«Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագիքը հանձնվեց ընթերցողի դատին

ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված էին տոհմիկ պղնձագործ և արծաթագործ Գալէմքեարեանների ստեղծագործությունների նմուշներն ու ընտանիքի երկդարյա պատմությունը:

Միջոցառմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հասարակական գործիչներ, մտավորականներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Հրազդան Թոքմաջյանի՝ Գալէմքեարեանների թողած ժառանգությունը համապարփակ պատկերագրքի վերածելու միջոցով սերունդներին փոխանցելու ջանքերը: Նախարարը շնորհակալություն հայտնեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արք.Սարգիսյանին, ում ջանքերի շնորհիվ Սիրիայում գործող բոլոր եկեղեցիների, թանգարանների, մշակութային և կրթական օջախների դռները բաց են եղել Հրազդան Թոքմաջյանի առաջ՝ Գալէմքեարեանների ստեղծագործությունները տեսնելու և ուսումնասիրելու համար: «Շնորհակալ ենք Միմի և Արմեն Հարություննյաններին, որոնց մեկենասությամբ լույս տեսավ այս հրաշալի պատկերագիրքը,- նշեց նախարարը՝ հավելելով, – հայ վարպետների համբավը միշտ էլ դուրս է եկել Հայաստանի սահմաններից: Դարեր շարունակ պետականություն չունեցող հայերը ստեղծել են արվեստի վերածված արհեստագործական հազարավոր աշխատանքներ: Բարենպաստ պայմաններում հայ արհեստավորներին հաջողվել է զարգացնել իրենց գործը. ստեղծվել են համքարություններ, ձևավորվել են արհեստավոր ընտանիքներ, որոնցից մեկն էլ եղել է պղնձի և արծաթի մշակման մեծ վարպետ Գալէմքեարեանների ընտանիքը: Այս ընտանիքի գործունեությունը ծավալվել է շուրջ 200 տարի: 1915-ի տեղահանությունից հետո Գալէմքեարեանները հայտնվել են Դամասկոսում, այնուհետև տեղափոխվել Հալեպ:

Ահա այսպիսի գաղթի ճանապարհ է անցել Գալէմքեարեանների ընտանիքը: Մեր սիրելի Հրազդան Թոքմաջյանը նրանց պատմությունը վերածել է գրքի և իր աշխատությունը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»: Նախարարը շեշտեց, որ մենք պարտավոր ենք Հայաստան հրավիրել հատկապես Սիրիայում և Լիբանանում ապրող պղնձագործներին, արծաթագործներին և նրանց փորձը փոխանցել մատաղ սերունդներին: «Այդ գործին մեծապես կծառայի նաև մեր սիրելի Հրազդանի ստեղծած գրքի վերջում ամբողջացված 986 հայ պղնձագործների անվանացանկը», – նշեց նա: Վերադառնալով Հրազդան Թոքմաջյանի հայրենանվեր գործունեությանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց վերջինիս՝ Հալեպում ստեղծած «Մարտիրոս Սարյան» ակադեմիայի դերը մատաղ սերունդներին կրթելու գործում և նշեց. «Նույնիսկ այսօրվա ռումբերի պայթյունների տակ շարունակում է շնչել և սերունդներ կրթել մեր մեծ նկարչի անունը կրող ակադեմիան: Հուսանք, որ կավարտվի պատերազմը, և Հալեպի մեր երբեմնի ծաղկուն համայնքը կվերականգնվի»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Շահան արք.Սարգիսյանը: Նա նշեց, որ չնայած հայրենազրկումին և սպառնացող ֆիզիկական բնաջնջմանը՝ հայերը ոչ միայն չեն անհետացել պատմության հոլովույթից, այլև պահպանել են իրենց ազգային արժեքները: «Այս պատկերագիրքը մեր Առաջնորդարանի լավագույն աշխատություններից մեկը կլինի», – ասաց Շահան արք.Սարգիսյանը: Գնահատանքի խոսքով հանդես եկան հալեպահ բժիշկ, գրող, մտավորական Թորոս Թորանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Գալեմքեարյան ընտանիքի ժառանգ Բալիկ Գալեմքեարյան-Պոպովան հանդես եկավ կոմիտասյան կատարումներով, իսկ Դալար Գալեմքեարյանը շնորհակալություն հայտնեց գրքի ստեղծման, հրատարակման և շնորհանդեսի բոլոր կազմակերպիչներին: Հանդիպման ավարտին հանդես եկավ Հրազդան Թոքմաջյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ իր գործերը Հայաստանի հասարակությանը ներկայացնելու գործում ցուցաբերած ջանքերի համար:

Ներկայացնելով աշխատությունը՝ Թոքմաջյանը նշեց, որ ինքը և վարպետ Հովհաննես Գալեմքեարյանը Հալեպում հարևաններ էին: «Պատերազմական վերջին տարիներին շատ չէինք կարողանում դուրս գալիս բակ՝ պատահական ռումբերի բեկորներից խուսափելու համար, բայց տեսնում էի վարպետ Հովհաննեսին իր պատշգամբից փողոցը դիտելիս: Վերջին խանութն ու արհեստանոցը, որ գործում են առ այսօր, գտնվում են Սալիպե և Սուլեյմանիե թաղամասերում: Այո՛, նախարար Հրանուշ Հակոբյանը ճշգրիտ նշեց, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքներում ապրող հայ արհեստավորներն իրենց փորձը պետք է փոխանցեն հատկապես հայաստանցի մատաղ սերնդին: Համայն հայության ապագան Հայաստանում է: Ես էլ առաջարկում եմ հայ հետազոտողներին, արվեստաբաններին՝ ուսումնասիրության նյութ դարձնել պատկերագրքի վերջին էջերում բերված հայ համբավավոր արհեստավոր գերդաստանների կյանքն ու գործը», – նշեց Թոքմաջանը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed