Բուխարեստի Հայկական փողոցում անցկացվել է Ստրադա Արմենեասկա փառատոնի 3-րդ թողարկումը

Օգոստոսի 7-9-ին Բուխարեստի Հայկական փողոցում անցկացվեց Ստրադա Արմենեասկա փառատոնի 3-րդ թողարկումը:

Այն կազմակերպել էին Ռումինիայի Հայոց Միությունը և Հայ երիտասարդաց կազմակերպությունը՝ Ռումինահայոց թեմի, Ռումինիայի կառավարության միջէթնիկ հարաբերությունների վարչության, Բուխարեստի քաղաքապետարանի և ARCUB մշակութային կենտրոնի աջակցությամբ:

Երեք օր շարունակ՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, Բուխարեստի Հայկական թաղամասում` Քարտիերուլ Արմենեսկում, արդեն ձևավորված ավանդույթներով ռումին հասարակությանը ներկայացվեց հայկական մշակույթն ու ավանդույթները: Ռումինահայոց միությունը, ցանկանալով վերստեղծել Հայկական փողոցի ժամանակի շունչը, ավանդաբար փառատոնին էր հրավիրել հարևան հույն, հրեա փոքրամասնություններին և գնչուներին:

Փառատոնին հայկական ժողովրդական, ժամանակակից և ջազ երաժշտության վարպետ կատարումներով հանդես եկան Հայաստանից հրավիրված Ակն քառյակը` դուդուկահար Էմանուել Հովհաննիսյան, երգչուհի Աննա Թովմասյանը, Սուսաննա Պետրոսյանը և Կարեն Մամիկոնյան խումբը: Հայկական պարարվեստը ներկայացրեցին Գեռլայի/Արմենոպոլիսի Հայաքաղաք և Բուխարեստի Վարդավառ պարախմբերը (ղեկավարներ Էրիկա Էստեգար և Բելլա Մարտիկյան): Վարակիչ ելույթներ ունեցան գնչուական Mahala Rai Banda ու Gipsy Casual, հունական Աստերիա/Asteria և Կիմատա/Kymata պարախմբերն ու մենակատար Սիլվանա Արգիրոն/Silvana Argyro, հրեական Klezmer Band խումբը: Առաջին անգամ փառատոնն իր ներկայությամբ պատվեց և հայկական ու բալկանյան մոտիվներով փայլուն կատարումներով հանդես եկավ ռումինահայ հանրաճանաչ ջազ-վարպետ Հարրի Դավիդյանը:

Բուխարեստի երիտասարդական Rampa թատերախումբը հանդես եկավ փոքր բեմականացումներով, որոնց մեջ Վարուժան Ոսկանյանի „Շշուկների մատյան” վեպի հիման վրա Արմինե Ոսկանյանի „Տեղդմնացիրյան”/Staipelochian ներկայացումը: Բուխարեստի “Արարատ” հրատարակչությունը փողոցի ամբողջ երկայնքով փռել էր հազարավոր գրքեր, որոնք ձեռքից ձեռք խլվեցին բառացիորեն րոպեների ընթացքում:

Փառատոնն ընդգրկել էր Հայկական փողոցին հարակից Բուխարեստի հայկական համալիրի ամբողջ տարածքը` Հայկական եկեղեցին և Առաջնորդարանը, Դուդյան թանգարանը և գրադարանը, Հայկական մշակութային կենտրոնը, ուր Բուխարեստի զբոսաշրջային ընկերությունները կազմակերպել էին պարբերական խմբային այցելություններ:

Փառատոնի շրջանակներում Ռումինահայոց թեմի նախաձեռնությամբ, սոպրանո Վիկտորյա Պետրոսյանը Բուխարեստի հայկական եկեղեցում հանդես եկավ Շարականներ հոգևոր երաժշտության համերգով` երգեհոնահար Կարմեն Ասֆադուրյանի նվագակցությամբ:

Կիրակի օրը Առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի կողմից մատուցվեց Սբ.պատարագ, որին հաջորդեց եկեղեցու բակում Վարդավառի ծեսի բեմականացումը:

Դուդյան թանգարանում հայկական այբուբենի և գեղագրության մասին դասախոսություններով և գործնական դասերով հանդես եկավ Հայաստանից հրավիրված գեղագիր Ռուբեն Մալայանը: Եկեղեցու բակում հանրությանը ներկայացվեց երկու եզակի ցուցադրություն` Discover Armenia լուսանկարների միջազգային ցուցահանդեսը, ինչպես նաև Postcrossing ցուցահանդեսը` աշխարհի տասնյակ քաղաքներից ռումինահայերի և հայկական փառատոնի հասցեին ուղարկված համերաշխության բացիկների ցուցադրությամբ:

Հայկական փողոցի վրա շարված կրպակներում ներկայացված էին հայկական ձեռագործ զարդեր, խեցեղեն, գորգեր և գործվածքներ, սրբապատկերներ և նկարազարդումներ: Բացօթյա հայկական ճաշատանը կարելի էր համտեսել հայկական խորտիկներ և ավազի վրա պատրաստված ավանդական սուրճ: Առաջնորդարանի բակի մանկական անկյունում երեխաների համար կազմակերպվել էին ստեղծագործական խաղեր և աշխատանքներ:

Աճպարարներն ու ծաղրածուները շրջում էին ամենուր:

Փառատոնը հմտորեն վարում էր ռումինահայ հայտնի քաղաքական գործիչ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը` երիտասարդ Հրանտ Ջաղինյանի և Վահե Հովակիմյանի ընկերակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանը, Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի Հույների միության նախագահ, պատգամավոր Գաբրիել Զիսոպոլը:

Ստրադա Արմենեասկա փառատոնը երեք օրերին այցելել են շուրջ քսան հազար մարդ, այն շարունակաբար ցուցադրվել է առ-ցանց կենդանի ռեժիմով/live streaming, պարբերաբար հեռարձակվել ռումինական կենտրոնական հեռուստատեսության և ռադիոյի հատուկ թողարկումներով, ազդարարվել լրատվական գործակալությունների և գրավոր մամուլի միջոցով:

Տարածել`
Share

You may also like...