Գեղանկարիչ Յաշա Խաչյանի ցուցահանդեսը Արցախում

artsakhpress.am-ը գրում է՝

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Յաշա Խաչյանը տեղեկացրել է, որ սա նրա առաջին ցուցադրությունն է Արցախում:

Արվեստագետը երկար տարիներ աշխատել է Գորիսում, եղել է գլխավոր ճարտարապետ, Սյունիքի հուշարձանների վերանորոգման գրասենյակի գլխավոր ճարտարապետ, սակայն սերը նկարչության հանդեպ նրա մեջ երբեք չի մարել, իսկ ցուցադրությունը Արցախում կազմակերպելը նրա համար յուրահատուկ նշանակություն ունի:

«Նկարչությունը և ճարտարապետությունը լրացնում են մեկը մյուսին, իսկ իմ կտավներն այստեղ ներկայացնելն ինձ համար պատվաբեր է ու կարևոր»,- նշել է Յ. Խաչյանը:

Ցուցադրության բացման ժամանակ շնորհավորանքի խոսքեր են ասել պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը, ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը: Ցուցադրությանը հիմնականում նոր գործեր էին ներկայացված, որոնք արվել են 2010 թվականից հետո: Կան նաև կտավներ, որոնք 35 տարվա պատմություն ունեն:

«Ընդհանուր առմամբ ներկայացրել եմ 65 աշխատանք: Արվեստասերները, ովքեր դիտում են կտավները, պետք է փորձեն հասկանալ կտավի ասելիքն այնպես, ինչպես հեղինակն է ցանկացել արտահայտվել: Այս առումով արվեստասերները կարծես մասնակից են ստեղծագործական գործընթացին»,-ասել է գեղանկարիչը ՝ ներկայացնելով նաև ապրիլյան օրերին արված մի կտավ:

«Երբ գնացել էի ապրիլին Սիսիանի ջոկատի զոհված տղաների հոգեհանգստին, տեղանքի ժայռաբեկորները կարծես ինձ հուշեցին անմահացնել իրենց: Այդ կտավը առանձնահատուկ տեղ ունի իմ ստեղծագործությունների մեջ: Այդ աշխատության մեջ ես ոգի եմ դրել»,- ասել է արվեստագետը:

Ցուցադրությունը տեղի կունենա օգոստոսի 16-28-ը, որի ժամանակ կիրականացվի նաև կտավների վաճառք:

Տարածել`
Share

You may also like...