«Գարուն»-ը խմբագրի և ժամանակի հանդիպման ճիշտ վայրն է. Աշոտ Գաբրիելյան

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ 6-րդ սերնդի «Գարուն»-ի շնորհանդեսը՝ բանաստեղծ,  ՀՀ Գրողների միության անդամ Աշոտ Գաբրիելյանի խմբագրմամբ:

-Ի՞նչ արձագանքներ եք ստացել մինչև այսօր:

-Հիմնականում դեռ միայն դրական արձագանքներ ենք ստացել, բայց ես անհամբեր սպասում եմ նաև բացասական կարծիքների: Բնականաբար, մենք այնպիսի աշխատանք ենք կատարում, որը չի կարող միանշանակ բոլորին դուր գալ: Մենք չենք վախենում քննադատություններից, որովհետև առողջ քննադատությունից լավ բան չկա: Արձագանքներ ստանում ենք նաև Սփյուռքից: Ունենք նյութերի ահռելի հոսք, որոնք ուղարկում են հատկապես երիտասարդները:

-Դուք նշել եք, որ, ստանձնելով «Գարուն» ամսագրի խմբագրի պարտականությունները, սկսել եք էջ առ էջ թերթել ամսագրի նախկին բոլոր համարները։ Ինչպե՞ս կներկայացնեք ամսագրի անցած ճանապարհը:

-Ամեն խմբագիր, իհարկե, ունեցել է իր մոտեցումները, որոնք պայմանավորված են եղել տվյալ ժամանակաշրջանով։ Երբ թերթում ես «Գարուն»-ի էջերը, տեսնում ես շարժը։ Օրինակ՝ Վարդգես Պետրոսյանի ժամանակ դեռ մեծ գրաքննություն կար։ Նաև հիմնական շեշտը դրված էր հրապարակախոսության վրա: Այսօր հրապարակախոսության թեմաները շատ արագ սպառվում են համացանցում քննարկումների ընթացքում։ 1990-ականներից նկատվում է թարգմանությունների ակտիվացում, իսկ 2000-ականներից արդեն օբյեկտիվ պատճառներով մի քիչ բարձիթողի վիճակ է ստացվում. չկար ֆինանսավորում, աշխատակազմ ու էստեղ գլխավոր խմբագրի վրա ինչ-որ պարտականություններ դնել չէր կարելի։

-«Գարուն»-ը եղել է ժամանակի ամենաընթերցվող պարբերականը, բայց փոխվել են ժամանակները, փոխվել են պահանջները։ Այսօր Դուք ինչպե՞ս եք պատրաստվում հարմարվել նոր ժամանակներին՝ չկորցնելով «Գարուն»-ի դիմագիծը:

-Բնականաբար, մենք պիտի դրսևորենք նոր ժամանակներին համապատասխան մոտեցումներ։ Առաջին հերթին «Գարուն»-ը պիտի լինի լավ գրական ամսաթերթ։ Այսինքն՝ պիտի կարողանա արտացոլել ամբողջ գրական դաշտը։ Երբ ընթերցողը բացի, օրինակ, 2016 թվականի «Գարուն»-ները, պիտի հստակ պատկերացում կազմի 2016-ին ստեղծված գրականության, դրա զարգացման միտումների, բացերի մասին։ Ասպարեզ ենք տալու երիտասարդ ստեղծագործողներին փորձելու իրենց ուժերը։ «Գարուն»-ի էջերում հիմնականում կդրվի ժամանակակից գրականություն, քանի որ դասական գրականությունը դնելը մամուլի գործը չէ։ Վերջինս ավելի շուտ կենդանի պրոցես է։ Դասական գրողներին անդրադառնալու ենք միայն անտիպների պարագայում։ Օրինակ՝ երրորդ համարում Հրանտ Մաթևոսյանի «Տախը» վեպից, որը չի տպագրվել, հատված ենք ունենալու։

– «Գարուն»-ի 1992 թվականի երրորդ համարում հարց է ուղղվում նախկին բոլոր խմբագիրներին, թե ո՞րն է եղել իրենց ամենադժվար օրը «Գարուն»-ում, ի՞նչ դժվարություններից է վախենում «Գարուն»-ի 6-րդ խմբագիրը։

–Վախենում եմ վատ համար ստանալուց, այսինքն՝ մտածում եմ՝ հանկարծ չլինի մի էնպիսի ժամանակաշրջան, երբ ուղղակի լավ համար ստանալու հնարավորություն չի լինի։ Մի խոսքով՝ վախենում եմ այն օրից, երբ դժվարություն չի լինի, ինձ կթվա՝ ամեն ինչ լավ է, ու էդ թմբիրի մեջ շատ բաներ կկորցնեմ։

–Կարծես՝ «Գարուն»-ի բոլոր խմբագիրները աշխատել են միմյանց փոխլրացնելով: Ըստ ձեզ՝ ինչպե՞ս է դա իրենց հաջողվել:

–Գիտեք՝ շղթա կա. նայում ես Վարդգես Պետրոսյանից սկսած բոլորը, բացի ինձնից, մինչև խմբագիր դառնալը աշխատել են «Գարուն»-ում: Կարծում եմ՝ հենց սա է օգնել, ունենալով սեփական մոտեցումները, այդքան համակարգված, միմյանց փոխլրացնելով աշխատել:

-Ամսագրի շնորհանդեսի ընթացքում Դուք նշել եք՝ « «Գարուն»-ը խմբագրի և ժամանակի հանդիպման ճիշտ վայրն է»։

–Գրական դաշտում շատ վաղուց եմ սկսել ինչ-որ փորձեր անել, հիմա «Գարուն»-ը ինձ օգնեց, որ ողջ գործունեությունս բերեմ, կիզակետի հասցնեմ այստեղ։ Օրվա մեծ մասը տրամադրում եմ «Գարուն»-ին, քանի որ վախենում էի, որ «Գարուն»-ը էս վերջին 10-15 տարվա մղձավանջը շարունակեր և այլևս պահանջ չունենար տպագրվելու։

-Չկա՞ր մտավախություն, որ շուրջ կեսդարյա պատմություն ունեցող պարբերականը չէր հարմարվի նոր ժամանակներին։

–Ես սա համարում եմ «Գարուն»-ի ամենամեծ առավելություններից մեկը: Հենց կեսդարյա պատմության հանգամանքը օգտագործելով ենք փորձել նոր շունչ տալ իրեն: Ժամանակակից բառերով ասած՝ «Գարուն»-ը բրենդ է, որը նոր համակարգում պիտի մատուցենք նոր ձևով:

-Կ՞ա մի ավանդույթ, որ տարիներ շարունակ եղել է «Գարուն»-ում, ոչ մի փոփոխություն չի կրել և այսօր հասել է Ձեզ:

–Միշտ երիտասարդներին տարածք տալ և գրականության մեջ հետևել մոդեռն զարգացումներին: Իսկ մնացածը թելադրում է ժամանակը:

 

Հեղինակ՝  Հերմինե ՂԱՐԻԲՅԱՆ

Աղբյուրը՝ aravot.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed