«Գարնանային հավաքածու» խորագրով ցուցահանդես՝ նվիրված կանանց տոներին

Երևան պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի  «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա և մայրության ու գեղեցկության տոներին: Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 200 աշխատանքներում ներառված են «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձև տեխնիկայի միջոցով թելերով և ուլունքներով հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ և այլ ցուցանմուշներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նախապես շնորհավորելով կանանց տոների կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալը կարևորել է մշակութային նմանօրինակ միջոցառումների անցկացումը և պատրաստակամություն հայտնել մշտապես աջակցելու նման նախաձեռնություններին:

«Ստեղծագործող հայ կանանց ներկայանալու հնարավորության ընձեռումը շատ կարևոր է մեզանում: Այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ բացառիկ է, որի կապակցությամբ շնորհավորում եմ ինչպես հեղինակին, այնպես էլ մեզ բոլորիս: Երևանյան արվեստասեր հասարակությունն հնարավորություն ունի մեկ ամիս շարունակ այցելելու ու ծանոթանալու բարձրաճաշակ այս աշխատանքներին»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Ժողովրդական վարպետն իր շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետին՝ շնորհավորանքների, ինչպես նաև աջակցության պատրատակամության համար:

«Գարնանային հավաքածու» ցուցահանդեսում ներառվել են նաև Երևանի պատմության թանգարանի ավանդական տարազների որոշ նմուշներ:

Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 7-ը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Գարնանային հավաքածու» խորագրով ցուցահանդես՝ նվիրված կանանց տոներին”

Leave a Reply

Your email address will not be published.