Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի Երևանյան կոլեկցիոներների ցուցահանդեսը

panorama.am-ը գրում է՝

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 23-ին բացվելու է  «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3՝ Բորիս Գալստյանի հավաքածու. Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցահանդեսը:  Այն ներկայացնում է ընտրանի կոլեկցիոներ Բորիս Գալստյանի հավաքածուից. մասնավորապես, ցուցադրվելու են Մինաս Ավետիսյանի (1928-1975), Վրույր Գալստյանի (1924-1996) և Աշոտ Հովհաննիսյանի (Դեղձ Աշոտ, 1929-1997) ստեղծագործությունները: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին արվեստի կենտրոնից:

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3՝ Բորիս Գալստյանի հավաքածու. Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրագործում է իր կարևոր առաքելություններից մեկը՝ ներկայացնել աշխարհին հայ մշակույթի լավագույնը:

Կոլեկցիոներ Բորիս Գալստյանի ամբողջ հավաքածուի ժամանակագրական արեալը բավական ընդարձակ է, սակայն նա հատկապես համակրում է 1960-1970-ականների հայ կերպարվեստին՝ կենտրոնանալով խորհրդահայ Ազգային մոդեռնիզմի արվեստագետների աշխատանքների վրա:

Ըստ աղբյուրի, Մինասի, Վրույրի և Դեղձ Աշոտի անունները հստակ եզրագծում են «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի երրորդ ցուցադրության սահմանները՝ թե՛ ժամանակագրական, և թե՛ գեղարվեստական:

Ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում առանձին-առանձին բացահայտելու երեք արվեստագետների բազմաշերտ գեղագիտական մտածողությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կտավներից շատերն առաջին անգամ են ցուցադրվում:

Ցուցադրությունը գործելու է մինչև դեկտեմբերի 25-ը

Տարածել`
Share

You may also like...