Գարունը եկավ, վարդը շաղով, Բլբուլն եկավ անուշ խաղով…

Երկար սպասեցինք իրեն, բայց ինքը վերջը եկավ: Գարունը: Գարունը եկավ, վարդը շաղով, Բլբուլն եկավ անուշ խաղով… Ահա մի քանի երգ գարնան մասին Ջավախքի Երգարանից:

 

 

ԳԱՐՈՒՆ ԵԿԱՎ
Աշուղ Հավասի

Գարուն եկավ, վարդը շաղով,
Բլբուլն եկավ անուշ խաղով,
Ես էլ հազար երգ ու խաղով
Գուսանն եմ իմ լավիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:

Ախ յարս, յարս լավն է, լավ,
Հագել է հրեղեն հալավ,
Կրակն ընկավ սիրտս, հալավ:

Ինչպես կաքավ նստի քարին,
Ձեն տա սարին, սիրած յարին,
Ես չեմ երգի սերն օտարին,
Գուսանն եմ իմ լավիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:

Ախ յարս, յարս լավն է, լավ,
Հագել է հրեղեն հալավ,
Կրակն ընկավ սիրտս, հալավ:

Ով որ ինձ նման երգիչ է,
Յարիս գովե` դարձյալ քիչ է,
Հավասն եմ, էլ ցավս ի՞նչ է,
Գուսանն եմ իմ լավիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:

Ախ յարս, յարս լավն է, լավ,
Հագել է հրեղեն հալավ,
Կրակն ընկավ սիրտս, հալավ:

ԳԱՐՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Աշուղ Ալիք

Ախ, շատ երկար սպասում ենք մենք գարնան,
Որ բարձրանանք մեր սարերը աննման
Եվ անթառամ ծաղիկներից Ջավախքի
Իմ յարի հետ փնջեր կապենք այս տարի:

Կրկներգ: Ուշ է գալիս մեր Ջավախքում գարունը,
Սիրուն սար է, հույսի լար է Աբուլը,
Նրա լանջին ման է եկել Քյոր-օղլին,
Ժողովուրդը շատ է սիրել հերոսին:

Գեղեցիկ են ծաղիկները Ջավախքի,
Հիշեցնում են աչիկները իմ յարի,
Գույներն ասես նկատել է Սարյանը,
Ախ, նրանցից փունջ է կապել իմ յարը:

 

Աղբյուրը` javakhkmedia.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed