Գառնու հեթանոսական տաճարը կհանրահռչակվի Իտալիայում

Իտալացի հայտնի ջութակահար ու ալտահար Մարկո Միշանիայի և ճանաչված օպերային երգիչ, «Զվարթնոց» կվարտետի գեղարվեստական ղեկավար Տիգրան Կոնինյանի՝ Գառնու հեթանոսական տաճարում նկարահանված «Արևի երգը` Արևի աստծո տաճարում» տեսահոլովակը ուղղված է Իտալիայի հասարակությանը:

Համատեղ տեսահոլովակ նկարահանելու նախաձեռնությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանինն է: Իտալացի երաժիշտի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավարը բարձրաձայնել է իր մտահղացման մասին: Մարկո Միշանիան մեծ ոգևորությամբ է արձագանքել առաջարկին, ինչից հետո համաձայնություն է ձեռք բերվել հայտնի ջութակահարի երևանյան համերգի կազմակերպիչ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրենության հետ: Այս մասին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Հայ-իտալական գործակցությունը միտված է Գառնու հենթանոսական տաճարի հանրահռչակմանը, նաև՝ հայկական մշակութային ժառանգության հանդեպ իտալացի զբոսաշրջիկների մոտ հետաքրքություն առաջացնելուն:

Տիգրան Կոնինյանը և նրա ղեկավարած «Զվարթնոց» կվարտետը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լավագույն բարեկամն են: Տեղացի այցելուները և օտարերկրացի զբոսաշրջիկները «Զվարթնոց» կվարտետի անզուգական կատարումները հաճախ կարող են ունկնդրել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Մ. Միշանիայի և Տ. Կոնինյանի համատեղ աշխատանքը շուտով կներկայացվի հասարակության դատին:

 

Նյութը` 168.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed