է արված։ Նա իր մեծությամբ եւ գեղեցկությամբ համարվելու է երեւելիների կարգը»։ Սուրբ Ամենափրկիչը դիմացավ 1926-ի երկրաշարժին, 1932-ին խորհրդային իշխանությունները այն փորձել են քանդել տանկերով, իսկ հետո՝ պայթեցնել, բայց՝ ապարդյուն։ 1960-ականներին եկեղեցու զանգակատունը վերաշինվել է և եկեղեցին սկսել է ծառայել որպես համերգային դահլիճ։ 1988-ի երկրաշարժի ժամանակ Սուրբ Ամենափրկիչը ավերվեց: Ներկայումս այն ամբողջությամբ վերականգնված է նախնական տեսքով:

Գրառումը Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed