Բուլղարական պարբերական. «Մայրիկ» ֆիլմը «Սպի»-ից եւ «Արարատ»-ից ավելի լավն է

Ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը շատ լավ աշխատանք է, բայց այն զգայական լարվածության պակաս ունի: Այս մասին «Գլասովե» պարբերականում գրել է բուլղարացի կինոքննադատ Անդրոնիկա Մարտոնովան:

«Մարդին քաղաք, 1915 թվական: Մի անգամ երեկոյան թուրքական ոստիկանությունը տանում է բոլոր հայ տղամարդկանց: Նրանց թվում է նաեւ երիտասարդ դարբին Նազարեթ Մանուջյանը (այս դերում հանդես է եկել ծնունդով Ալժիրից ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը): Նրան կտրում են ընտանիքից. կնոջից՝ Ռաքելից (հրաշալի ընտրված դերասանու Ինդի Զառա) եւ երկվորյակ դուստրերից՝ Արսինեից եւ Լուսինեից, եւ ուղարկում անապատ՝ տաժանակիր աշխատանքի: Դիարբեքերից ոչ հեռու նա ճանապարհներ է կառուցում, որով անցնելու են հայկական տեղահանվող ընտանիքները: Նրան Հալեպում փրկում է սիրիացի օճառագործը: Այնտեղ նա իմանում է, որ իր դուստրերը ողջ են: Նրանց հետքերով Նազարեթ Մանջուրյանը Հին աշխարհից Նորն է գնում:

«Ինձ միշտ հուզել է Հայոց ցեղասպանության թեման»,- հարցազրույցներից մեկում ասել է Ֆաթիհ Աքինը: «Դեռեւս պատանեկության տարիներին, երբ առաջին անգամ լսեցի այդ իրադարձությունների մասին, նախ չկարողացա հավատալ: Ինքս ինձ հարցնում էի՝ կարո՞ղ են, արդյոք, թուրքերը նման բան անել: Այդպիսի բաց, անկեղծ մարդիկ: Չէ՞ որ թուրքերը նման չեն գերմանացիներին, որոնք սպանել են հրեաներին: Ահա թե ինչ հարցադրումներ էի անում այն ժամանակ: Երբ մարդկանց հարցնում էի այդ մասին, շատ տարօրինակ էին արձագանքում: Այդ ժամանակ ես հասկացա, որ այս թեման բազմաթիվ ստորջրյա քարեր ունի: Ես թուրք եմ, իմ երկիրը հանցագործություն է կատարել եւ պատրաստ չէ հայացք նետել անցյալին: Ցանկացած ազգի պատմության մեջ հանցանքներ կան, բայց կարեւորը դրանք խոստովանելն ու ներողություն խնդրելն է: Չնայած ես Գերմանիայում եմ մեծացել, հաճախ եմ տեսել, թե թուրքական համայնքից իմ հայրենակիցներն են ինչպես են վախենում խոսել ցեղասպանության մասին: Ինչո՞ւ նկարեցի այս ֆիլմը: Որպեսզի վերջ դնեմ լռությանը»,- պարզաբանում է նա:

«Ցեղասպանության թեման կարեւոր է ինձ եւ իմ երկրի համար: Հարկավոր է այն արտահայտել կինոյի լեզվով: Այն կինոյի, որում ես մեծացել եմ: Իմ «Սպի»-ի վրա ազդել են Դեւիդ Լինի (հատկապես «Դոկտոր Ժիվագոն») եւ Էլիա Կազանի ֆիլմերը: Կինեմատոգրաֆիան ինձ համար ոչ այնքան արվեստ է, որքան աշխարհի նորովի ընկալման հնարավորություն»,- ասում է Աքինը:

Ամեն դեպքում, նա ձգտում է թափանցել մարդկանց ներքին աշխարհ, որոնց պատկերում է: Թահար Ռահիմի աշխատանքը րաշալի է, բայց բավականաչափ զարգացած չէ դրամատուրգիայի առումով (բավական միակերպ են ներկայացված այլ գործող անձանց հետ փոխհարաբերությունները, ինչը վնաս է հասցնում հայի ամբողջական կերպարին): Բավականաչափ թույլ է ժապավենի մեջտեղի հատվածը՝ պարզեցնելով ֆիլմը, որը պետք է ավելի խորը լիներ: Ստացվել է ոչ այն է՝ պատմություն 1915 թվականի իրադարձություններից առաջ եւ հետո, ոչ այն է՝ դրամատիկական սյուժե: Եվ նույնիսկ ո՛չ Ռայներ Կլաուսմանի հրաշալի օպերատորական աշխատանքը, ո՛չ հրաշալի մոնտաժը չեն փրկում սցենարական թերությունից: Ափսոս:

Կարելի է այդ թեմայի էկրանավորման ավելի հաջող փորձեր նշել: Անկասկած, լավագույններից է Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա» (1963) դասական ժապավենը, կամ ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ»-ը՝ Կլաուդիա Կարդինալեի եւ Օմար Շերիֆի մասնակցությամբ: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը (2002) չափազանց արտիստիկ-հավակնոտ է՝ անցյալի եւ ներկայի միախառնմամբ:

Բավական լավ օրինակ է նաեւ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» (2007)՝ հայկական ծագմամբ իտալացի գրող Անտոնիա Արսլանի վեպի էկրանավորումը: Տավիանի եղբայրները սցենարում հանել են բազմաթիվ դաժան տեսարաններ եւ ավելացրել սեփականները: Նորմալ պրակտիկա է գիրքը կինոյի լեզվով ներկայացնելիս: Սակայն ֆիլմը փոքր-ինչ տուժում է ավելորդ մելոդրամայից:

Անկասկած, Ֆաթիհ Աքինը լավ գինի Հայոց ցեղասպանության թեմայի առաջին էկրանավորումը՝ «Հոգիների աճուրդը» ֆիլմը (1919, ԱՄՆ): Դա երեւում է Աքինի ստեղծած կադրերում, հատկապես՝ ժապավենի առաջին հատվածում: Այն ժամանակվա գրախոսություններում կարելի է տարբեր արձագանքներ գտնել, որտեղ բարձր են գնահատվում սյուժեի ողբերգական ուժն ու տեսարժանությունը: Ֆիլմը լայնորեն տարածվեց ոչ միայն Հյուսիսային Ամերիկայում, այլեւ Լատինականում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում: Վերականգնված ժապավենը (90 րոպեից 24-ն է մնացել) պահպանվում է Երեւանի Ցեղասպանության թանգարանում: Արժե դիտել այն: Պատահական չէ, որ 1997 թվականին լույս տեսավ նաեւ ֆիլմի ստեղծման մասին Սլայդի գիրքը:

Այս ֆիլմերի միջեւ 95 տարի կա: Բավականաչափ ժամանակ՝ տեսնելու համար, որ հարցը շարունակում է չապաքինվող վերք մնալ: Այդ խորը շերտերին կինոն չի կարող հասնել: Բայց դրա միջոցով նույնպես պետք է մաքրման եւ հաշտեցման գործընթաց սկսել: Դա անհրաժեշտ է»:

Տարածել`
Share

You may also like...