«Գեթթի» թանգարանն ու հայկական եկեղեցին կարգավորել են «Զեյթունի ավետարանի» շուրջ վեճը

Փոլ Գեթթիի թանգարանն ու Ամերիկայում Հայ առաքելական եկեղեցու  արեւմտյան թեմը համաձայնության են եկել 750-ամյա հայկական աստվածաշնչի սեփականության հարցում: Թանգարանը խոստովանել է, որ հայ եկեղեցին «Զեյթունի ավետարանի» ձեռագրի սեփականատերն է, միաժամանակ ավետարանի 8 էջերը կմնան թանգարանում, հաղորդում է «Los Angeles Times»-ը:

Երկու կողմերն էլ հայտարարել են, որ իրենք գոհ են արդյունքներից: Եկեղեցին 2016 թվականի հունվարի 1-ից ավետարանի 8 էջեր կփոխանցի թանգարանին, իսկ թանգարանը կփոխհատուցի դատական բոլոր ծախսերը:

Հայկական եկեղեցին ներկայացնող փաստաբան Լի Բոյդի խոսքով,  սա Հայոց ցեղասպանությունից հետո մնացած արվեստի գործերի առաջին ռեստիտուցիան է (իրավունքների վերականգնում):

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու արեւմտյան թեմը «Գեթթի» թանգարանի դեմ հայց էր ներկայացրել, որով պահանջում էր  750-ամյա հայկական աստվածաշնչի յոթ էջերը: Ըստ հայ եկեղեցու ներկայացուցիչների հավաստիացման` էջերը կորել կամ գողացվել են Օսմանյան Թուրքիայի  իրականացրած Հայոց ցեղասպանության ընթացքում: Նոյեմբերի 3-ին դատարանը մերժել էր «Գեթթի»  թանգարանի` հայցը չեղյալ համարելու վերաբերյալ միջնորդությունը:

«Զեյթունի ավետարանը» 1256թ. ստեղծել է հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը: Ավետարանի մնացած մասը պահվում է Մատենադարանում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Գեթթի» թանգարանն ու հայկական եկեղեցին կարգավորել են «Զեյթունի ավետարանի» շուրջ վեճը”

Leave a Reply

Your email address will not be published.