Գերմանացի հայտնի սաքսոֆոնահարը Երևանում վարպետության դաս կանցկացնի հայ ուսանողների հետ

Գերմանացի հայտնի սաքսոֆոնահար Պետեր Լեհելը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վարպետության դաս կանցկացնի ուսանողների հետ: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է գերմանա-հայկական երաժշտական միության ղեկավար Անի Աղաբեկյանը:

Իր խոսքում նա կարևորեց հայ և գերմանացի երաժիշտներին միմյանց հետ առավել հաճախ շփվելու անհրաժեշտությունը, ինչին էլ միտված է միության գործունեությունը: «Մենք արդեն երկրորդ անգամ ենք Հայաստանում ծրագիր իրականացնում, որի շրջանակներում հրավիրել ենք Գերմանիայի Կարսլռուհե քաղաքի երաժշտական համալսարանի դասախոս, ջազի ասպարեզում շատ հայտնի սաքսոֆոնահար Պետեր Լեհելին, ով սեպտեմբերի 3-ին Երևանում վարպետության դասեր կանցկացնի ուսանողների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Աղաբեկյանը:

Անի Աղաբեկյանը նաև տեղեկացրել է, որ վարպետության դասերի ավարտից հետո նաև լինելու է եզրափակիչ համերգ ուսանողների մասնակցությամբ, որի ավարտին կնվագեն Պետեր Լեհենը և հայտնի դաշնակահար Վահագն Հայրապետյանը:

«Բացի այդ, մենք այսօրվանից կազմակերպում ենք ջազ համերգներ: Այսօր «Մեցցո» ջազ ակումբում լինելու է ջազ համերգ, որին որպես դաշնակահար մասնակցելու է Վահագն Հայրապետյանը, Արման Ջալալյանը՝ հարվածային գործիքներ, Արմեն Հյուսնունցը՝ սաքսոֆոն, Դավիթ Գյոզակյանը՝ կոնտրաբասիստ: Այդ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին ժամը 21:00-ին»,- նշեց նա:

Եվս մեկ ջազ համերգ էլ տեղի կունենա Գաֆէսճյան արվեստի կենտրոնում: Համերգը կլինի նույն կազմով, իսկ Անի Աղաբեկյանը համերգին կմասնակցի որպես ջութակահար: Համերգը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Գերմանացի հայտնի սաքսոֆոնահար Պետեր Լեհենն էլ ընդգծել է, որ արդեն հասցրել է շփվել հայ երաժիշտների հետ և տպավորված է նրանց տաղանդով: «Անգամ իմ գործերը, որ, միգուցե, յուրահատուկ են, նրանք շատ արագ ընկալեցին և նվագեցին: Հայ ուսանողների հետ շփվելու առիթ արդեն կունենամ վաղը»,- նշել է Լեհենը:

Նա ընդգծել է, որ պատրաստ է աջակցել հայ երաժիշտներին, ովքեր կցանկանան Գերմանիայում երաժշտական ծրագրերի մասնակցել:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Գերմանացի հայտնի սաքսոֆոնահարը Երևանում վարպետության դաս կանցկացնի հայ ուսանողների հետ”

Leave a Reply

Your email address will not be published.